Ա. Լոպուխին
«Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Թող մոտենան քաղաքի դահիճները, և ամեն մարդ՝ իր կործանիչ զենքն իր ձեռքին»»։[1] (Սինոդական թարգ․)
Երուսաղեմի ամբարիշտ բնակչության ոչնչացումը (տեսիլքի մեջ) - 8:18-րդ համարում նկարագրված սպառնալիքը՝ տաճարն ու երկիրը պղծելու համար, այժմ Տերն Ինքն է իրականացնում: Սակայն դա Իր սեփական ձեռքով անելը պատշաճ չէր լինի Նրա համար, և այդ իսկ պատճառով էլ այստեղ հայտնվում են Նրա ծառաները: Խնամքով կատարելով բարեպաշտների առանձնացումը՝ քաղաքի բնակչությունը սպանվում է (9-րդ գլուխ), իսկ քաղաքն էլ այրվում է (10-րդ գլուխ): Աստծո հրամանը կատարվում է կայծակնային արագությամբ, սակայն մարգարեն իրավացիորեն հրաժարվում է երկնային զորության սարսափելի գործողության անմիջական նկարագրությունը հաղորդելուց. այդ գործողությունը տեղի է ունենում տեսիլքի այն կողմում, և այդ միջակայքում ընթերցողին զբաղեցնում է մե՛կ սպանվողների համար մարգարեի բարեխոսությունը (Եզեկ․ 9:8-10), և մե՛կ էլ (Եզեկ․ 10:8-22) քերովբեական կառքի նորագույն նկարագրությունը (Սմենդ)։
«Կանչեց» - Այստեղ նույնպես տեղի է ունեցել ենթակայի միտումնավոր բացթողում (տե՛ս 2:1-ին և 8:7-րդ համարների բացատրությունը։
«Իմ ականջներին» - Ինչպես 5-րդ համարում և ինչպես «իմ աչքերի առաջ» արտահայտության դեպքում (Եզեկ․ 10:2, 19), այստեղ նույնպես սույն հավելադրումը նպատակ ունի ուշադրություն հրավիրելու տեսիլքի իրական լինելու հանգամանքի վրա՝ ոչ միայն կարևորագույն, այլ նաև ավելի աննշան մանրամասների պարագաներում (Եզեկ․ 10:13):
«Բարձրաձայն» - այդ ձայնի բարձր հնչեղությունը համապատասխանում էր Խոսողի բարկության աստիճանին և տրված հրամանի կարևորությանը։
«Թող մոտենան» - Եբրայեցերենում գործածված է բայի մի ձև, որը կարող է ունենալ նաև անցյալ ժամանակի նշանակություն, ինչից էլ հետևել է սլավոներեն տարընթերցումը: Հրամայական շեշտադրությունը խոսում է այն մասին, որ Աստծո հրամանը պետք է հաղորդվի ավելի վաղ, քան կնկարագրվի այդ հրամանի արդյունքում տեղի ունեցած գործողությունը (հմմտ․ 5-րդ համար)։
«Դահիճները» - բառացիորեն՝ «այցելողները» (Վուլգաթայում՝ «visitationes»), «վրեժխնդրություն (հունարեն՝ «ἐκδίκησις») պահանջողները»։ Քանի որ դահիճ- հրեշտակները հայտնվում են ի պատասխան այս կոչին (2-րդ համար), հետևաբար շատ վերացական կլինի այստեղ տեսնել հատուկ, անձնվորված իմաստ, ինչը որ եբրայեցերենը թույլ է տալիս (Ես․ 60:17): Իմաստային այս ընկալումը պայմանավորված է նաև համատեքստին համապատասխանության անհրաժեշտությամբ․ «Ամեն մարդ (բառացիորեն՝ «տղամարդ»)՝ իր կործանիչ զենքն իր ձեռքին»։ Այդ զենքը (բառացիորեն՝ «սպանության զենք», սլավոներենում՝ «ոչնչացման անոթներ») որոշակիորեն չեն հստակեցվում ո՛չ այստեղ, ո՛չ էլ հետագայում (չնայած որ հաջորդ համարում այն կրկին հիշատակվում է)՝ և դա գուցե ա՛յն պատճառով, որ այդ զենքը տարբերվում էր մեր զենքերից և հնարավոր չէր այն նկարագրելը (այդ բառի բացատրությունը տե՛ս հաջորդող համարում)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա ականջիս բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մօտեցել է այդ քաղաքը պատժելու ժամը»: Ամէն մարդ սպանութեան գործիք ունէր ձեռքին:
(Արարատ թարգ․) Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։
(Գրաբար) Եւ աղաղակեա՛ց յականջս իմ մեծաձայն և ասէ. Մերձեա՛լ է վրէժխնդրութիւն քաղաքիդ. և իւրաքանչիւրոք զգործի սատակման ‘ի ձեռին իւրում ունէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: