Ելից գրքի մեկնություն 14։28

Ա. Լոպուխին

28-31․ Ջրերը դարձան ու ծածկեցին փարավոնի կառքերը, հեծյալներին և ամբողջ զորքին, որոնք նրանց ետևից ծովի մեջ մտան: Եվ նրանցից մեկն էլ չմնաց: [28] Իսկ Իսրայելի որդիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: Տերն այդ օրը իսրայելացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից: Եվ Իսրայելի որդիները տեսան ծովի ափ նետված մեռած եգիպտացիներին: Եվ Իսրայելը տեսավ Տիրոջ այն հզոր ձեռքը, որը Նա ցույց տվեց եգիպտացիների վրա: Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու Նրա ծառա Մովսեսին: Այն ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները Տիրոջ համար այս երգը երգեցին և ասացին․ (Սինոդական թարգ․)
   
   Նախկին անհավատությունը (Ելք 14:11-12) հրաշքի ազդեցությամբ վերափոխվում է Տիրոջ նկատմամբ հավատքի և Մովսեսի նկատմամբ վստահության (Սաղմ. 105:12): Այսպես՝ Կարմիր ծովը Տիրոջ ամենազորությամբ, իմաստությամբ և բարեգթությամբ հրեա ժողովրդի համար դարձավ հավատքի ավազան (Ա Կորնթ. 10:2): Համապատասխանաբար ծովով անցումն էլ նորկտակարանյան Մկրտության խորհրդի նախատիպն է: «Ծովը, - ասում է երանելի Թեոդորետոսը, - նմանվեց ավազանին, ամպը՝ Հոգու շնորհին, Մովսեսը՝ քահանային, գավազանը՝ խաչին, ծովն անցած Իսրայելը՝ մկրտվողներին, իսկ նրանց հետապնդող եգիպտացիները խորհրդանշում էին դևերին, փարավոնն էլ սատանայի դերն էր կատարում»:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց:
(Արարատ թարգ․) Ջրերը դարձան ու ծածկեցին փարավոնի կառքերը, հեծյալներին և ամբողջ զորքին, որոնք նրանց ետևից ծովի մեջ մտան: Եվ նրանցից մեկն էլ չմնաց:
(Գրաբար) Եւ դարձուցեալ զջուրսն, ծածկեաց զկառս եւ զհեծեալս, եւ զամենայն զաւրութիւն փարաւոնի. որ մտեալ էին զհետ նոցա ի ծով անդր. եւ ոչ մնաց ի նոցանէ եւ ոչ մի: