Ելից գրքի մեկնություն 20։22

Ա․ Լոպուխին

22-26․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. «Դուք տեսաք, թե Ես ինչպես խոսեցի ձեզ հետ երկնքից: [22] Իմ առաջ արծաթե կամ ոսկե աստվածներ մի՛ շինեք ձեզ համար: Ինձ համար հողաշեն զոհասեղան կպատրաստես և նրա վրա կմատուցես քո ողջակեզները, քո խաղաղության զոհերը, քո ոչխարները և քո եզները: Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ Իմ անունը, քեզ մոտ պիտի գամ ու քեզ պիտի օրհնեմ: Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը հղկված թող չլինեն, որովհետև եթե քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծված կլինի: Իմ զոհասեղանի վրա աստիճաններով չբարձրանաս, որպեսզի դրա վրա քո մերկությունը չերևա»: (Սինոդական թարգ․)
   
   Այս համարից սկսվում է օրենքի թելադրումը, որը Սինա լեռան վրա տրվել էր միայն Մովսեսին և նրա կողմից փոխանցվել էր ժողովրդին: Այս օրենքներին են վերաբերում Բ Օրինաց 5:5-ի խոսքերը: Առաջին պատգամը աստվածպաշտության իրականացման համար անհրաժեշտ զոհասեղանի տեղադրման վայրի ընտրության հրամանն է: Քանի որ զոհասեղանը նախատեսված է Աստծո համար (Ելք 20:24-25), ապա այն պետք է կանգնեցվի իրական աստվածպաշտության ոգով և իր վրա չպիտի կրի հեթանոսության ոչ մի նշույլ: Եվ, ամենից առաջ, նրա վրա կամ նրա մոտ չեն կարող գտնվել արձանիկներ՝ ոսկյա և արծաթյա կուռքեր, որոնք խորթ են միակ ճշմարիտ Աստծո հանդեպ հավատքին: Այս նկատառումով էլ կրկնվում է երկրորդ պատվիրանը՝ կուռք պատրաստելու արգելքով. Աստծո անտեսանելիությունը՝ «խոսում էր երկնքից» (Բ Օր. 4:36, Նեեմ. 9:13): Քանի որ հետագայում էլ հրեաները, հեթանոսներին նմանակելով, զոհասեղանի քարերի վրա կարող էին պատկերներ կերտել և երկրպագել դրանց (Ղևտ. 26:1), ուստի դրանից խուսափելու համար օրենքը պահանջում է, որ զոհասեղանը հողից սարքված լինի, իսկ եթե քարից պետք է լիներ, ապա՝ անպայմանորեն չհղկված (Բ Օր. 27:5 և այլն, Նավ. 8:31, Ա Մակ. 4:47), քանի որ դրանց վրա ավելի դժվար է այս կամ այն պատկերը նկարելը: Աստվածպաշտության համար մեկ հիմնական վայրի ժամանակավոր բացակայությունը հաշվի առնելով (Բ Օր. 12:5, 11, 21, 14:23, 16:6, 11)՝ զոհասեղանը կարող է կանգնեցվել այնտեղ, որտեղ «Աստված Իր անվան հիշատակը կդնի» (24-րդ համար), այսինքն՝ այնտեղ, որտեղ Նա ցույց կտա Իր ներկայությունը (Գ Թագ. 9:3. հրեաների՝ Քանանի երկրում բնակվելու ժամանակ աստվածպաշտության վայրի եզակիության վերաբերյալ Երկրորդումն օրինաց գրքի օրենքը ամբողջական ուժ ստացավ): Միայն այդ ժամանակ Աստծուն ընդունելի կլինի զոհասեղանի վրա մատուցված զոհը: Եվ վերջապես, ինչպես որ զոհը ծածկում է մարդու մեղքերը, այնպես էլ պետք է ծածկվի նաև  մարդու մերկությունը, որը հիշացնում է մեղքի մասին. զոհասեղանը չպետք է աստիճաններ ունենա, քանի որ դրանց վրայով բարձրանալը ի ցույց կդներ մարդու մերկությունը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այսպէս ասասցես դու տանդ Յակոբայ, եւ պատմեսցես որդւոցդ Իսրայէլի: Դուք ձեզէն տեսէք, զի յերկնից խաւսեցայ ընդ ձեզ: