Ելից գրքի մեկնություն 32։1

Ա. Լոպուխին

Երբ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսը երկար ժամանակ է, ինչ չի իջնում լեռից, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց և մեզ համար աստված պատրաստիր, որը կգնա մեր առջևից, քանի որ չգիտենք, թե ինչ է պատահել այդ մարդու՝ Մովսեսի հետ, որը մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»: [1] (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես որ պարզ է դառնում Երկրորդումն օրինացի տեքստից (Բ Օր. 9:9)՝ ժողովրդի պահանջը, թե՝ «մեզ համար աստվածներ պատրաստիր, որոնք կգնան մեր առջևից», գլուխ է բարձրացվում Մովսեսի՝ Սինա լեռան վրա գտնվելու 40 օրերի ընթացքում և կապված էր նրա երկարատև բացակայության հետ: Այդ ամենը ժողովրդին ստիպում էր մտածել, որ Մովսեսն այլևս չի վերադառնա լեռից: Քանի որ Մովսեսը հրեաների համար Աստծո ներկայացուցիչն էր (Ելք 20:1-2), ուստի նրա՝ ժողովրդի մոտ չվերադառնալը հիմք հանդիսացավ այն մտածումի համար, թե իբր Բարձրյալը լքել էր Մովսեսին (Բ Օր. 31:1-6): Նմանատիպ մոտեցման գոյության մասին վկայող հստակ նշաններն առկա են հետևյալ բառերում. «Աստվածնե՛ր պատրաստիր, որոնք կգնան մեր առջևից»: ժողովուրդը չի հավատում, որ նախկինի պես իր առջևից կգնա ամպե սյունը, որը Իսրայելի համար ծառայում էր որպես Յահվեի ներկայության և հայտնության տեսանելի նշան: Այդ իսկ պատճառով հրեաները պահանջում են Նրան փոխարինել այլ աստծո պատկերով: Տվյալ պարագայում օգտագործված եբրայերեն «էլոհիմ» արտահայտությունը, որը գործածվում է հոգնակի թվով, այս համատեքստում կիրառվում է՝ նկատի ունենալով հեթանոս աստվածներին: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ հրեաները պահանջում էին պատրաստել ոչ թե Բարձրյալի պատկերը, այլ հեթանոս աստծո: Այս մտածողությունը արդարացվում է Սաղմոսաց գրքից վերցված հետևյալ խոսքերով. «Իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի պատկերով: Մոռացան Աստծուն՝ իրենց Փրկչին, Որը մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում» (Սաղմ. 106:20-21) (Ռուսերեն Սուրբ Գրքում՝ 105:20-21):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»:
(Արարատ թարգ․) Եվ երբ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսն ուշացավ իջնել լեռան վրայից, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածներ շինի՛ր, որ առաջնորդեն մեզ, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, ով մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ինչ եղավ»:
(Գրաբար) Եւ տեսեալ ժողովրդեանն` թէ յամեաց Մովսէս իջանել ի լեռնէ անտի. կուտեցաւ ժողովուրդն ի վերայ Ահարոնի` եւ ասեն ցնա. Արի եւ արա մեզ աստուածս` որ առաջնորդեսցեն մեզ. զի այրն այն Մովսէս որ եհան զմեզ յԵգիպտոսէ, ոչ գիտեմք զի՞ եղեւ նմա: