Ելից գրքի մեկնություն 32։15

Ա. Լոպուխին

15-19․ Եվ Մովսեսը վերադարձավ ու իջավ լեռան վրայից: Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները: [15] Տախտակները գրված էին երկու կողմերից, նրանք գրված էին թե՛ մեկ և թե՛ մյուս կողմերից: Տախտակները Աստծո ձեռքի գործն էին, և գրվածքները նույնպես, որոնք փորագրված էին տախտակների վրա, Աստծո գրվածքներն էին: Եվ լսեց Հեսուն ժողովրդի աղմկող ձայնը և ասաց Մովսեսին. «Պատերազմի ձայն է բանակատեղիում»: Բայց Մովսեսն ասաց. «Սա հաղթության աղաղակի ձայն չէ, ոչ էլ՝ պարտության, այլ ես երգի ձայն եմ լսում»: Երբ որ նա մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարերը, այդժամ նա բորբոքվեց զայրութով և նետեց իր ձեռքից տախտակները, և ջարդեց դրանք լեռան ստորոտում: (Սինոդական թարգ․)
   
   Տախտակները՝ իրենց վրա գրվածքներով հանդերձ, հանդես էին գալիս որպես Աստծո և ժողովրդի միջև կնքված ուխտի փաստաթուղթ: Ժողովուրդը հաստատում է իր պատրաստակամությունը՝ իրականացնելու Աստծո կամքը (Ելք 19:8; 24:3), իսկ Տերն էլ Իր կողմից խոստանում է տալ տախտակները (Ելք 24:12), և այդպես էլ անում է (Ելք 31:18): Բայց քանի որ Իսրայելը շուտափույթ չիրականացրեց իր պարտականությունները և խախտեց ուխտը, ուստի վերացավ նաև այդ ուխտի «փաստաթղթի»՝ տախտակների գոյության կարիքը: Դրանք ջարդուփշուր են արվում: Թեոդորոս Երանելին ասում է. «Տախտակները կարծես թե իրենցից ներկայացնում էին ամուսնական պարտականության հաստատման կնիքը, սակայն հարսը, դեռևս ամուսնական առագաստ չմտած, հակվեց դեպի պոռնկությունը: Այս պարագայում Մովսեսը լիովին արդարացիորեն խզեց այդ ամուսնական պարտականությունները»:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից: Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները: Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը վերադարձավ ու իջավ լեռան վրայից: Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները: Տախտակները գրված էին երկու կողմերից, նրանք գրված էին թե՛ մեկ և թե՛ մյուս կողմերից:
(Գրաբար) Եւ դարձաւ Մովսէս` էջ ի լեռնէ անտի, եւ երկու տախտակքն վկայութեան ի ձեռս նորա: Տախտակք քարեղէնք, գրեալք յերկուց կողմանց աստի եւ անտի գրեալք: