Ելից գրքի մեկնություն 32։30

Ա. Լոպուխին

Հաջորդ օրը Մովսեսը ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք եք գործել. և այսպիսով՝ Տիրոջ մոտ պետք է բարձրանամ ձեր մեղքերը քավելու համար»: (Սինոդական թարգ․)[30]
   
   Մովսեսը Սինա լեռը բարձրանալով, քառասնօրյա պահեցողությամբ ու աղոթքով (Բ Օր. 10:18 (ռուսերեն Սուրբ Գրքում՝ 11:18)) նպատակ ուներ քավելու ժողովրդի կողմից գործված սարսափելի մեղքը: Իր նպատակը Մովսեսը հայտնում է ժողովրդի առաջ: Ժողովրդին նախապես տեղեկացնելը կարող էր մեծ նշանակություն ունենալ և՛ ժողովրդի, և՛ հենց Մովսեսի համար: Ժողովրդի մեջ այն առաջ էր բերում մեղքի գիտակցում և զղջում, որն էլ հեշտացնում էր մարգարեի միջնորդությունը: Որքան շատ էին գտնվում սրտանց ապաշխարող մարդիկ, այնքան շուտ կարող էին լսվել Մովսեսի՝ մեղքերի թողություն հայցող աղոթքները:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»:
(Արարատ թարգ․) Հետևյալ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք: Ես հիմա վեր՝ Տիրոջ մոտ պիտի ելնեմ, գուցե քավություն գտնեմ ձեր մեղքի համար»:
(Գրաբար) Եւ եղեւ ի վաղիւ անդր, ասէ Մովսէս ցժողովուրդն. Դուք մեղայք զմեղսդ զայդ զմեծ, բայց ես արդ` ելից առ Աստուած, զի ցածուցից վասն մեղաց ձերոց: