Ելից գրքի մեկնություն 32։4

Ա. Լոպուխին

Նա վերցրեց նրանց ձեռքից այդ ամենը, և դրանցով մի ձուլածո հորթ պատրաստեց՝ այն կաղապարի մեջ ձուլելով: Եվ նրանք ասացին. «Ահա, Իսրայե՛լ, քո աստվածը, որը քեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից»: (Սինոդական թարգ․)[4]
   
   Աստծո պատկերի համար հորթի տեսքն ընտրելով՝ Ահարոնը, ինչպես որ կարծում են Եկեղեցու հայրերից և վաղ շրջանի ուսուցիչներից (Փիլոն Ալեքսանդրացին, Հերոնիմոս Երանելին, Լակտանտիոսը և այլն), ինչպես նաև նորագույն շրջանի ուսումնասիրողներից շատերը, կրկնօրինակում էր եգիպտացիներին: Այս տեսակետի օգտին է խոսում այն անհերքելի փաստարկումը, համաձայն որի՝ եգիպտացիները երկրպագում էին սև ցլին՝ Ափիսին՝ Մեմֆիսում, և սպիտակ ցլին կամ Մնեվիսին՝ Հելիոպոլսում: Ընդ որում հույն հեղինակների՝ Ստրաբոնի, Պլուտարքոսի, Հերոդոտոսի վկայությունները հիմք են տալիս ենթադրելու, որ եգիպտացիներն օգտագործում էին այս սրբազան կենդանիների պատկերները ևս (չնայած եգիպտական միջավայրում առավել քիչ է հանդիպում զոոմորֆիզմը (կենդանակերպ պատկերները, ծանոթ. խմբագ.), քան հենց զոոլատրիան (կենդանապաշտությունը, ծանոթ. խմբագ.)):

   Ոսկե հորթի եգիպտական ակունքների մասին է վկայում նաև նրա պատվին իրականացված ծիսակատարության բնույթը: Բացի զոհաբերություններից՝ այդ ծիսակատարությունը բաղկացած էր նաև քեֆ-ուրախությունից, խաղերից (Ելք 32:6), պարերից (Ելք 32:19) և աղմկոտ երգերից (Ելք 32:18): Մոտավորապես նույն տեսքն ունեին նաև Իսիդա աստվածուհուն նվիրված եգիպտական տոնակատարությունները: Նկարագրելով դրանք՝ Հերոդոտոսն ասում է. «Կանանցից ոմանք հարվածում են ծնծղաներին, ուրիշները ֆլեյտա են նվագում, որոշ կանայք ու տղամարդիկ էլ երգում ու ծափահարում են»: Եվ վերջապես, ոսկե հորթի եգիպտական ակունքների մասին են վկայում նաև առաջին մարտիրոս սբ. Ստեփաննոսի խոսքերը. «Մեր հայրերն իրենց սրտերով դարձան դեպի Եգիպտոս՝ ասելով. «Մեզ համար աստվածնե՛ր պատրաստիր» (Գործք. 7:39-40):

   Քանի որ հորթը և եզը հնում զորության ու էներգիայի խորհրդանիշն էին, ուստի և ոսկե հորթի միջոցով մարմնացած ուժը հրեաներն ընդունեցին որպես այնպիսի մի ուժ, որը նրանց դուրս բերեց Եգիպտոսից. «Ահա, Իսրայե՛լ, քո աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»: Սակայն այդ ուժը նրանց աչքին (համենայն դեպս ճնշող մեծամասնութան աչքին) Բարձրյալի զորությունը չէր, և ոսկե հորթն էլ չէր ծառայում որպես Նրա պատկեր: Բացի վերը նշվածներից՝ այս խոսքերի ապացույցն են նաև Մովսեսին ուղղված Տիրոջ խոսքերը (Ելք 32:8). ոսկե հորթի պաշտամունքը նույն պաշտամունքը չէ, ինչ որ Նրա՝ Յահվեի պաշտամունքն էր (ինչպես կարող էին կարծել Ահարոնը և ժողովրդի՝ առավել նվազ թիվ կազմող հոգևոր անդամները, Ելք 32:5), Ով իբրև թե հանդես էր գալիս հորթի պատկերով, այլ հրեաների այդ պաշտամունքը հենց հորթի՛ երկրպագությունն էր: Ճիշտ այս նույն տեսակետն է արտահայտում նաև Պողոս առաքյալը՝ ոսկե հորթին պաշտողներին անվանելով «կռապաշտներ» (Ա Կորնթ. 10:7):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»:
(Արարատ թարգ․) Եվ նա վերցրեց նրանց ձեռքից և, հատիչով քանդակելով, ձուլածո մի հորթ շինեց: Եվ ասացին. «Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից»:
(Գրաբար) Եւ ընկալաւ ի ձեռաց նոցա: Եւ ձուլեաց զայն քանդակագործով, եւ արար որթ ձուլածոյ: Եւ ասեն. Այս են աստուածք քո Իսրայէլ, որ հանին զքեզ յերկրէն Եգիպտացւոց: