Ելից գրքի մեկնություն 32։7

Ա. Լոպուխին

7-8․ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Շտապի՛ր իջնել, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից: [7] Շատ շուտ խոտորվեցին նրանք այն ճանապարհից, որով ընթանալ Ես պատվիրեցի նրանց։ Իրենց համար ձուլածո հորթ պատրաստեցին և նրան երկրպագեցին, նրան զոհեր մատուցեցին և ասացին. «Ահա, Իսրայե՛լ, քո աստվածը, որը քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»: (Սինոդական թարգ․)
   
   Ոսկե հորթի պաշտամունքը կռապաշտություն էր՝ որպես առաջին պատվիրանի խախտում, և իր հոգևոր բնույթով ապականություն էր հանդիսանում (Բ Օր. 4:16): Այն ժողովրդի կողմից դավաճանություն էր իր իսկ տված այն խոստմանը, համաձայն որի հրեաները պետք է անեին այն ամենը, ինչ կասեր Աստված (Ելք 19:8, 24:7): Մինչդեռ Յահվեի հանդեպ այսպիսի վերաբերմունքով հրեաները դադարում էին լինել ընտրյալ ժողովուրդը. «Ապականվեց քո ժողովուրդը» (Բ Օր. 32:5): Եվ եթե օրենքի տվչությունը պայմանավորված էր Աստծո հանդեպ Իսրայելի ցուցաբերած որդիական վերաբերմունքով և Նրա պատվիրանների հանդեպ ցուցաբերած հավատարմությամբ, ապա, դավաճանելով Յահվեին ու կորցնելով Աստծո կողմից ընտրված ժողովուրդ լինելու հանգամանքը, հրեաների համար ինքնին ընդհատվում է նաև օրենքի տվչությունը. «Շտապի՛ր իջնել»:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտոսի երկրից:
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ. Գնա էջ դու աստի վաղվաղակի, զի անաւրինեցաւ ժողովուրդն քո` զոր հաներ յերկրէն Եգիպտացւոց.