Ելից գրքի մեկնություն 4։24

Ա․ Լոպուխին

24-26․ Ճանապարհին՝ իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին ու կամեցավ սպանել նրան: [24] Սեփորան, վերցնելով մի քարե դանակ, թլփատեց իր որդուն և թլիփը նրա ոտքերի մոտ գցելով՝ ասաց. «Դու ինձ համար մի արյունոտ փեսա ես»: Եվ Տերը հեռացավ նրանից։ Եվ այդժամ Սեփորան թլփատության պատճառո՛վ ասաց՝ «արյունոտ փեսա ես»: (Սինոդական թարգ․)

   

   Մովսեսին հայտնված նախորդ աստվածտեսությունը ավարտվեց Աստծո՝ փարավոնին պատժելու սպառնալիքով, եթե նա չկատարեր աստվածային պահանջը, ինչը շատ հավանական էր: Մովսեսն անձամբ համոզվեց այն հարցում, որ Աստծո նմանատիպ սպառնալիքները լոկ խոսքեր չէին. «Ճանապարհին՝իջևանում…Յահվեն… ուզում էր սպանել նրան»(Ելք 4:24): Քանի որ մինչև այս պահը գործող անձը Մովսեսն էր, ուստի պետք է խորհել այն մասին, որ Աստված կամենում էր խելքի բերել հենց իրեն՝ Մովսեսին, որի դեմ էր դուրս եկել, և ոչ թե նրա որդուն, ինչպես կարծում են ոմանք: Իսկ թե ինչով էր պայմանավորված Աստծո՝ Մովսեսի հանդեպ նման սպառնալից վերաբերմունքը, երևում է հետագա դեպքերի ընթացքից: Եթե մահվան սպառնալիքը ի չիք է դառնում մարգարեի որդիներից մեկի թլփատությամբ՝ «Սեփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն…և Յահվեն հեռացավ նրանից»(Ելք 4:25-26), ապա ինքնին պարզ է դառնում, որ Տիրոջ այդ վերաբերմունքի պատճառը Մովսեսի այդ որդու անթլփատությունն էր:

   Այնուհետև, դատելով այն բանից, որ թլփատությունը Սեփորան էր անում՝ կարելի է վստահորեն ենթադրել, որ անթլփատության մեղավորը հենց նա էր: Հետևելով իր ցեղի ավանդույթներին, համաձայն որոնց՝ ըստ Հովսեփիոս Փլավիոսի, տղաների թլփատությունը կատարվում էր 13 տարեկան հասակում, Սեփորան հետաձգում էր այդ ծիսակարգի կատարումը մինչև այն ժամանակը, երբ նրա որդին, ինչպես ինքն էր կարծում, կհասներ «օրինական» տարիքին: Այդ իսկ պատճառով Մովսեսը չէր իր որդու անթլփատության մեղավորը: Եվ եթե նույնիսկ մահվան վտանգին ենթարկվում է նա (Ծննդ. 17:14), այլ ոչ թե Սեփորան, ապա դա այն պատճառով է, որ նա էր ընտանիքի գլուխը:

   Թլփատությունն իրականացնելով՝ Սեփորան «Մովսեսի ոտքերի մոտ գցեց… և ասաց, թե՝ դու ինձ համար մի արյունոտ փեսա ես» (հմմտ. Ելք 4:25-26): Սեփորայի գործողությունը վկայում է նրա դժգոհության մասին, որը նաև նրա խոսքերում է հնչում. չէ՞ որ Մովսեսի հետ ամուսնությունը պատճառ է դառնում անցանկալի արյունահեղության, ինչպես նաև՝ դավաճանվում էին նրա նախնիների սովորույթները: Ելից գրքի 18-րդ գլուխը պատմում է այն մասին, որ Սեփորան իր որդիների հետ միանում է Մովսեսին արդեն հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ (Ելք 18:2-5), որից աներկբայորեն հետևում է, որ նախորդ համարներում նկարագրված դեպքերից հետո Սեփորան հեռացել էր իր հոր մոտ, իսկ Մովսեսը միայնակ էր գնացել Եգիպտոս:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան:
(Արարատ թարգ․) Եվ ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին ու կամեցավ սպանել նրան:
(Գրաբար)Եւ եղեւ ի ճանապարհի յիջավանս, պատահեաց նմա հրեշտակ Տեառն, եւ խնդրէր սպանանել զնա: