Ելից գրքի մեկնություն 6։2

Ա․ Լոպուխին

2-8․ Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. «Ե՛ս եմ Տերը: [2]Ես երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին «Ամենակարող Աստված» անունով, բայց իմ «Տեր» անունով նրանց չհայտնվեցի: Ես Իմ ուխտը հաստատեցի նրանց հետ, որ իրենց տամ Քանանի երկիրը՝ իրենց պանդխտության երկիրը, որտեղ պանդուխտ եղան: Եվ լսեցի Իսրայելի որդիների հեծեծանքը, որոնք հեծեծում էին այն պատճառով, որ եգիպտացիները ծառայեցրել էին նրանց, ու հիշեցի Իմ ուխտը: Այդ պատճառով ասա՛ Իսրայելի որդիներին. «Ես եմ Տերը, և Ես ձեզ դուրս կբերեմ եգիպտացիների ծանր լծից, ձեզ կազատեմ նրանց ծառայությունից և կփրկեմ ձեզ մեկնած բազուկով ու մեծ դատաստաններով: Ձեզ պիտի դարձնեմ Իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը: Դուք պիտի գիտենաք, որ Ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների լծից։ Ես ձեզ կտանեմ դեպի այն երկիրը, որը, իմ ձեռքը բարձրացնելով, երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին: Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն: Ես եմ Տերը»»: (Սինոդական թարգ․)
   
   Ազատագրման անխուսափելիությունը հիմնվում է խոստման անփոփոխելիության վրա: Այն Աստվածը, որը հայտնվել էր Մովսեսին, ճիշտ նույն Ամենակարող Աստվածն է (Էլ-Շադդայի), Որն Իր ինքնությունը բացահայտել է նահապետներին (տԾննդ. 17:1, 35:11), և եթե Յահվեն Իր խոսքին հավատարիմ ու անփոփոխ է, ապա Նա կկատարի Իր տված խոստումը որպես Էլ-Շադդայի՝ Ամենակարող Աստված: Վերջինս «նահապետներին ուխտեց, որպեսզի նրանց տա քանանացիների երկիրը» (Ելք 6:4, Ծննդ. 17:8, 26:3, 35:11-12), ուստի Յահվեն նույն կերպ նրանց կտանի դեպի այդ խոստման իրականացումը:
   Յահվեի և Էլ-Շադդայի ինքնությունը երաշխավորվում է երեք խոստումների կատարմամբ, որոնք են. եգիպտական ստրկությունից ազատագրումը (Ելք 6:6, Ծննդ. 15:14), հրեաներին ընտրելը որպես Աստծո ժողովուրդ (Ելք 6:7, Ծննդ. 17:7-8, Բ Օր. 4:20, 7:6) և նրանց ավետյաց երկրի շնորհումը (Ելք 6:8, Ծննդ. 17:8, 26:3, 28:13, 35:12): Այս ամենը հաշվի առնելով՝ Մովսեսն ու ժողովուրդը չպետք է հուսալքվեն: Եթե ազատագրման արդյունքում նրանք իրենց ունեցած փորձառության շնորհիվ պիտի իմանան, որ Տերն իրենց Աստվածն է, ապա այժմ էլ գալիք ազատագրման կանխագուշակումով նրանք պետք է ամուր պահեն Աստծո հանդեպ հավատքը: «Ես երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին Ամենակարող Աստծո անունով, բայց Իմ Յահվե անունը նրանց չհայտնեցի» (Ելք 6:3): Նահապետներին ուղղված Իր խոստումներում Աստված նախապատվություն տալով մատնացույց արեց Իր ամենազորությունը (Էլ-Շադդայի), որը հրեաների համար ծառայելու էր որպես Իր խոստումների իրագործման երաշխիք:
   Մովսեսի ժամանակներից սկսած՝ այդ խոստումները սկսում են իրականանալ: Նահապետների սերունդը հզոր ժողովուրդ դարձավ՝ պատրաստ Աստծո անմիջական ուղղորդությամբ ինքնուրույն քաղաքական կյանք վարելու: Եվ այժմ Աստված ցույց է տալիս Իր մեկ այլ հատկությունը՝ արտահայտված Յահվե անվան մեջ, որը Նրա անփոփոխելիությունն ու ազնվությունն է Իր խոստումները կատարելու հարցում: «Ձեզ ազատելու եմ Իմ հզոր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով» (Ելք 6:6, Բ Օր. 4:34, 5:15, 7:19), այսինքն՝ հատուցելու է պատիժներով, քանի որ հրեաները, փարավոնի թագավորությունը կործանելով, վերջինիս համար հանդես են գալու որպես պատիժ («դատաստան»): «Ձեռք բարձրացնելը» մի գործողություն է, որը կիրառվում է երդման ժամանակ՝ հաստատելու դրա անխախտելիությունը (Ծննդ. 14:22, Բ Օր. 32:40, Եզեկ. 20:23):

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ես երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին Ամենակարող Աստծո անունով, բայց Իմ Յահվե անունը նրանց չհայտնեցի:
(Արարատ թարգ․) Եվ Աստված խոսեց Մովսեսի հետ ու ասաց նրան. «Ես եմ Տերը,
(Գրաբար) Խաւսեցաւ Աստուած ընդ Մովսիսի, եւ ասէ ցնա. Ես եմ Տէր.