Ելից գրքի մեկնություն 7։11

Ա․ Լոպուխին

11-12․ Փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդությամբ այդպես արեցին: [11] Յուրաքանչյուրը գցեց իր գավազանը, ու դրանք օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազաններին: (Սինոդական թարգ․)
   
   Իր մոգերի գիտելիքներն ու արվեստը հակադրելով աստվածային ուժին, որը դրսևորվում էր Մովսեսի միջոցով՝ փարավոնը հրավիրում է իմաստուններին ու կախարդներին: «Իմաստուններ» տերմինը, եբրայերեն՝ «հախամիմ», բառացիորեն՝ «արվեստներում հմտացածներ», բնութագրում է քրմերի կաստայի դասերից մեկի ներկայացուցիչներին, իսկ «կախարդներ», եբրայերեն՝ «մեկաշեֆիմ» (ցածր, շշուկով խոսողներ) բառը մատնանշում է այն անձանց, որոնք կախարդություններ էին անում՝ մասնավորապես վնասակար կենդանիների վրա կիրառելով անհասկանալի մրմնջյուններով մոգական բանաձևեր: Այս անձինք, որոնք կոչվում էին նաև վհուկներ (եբր.՝ «խառգումիմ»), իսկ Պողոս առաքյալը նրանց անվանում է Հանես ու Համրես (Բ Տիմ. 3:8), իրենց գաղտնի, կախարդական արհեստի միջոցով նույնն արեցին, ինչը որ արեց Ահարոնը, այսինքն՝ իրենց գավազանները օձ դարձրեցին: Իսկ թե ինչպես նրանք արեցին դա, տեքստը չի նշում:
   Նորագույն շրջանի մեկնիչներն օձեր դարձած գավազանների բացատրությունը տալու համար համեմատականներ են անցկացնում հին Եգիպտոսում հայտնի և Աստվածաշնչում հիշատակվող (Ժող. 10:11) օձեր հմայելու արվեստի հետ, որի միջոցով օձերը քարանում էին, ինչի հետևանքով էլ նմանվում էին փայտերի:
   Եկեղեցու հայրերը մոգարվեստի նվաճումները վերագրում են դևերին: Եթե մոգերի կողմից օձեր դարձած գավազանները փարավոնի համար ծառայեցին իբրև փաստացի ապացույց այն բանի, որ Մովսեսը ոչ մի առավելություն չունի, ապա առաջին նշանի հաջորդ իսկ պահից, երբ Մովսեսի գավազանը կուլ տվեց մոգերի գավազանները, փարավոնն այլևս պիտի վստահ լիներ Տիրոջ ու Ամենաբարձյալի դեսպանորդի ուժի մասին, քանի որ այդ դեսպանը գործում էր հենց իր Աստծո անունից: Ինչպես երևում է եգիպտական հուշարձաններից, գավազանն ու օձերը սիմվոլներ էին, աստվածային խորհրդանիշեր ու թագավորական իշխանության ատրիբուտներ: Եվ եթե Մովսեսի գավազանը կուլ է տալիս մոգերի գավազանները, ապա սա անկասկած վկայում է այն մասին, որ Յահվեի ուժն ու իշխանությունը, Ում անունից հանդես էր գալիս Մովսեսը, բարձր է եգիպտական աստվածների իշխանությունից: Փարավոնը, իր աստվածների համեմատ Յահվեին անզոր համարելով և դրանով իսկ հարկ չհամարելով ենթարկվել հրեաներին ազատ արձակելու Նրա պահանջին, այժմ պետք է կատարեր այդ պահանջը՝ որպես ամենակարող Աստծո անունից արձակված հրաման:

--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին: Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ:
(Արարատ թարգ․) Փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդությամբ այդպես արեցին:
(Գրաբար) Եւ կոչեաց փարաւոն զիմաստունս Եգիպտացւոց եւ զկախարդս. եւ արարին գէտքն Եգիպտացւոց կախարդութեամբ իւրեանց նոյնպէս: