Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին:
Հարց. Լվացվեցեք, սրբվեցեք.
Սրանից առաջ ասաց թե. «Չեմ ներելու ձեր մեղքերը, կշտացել եմ ձեզանից, ձեր պահքը ատեցի, ձեր խունկը պիղծ է ինձ համար, քանզի ձեր ձեռքերը լի են արյամբ» (հմմտ.Եսայի 1:13-15), իսկ այժմ ինչպե՞ս է արդարության խրատ տալիս:
Պատասխան. Պատճառն այս է, որովհետև Աստված սովորաբար սպառնում է մարդկանց, որպեսզի ճշմարտության բերի և ապաշխարության կանչի: Եվ երբ դարձի են գալիս՝ նրանց առջև է դնում փրկության հույսը, ինչպես նինվեացիներին արեց: Որովհետև երբ սպառնալիքից զարհուրեցին ու դեպի բարություն դարձան, այնժամ փութով հաղթահարեց բարկությունը: Նույնպես և այստեղ է ասում. «Լվացվեցեք, սրբվեցեք», այսինքն՝ կոչում է զղջումով ապաշխարության և արտասվալից խոստովանության: Այս խոսքն ակնարկում է նաև մկրտությունը, երբ մկրտվում ենք Սուրբ Հոգով և կրակով, որպեսզի մաքրի մեղքի աղտեղությունը, ինչպես ասում է Պետրոսը. «Ապաշխարեցեք, և ձեզանից յուրքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար» (Գործք 2:38):
«Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից».
Որպեսզի երբ լսեն, թե՝ լվացվեցեք, սրբվեցեք՝ չկարծեն, որ դա վերաբերում է հրեական լվացմանը՝ ավելացնում է. Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից. սրանով ցույց է տալիս առաքինության դյուրությունը և անձնիշխան ազատությունը, որով մարդ որ կողմ կամենա՝ կարող է փոխվել: Քանի որ մկրտության լվացումից հետո հարկ է անձը մաքուր պահել, ըստ կարողության: Որի համար ասում է. Ձեր չար արարքները թոթափեցեք ձեզանից: Եվ Սողոմոնն ասում է. «Ամենայն զգուշությամբ պահիր և պահպանիր քո սիրտը» (Առակ. 4:23):
 Իմ աչքի առաջ․
Ինչպես Սողոմոնն է ասում, «Քո սրբությունը թող լինի Աստծո ամենատես աչքերի առջև, և ոչ թե կեղծավորների նման, ովքեր մարդկանց աչքին ձևացնում են, բայց ներքուստ հափշտակող գայլեր են» (հմմտ.1 Կորնթ. 3:13, Մրկ. 7:15): «Բերանով խոսում են խաղաղություն, և սրտով նենգություն են նյութում» (հմմտ. Սղմ. 3:16, Առակ. 6:18):
Ա. Լոպուխին
16-17․ Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ [16] Սովորե՛ք բարիք գործել, արդարությո՛ւն փնտրեք, օգնե՛ք զրկվածին, պաշտպանե՛ք, իրավո՛ւնք տվեք այրուն: (Սինոդական թարգ․)
Մարգարեն հանցագործությունների պատճառով աղտոտված այդ մարդկանց հրավիրում է լվացվել՝ ընդհուպ մինչև կատարյալ մաքրության (լվացվե՛ք, մաքրվեցե՛ք), այսինքն՝ ապաշխարության միջոցով և, իհարկե, Բարձրյալի օգնականությամբ (Սաղմ. 50:9) մաքրել սեփական հոգիներն ու դրանից հետո այլևս չարիք չգործել: Դա ապաշխարության «բացառող» կողմն է: Սակայն, բացի դրանից, մարդիկ պետք է դրականորեն փաստեն իրենց հետ կատարված հոգևոր վերածննդի մասին: Նրանք պետք է սկսեն բարի արարքներ գործել՝ պաշտպանել բոլոր զրկվածներին՝ հատկապես որբերին և այրիներին, որոնք համարվում են անօգնական 5։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափեցէ՛ք ձեզնից, վե՛րջ տուէք ձեր չարագործութիւններին:
(Արարատ թարգ․) Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։
(Գրաբար) Լուացարուք, սրբեցարուք. ընկեցէք զչարիս ձեր յանձանց ձերոց առաջի աչաց իմոց: դադարեցէք ի չարեաց ձերոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: