Եսայու մարգարեության մեկնություն 1։28

Ա. Լոպուխին

28-31․ Անօրեններն ու մեղավորները պիտի խորտակվեն միասին, և նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջվեն: [28] Դուք ամաչելու եք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և շիկնելու եք այն պարտեզների համար, որ ընտրել եք։ Որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։ Ուժեղ մարդը պիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն հակիրճ նկարագրում է, թե ինչ է բաժին հասնելու բոլոր անզեղջ մեղավորներին, և այդ հարցի վերաբերյալ մտքերն արտահայտում է իր ժամանակների մարդկանց համար հնարավորինս հասկանալի կերպով։

   «Բևեկնիները» (եբր.՝ «էլիմ») բևեկնի փայտերը կամ առհասարակ բարձրուղեշ և սաղարթախիտ այն ծառերն են, որոնք մինչև օրս էլ Արևելքում օգտագործվում են հատուկ սնապաշտական հավատալիքների համար:

   «Պարտեզներում», ավելի ճիշտ՝ ծառուղիներում, հրեաները պաշտամունք էին մատուցում կուռքերին (Դ Թագ. 16:4):

   Հրեաները՝ «բևեկնիներ պաշտողները», իրենք են նմանվելու բևեկնիների, միայն թե, սակայն, չորացած են լինելու կամ էլ՝ զուրկ պարտեզի ոռոգման համար անհրաժեշտ ամեն մի պարագայից:

   Ուժեղ մարդը՝ հրեան, եթե անգամ նա ամուր է, ինչպես որ բևեկնը (հմմտ. Ամ. 2:9), կդառնա չորացած, փխլված փայտիկ, իսկ նրա ձեռքի գործը կամ ստեղծածը, այսինքն՝ կուռքերը, կդառնան փոշեհատիկներ: Այս վերջին արտահայտությունը ցույց է տալիս, որ կռապաշտությունը հրեաներին կործանելու է այնպես, ինչպես կրակե փոշեհատիկը, որը, ընկնելով չոր խոտի դեզի մեջ, հրդեհ է առաջացնում:
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Բայց անօրէններն ու մեղաւորները պիտի խորտակուեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջուեն միասին:
(Արարատ թարգ․) Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։
(Գրաբար) Եւ խորտակեսցին անաւրէնք եւ մեղաւորք ի միասին. եւ ոյք թողին զՏէր` վախճանեսցին ի միասին: