Ա. Լոպուխին
«Եվ Բաբելոնը՝ թագավորությունների գեղեցկությունը, քաղդեացիների հպարտությունը, պետք է կործանվի Աստծո կողմից այնպես, ինչպես որ Սոդոմն ու Գոմորը»: (Սինոդական թարգ․) [19]
Մարերի կողմից ավերվելուց հետո Բաբելոնն ամբողջությամբ անմարդաբնակ է դառնալու: Ոչ ոք չի ցանկանա բնակվել այն վայրերում, ուր տարածվում էր այս մեծ քաղաքը, և միայն վայրի կենդանիներն ու թռչուններն իրենց համար ապաստարան կգտնեն բաբելոնյան պալատների փլատակներում:
«Բաբելոնը՝ թագավորությունների գեղեցկությունը, քաղդեացիների հպարտությունը»։ Բաբելոնական թագավորության նշանակությունը չափազանց մեծ էր: Ժամանակակից գիտությունը որպես փաստ է ընդունում այն, որ Բաբելոնը համաշխարհային մշակույթի կենտրոն է եղել: Մաթեմատիկական և աստղագիտական գիտությունների արմատը գալիս է հին Խալդիական թագավորությունից. ժամանակի այսօրվա բաժանումը սկիզբ է առել Բաբելոնում, մեր այբուբենի առաջնային հիմքերը հին բաբելոնյան սեպագիր գրերից են գալիս (Ուղղափառ աստվածաբանական հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ 11-14): Բաբելոնի առաջին բնակիչները Քամի սերունդներն էին՝ քուշետները, որոնք հրեաներին հայտնի են «կասդիմ» անվամբ, իսկ բնիկների արձանագրություններում կոչվում էին «կալդաի» (այստեղից էլ «քաղդեացիներ» անվանումը): Նրանք բաժանված էին երկու ցեղերի՝ շումերներ և աքքադացիներ: Հետագայում Բաբելոնում բնակվում են սեմական ցեղեր, սակայն նրանք ազդվեցին արդեն իսկ ձևավորված քաղդեական մշակույթից, ձուլվեցին աբորիգենների հետ ամեն հարցում՝ բացառությամբ լեզվի, և այս միաձուլումից առաջ եկավ սեմա-քուշետական այն հզոր ցեղատեսակը, որը և հիմք դրեց հայտնի միապետություններին՝ Բաբելոնին ու Ասորեստանին (նույն տեղում, էջ 16): Իր փառքի գագաթնակետին (Նաբուգոդոնոսոր արքայի օրոք) Բաբելոնական թագավորությունը տիրապետում էր հարստության այն բոլոր աղբյուրներին, որոնց միջոցով ապրում էին հին աշխարհի մշակութային պետությունները, և Բաբելոնը՝ թագավորությունների մայրաքաղաքը, դարձել էր հին աշխարհի ամենամեծ ու ամենաշքեղ քաղաքը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ Բաբելոնը, որ քաղդէացի թագաւորից փառապանծ է կոչւում, պիտի դառնայ այնպէս, ինչպէս Սոդոմն ու Գոմորը, որոնց Աստուած կործանեց:
(Արարատ թարգ․) Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։
(Գրաբար) Եւ եղիցի Բաբելովն որ փառաւորն կոչի ի թագաւորէն քաղդէացւոց. որպէս կործանեաց Աստուած զՍոդոմ եւ զԳոմոր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: