Ա. Լոպուխին
9-10․ «Այս պատճառով ես էլ Հազերի նման լաց կլինեմ Սեբիմայի որթատունկի համար, քեզ կցողեմ իմ արցունքներով՝ Եսեբոն և Ելեալա, քանի որ քո որթատունկի ու բերքի հավաքման ժամանակներից ավելի մեծ ուրախություն չկա»: [9] «Բերքառատ երկրից վերացել է ուրախությունն ու տոնախմբությունը, և խաղողի այգիներում չեն երգում ու չեն տոնախմբում, գինի քամողները հնձաններում գինի չեն քամելու. Ես դադարեցրել եմ տոնախմբությունը»: (Սինոդական թարգ․)
Այսքան հոյակապ այգիների ու դաշտերի կործանման համար ցավ ապրելով՝ մարգարեն իր արցունքները խառնում է Հազերի արցունքներին:
«Ելեալա»․ տե՛ս 15:4:
«Քանի որ․․․»։ Այս ստորադաս նախադասությունը եբրայերենից պետք է թարգմանել հետևյալ կերպ. «քանի որ ձեր բերքի բերքահավաքի ժամանակ լսվեց գինի քամողի ճիչը» (Condamin): Մովաբի թշնամին նման է գինի քամողի, որը ջանասիրաբար ճմլում է քարե տաշտի մեջ լցված խաղողը:
«Խաղողի այգիներում չեն երգում ու չեն տոնախմբում»։ Խաղողի բերքը հավաքելու ժամանակաշրջանը Պաղեստինում նույնքան ուրախալի ու բերկրալի է, որքան գինի քամելու օրերը: Բոլոր կողմերից հնչում են ուրախալի երգեր: Առհասարակ Արևելքում բերքի հավաքման ժամանակ աշխատողները միմյանց ոգևորում են բացականչություններով: Քարե տաշտերը սովորաբար բավականին մեծ էին պատրաստվում, այնպես որ այնտեղ միաժամանակ կարողանում էին աշխատել մի քանի գինի քամողներ:
«Ես դադարեցրել եմ»։ Այս խոսքերով Աստված մարգարեին ասես արգելում է կարեկցանք հայտնել մովաբացիների ճակատագրի համար:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրայ: Ո՛վ Եսեբոն եւ Ելէիլա, ձեր ծառերը կոտորուեցին, որպէսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, եւ ամէն ինչ կործանուի:
(Արարատ թարգ․) Դրա համար Հազերի լացով լաց եմ լինելու Սեբամայի որթատունկի համար, աչքերիս արտասուքով ոռոգելու եմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Եղեաղե, որովհետև դադարեց ձեր հնձի և այգեկութի աղաղակը։
(Գրաբար) Վասն այսորիկ լացուցից իբրեւ զլալիւնն յազերայ զայգիս Սեբմիայ: եւ զծառատունկն քո կոտորեաց Եսեբոն եւ Ելիլայ: զի զհունձս քո եւ զկութս քո կոխեցից, եւ ամենեքեան կործանեսցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: