Եսայու մարգարեության մեկնություն 19։23

Ա. Լոպուխին

23-25․ «Այն օրը Եգիպտոսից դեպի Ասորեստան մեծ ճանապարհ է լինելու, և ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ՝ Ասորեստան, ու եգիպտացիները ասորեստանցիների հետ միասին պիտի ծառայեն Տիրոջը»: [23] «Այն օրը Իսրայելը Եգիպտոսի ու Ասորեստանի շարքում երրորդը պիտի լինի, oրհնություն պիտի լինի այն երկրում։ Որին օրհնելու է Զորությունների Տերը՝ ասելով. «Օրհնյալ լինի Իմ ժողովուրդը՝ եգիպտացիները, ու Իմ ձեռքերի գործը՝ ասորեստանցիները, և Իմ ժառանգությունը՝ Իսրայելը»: (Սինոդական թարգ․)
   
   «Այն օրը», ակնհայտ է՝ Մեսիայի ժամանակաշրջանում:

   «Մեծ ճանապարհ»։ Այսպիսի ճանապարհ վաղուց արդեն գոյություն ուներ: Այն Եգիպտոսից արևելյան Պաղեստինով ու Սիրիայով ձգվում էր դեպի Միջագետք (Ծննդ. 37:25): Սակայն այստեղ մարգարեն ակնհայտորեն «ճանապարհ» բառը կիրառում է փոխաբերական իմաստով: Նա ցանկանում է ասել, որ եգիպտացիներն ու ասորեստանցիները, որոնք մարգարեի ապրած ժամանակներում մշտապես պայքարում էին միմյանց դեմ Փոքր Ասիային տիրելու համար, Մեսիայի օրոք միմյանց հանդիպելու են միմիայն խաղաղ նպատակներով, այլ ոչ թե պատերազմելու համար:

   «Պիտի ծառայեն Տիրոջը։ Եգիպտոսին ու Ասորեստանին գլխավորապես միավորելու է համընդհանուր հավատքը (հմմտ. 11:6 և այլն):

   «Իսրայելը երրորդը պիտի լինի։ Հրեաները նույնպես մշտական պայքարի մեջ էին մե՛կ Եգիպտոսի, մե՛կ Ասորեստանի հետ: Մեսիայի ժամանակներում Իսրայելը հոգևոր մեծ դաշինք է կնքելու իր նախկին թշնամիների հետ:

   «Օրհնություն», ըստ Condamin-ի թարգմանության՝ այստեղ հարկ էր ավելացնել «ինչպես» մասնիկը: Իսրայելը կլինի ինչպես օրհնությունը, այսինքն՝ աստվածային օրհնություն ստանալու միջնորդ ամբողջ աշխարհի համար (հմմտ. Ծննդ. 12:2 և այլն): Կարևոր է նշել, որ եգիպտացիներն այստեղ կոչվում են «Իմ ժողովուրդ»՝ անվանում, որը նախկինում տրվում էր միայն հրեաներին:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այն օրը Եգիպտոսից դէպի Ասորեստան ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մօտ. եգիպտացիները պիտի ծառայեն ասորեստանցիներին:
(Արարատ թարգ․) Այդ օրը մի պողոտա է լինելու Եգիպտոսից դեպի Ասորեստան, և ասորեստանցին գալու է Եգիպտոս, եգիպտացին՝ Ասորեստան, և եգիպտացիներն ասորեստանցիների հետ միասին են պաշտելու։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցին ճանապարհ եգիպտացւոցն առ Ասորեստանեայս. եւ մտցեն ասորեստանեայքն յԵգիպտոս, եւ եգիպտացիքն երթիցեն առ Ասորեստանեայս. եւ ծառայեսցեն եգիպտացիքն ասորեստանեայցն: