Եսայու մարգարեության մեկնություն 22։1

Ա. Լոպուխին

Մարգարեություն տեսիլքի հովտի մասին։ Ի՞նչ է կատարվում քեզ հետ, ինչո՞ւ ես դու ամբողջությամբ բարձրացել տանիքները։ (Սինոդական թարգ․) [1]
   
   Համարներ 1-14: Մարգարեն Երուսաղեմին հայտնում է Աստծո ահարկու դատաստանի մասին։ Քաղաքը ոչ ոք չի պաշտպանում, հուդայական բանակը կործանված է, և թշնամիներն արդեն սպառնում են Հուդայական թագավորության մայրաքաղաքին։ Այնուամենայնիվ Երուսաղեմի բնակիչները կազմակերպում են քաղաքի պաշտպանությունը՝ չցանկանալով օգնության դիմել Բարձրյալին, Ով էլ հենց իրականում նրանց վրա էր ուղարկել այս ահարկու փորձությունը։ Իսկ մնացածներն ամբողջովին հուսահատվել էին ամեն տեսակի փրկությունից և խելահեղ տոնակատարությունների մեջ էին անցկացնում իրենց ժամանակը։ Հրեաների այս խստասրտությունը Տերը չի ներելու նրանց։

   «Տեսիլքի հովիտ»։ Ինչպես երևում է 9-րդ և 10-րդ համարներից, մարգարեն այստեղ ի նկատի ունի Երուսաղեմը։ Այն «հովիտ» (ավելի ճիշտ՝ «ավազան») է անվանվում այն պատճառով, քանի որ շրջապատված էր բարձր լեռներով (Սաղմ․ 124։2, հմմտ․ Եր․ 21։13)։

   «Տեսիլք»։ Այստեղ Երուսաղեմը համարվում է այն վայրը, որտեղ մարգարեն Աստծուց տեսիլք կամ հայտնություն էր ստացել։

   «Բարձրացել տանիքները»։ Ակնհայտ է, որ մարգարեի մատնանշած ժամանակահատվածում Երուսաղեմի մոտակայքում եղած լեռների վրա արդեն իսկ երևում էին թշնամական (ասորեստանյան) զորքի ջոկատները, որոնք շարժվում էին դեպի հարավային Հուդա (Դ Թագ․ 18։13-14)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ ինչո՞ւ դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք:
(Արարատ թարգ․) Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա ի՞նչ եղավ, որ ամենքդ բարձրացել եք կտուրները։
(Գրաբար) Զի՞ դու. զի՞ ընդ քեզ. զի՞ ելէք դուք այժմ ամենեքեան ի տանիս նանրութեան: