Եսայու մարգարեության մեկնություն 22։4

Ա. Լոպուխին

4-5․ Այդ պատճառով ասում եմ․ «Թողե՛ք ինձ, ես դառնությամբ լաց կլինեմ, մի՛ փորձեք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման համար։ [4] Քանզի տեսիլքի հովտում Տիրոջ՝ Զորությունների Աստծո կողմից խռովության, ոտնահարության և շփոթության օր է։ Կոտրում են պարիսպը, և ձայնը հասնում է լեռներին»։ (Սինոդական թարգ․)
   
   «Իմ ժողովրդի դուստրը», այսինքն՝ իմ հայրենակիցները՝ Հրեաստանի տարբեր քաղաքների բնակիչները։

   «Կոտրում են պարիսպը» – ամենայն հավանականությամբ իրենք՝ Երուսաղեմի  բնակիչներն են կոտրում պարիսպը, որպեսզի տեղ-տեղ կառուցեն նոր պարիսպներ՝ խարխլվածների փոխարեն։

   «Լեռներին» -  Condamin-ի ընթերցմամբ՝ «լեռան վրա»։ Երուսաղեմյան պարիսպը ձգվում էր այն լեռան ստորոտով, որի վրա գտնվում էր տաճարը։ Այժմ քաղաքի ներքևում աշխատողների ձայնն այնքան բարձր էր, որ հասնում էր մինչև Սիոն լեռան գագաթը և խանգարում էր տաճարում եղող աստվածապաշտությանը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ ասացի. «Թո՛յլ տուէք ինձ՝ դառնօրէն լաց լինեմ, մի՛ աշխատէք ինձ մխիթարել իմ ժողովրդի դստեր կործանման առիթով»:
(Արարատ թարգ․) Դրա համար ասացի. «Աչքերդ դարձրե՛ք ինձանից, դառնորեն լաց եմ լինելու իմ ժողովրդի դստեր կործանման համար. մի՛ աշխատեք մխիթարել ինձ»։
(Գրաբար) Վասն այսորիկ ասացի, թոյլ տուք ինձ լացից դառնապէս. մի բռնադատէք մխիթարել զիս ի վերայ բեկման դստեր ազգի իմոյ: