Եսայու մարգարեության մեկնություն 28։21

Ա. Լոպուխին

21-22․ Քանի որ Տերը վեր է կենալու, ինչպես Փարասին լեռան վրա, բարկանալու է, ինչպես Գաբավոնի հովտում, որպեսզի կատարի Իր գործը, արտասովոր գործը, և կիրականացնի Իր աշխատանքը, Իր հրաշալի աշխատանքը։ [21] Այսպիսով՝ մի՛ հայհոյեք, որպեսզի ձեր կապանքներն ավելի ամուր չդառնան, քանի որ ես լսեցի Տիրոջից՝ Զորությունների Աստծուց, որ ամբողջ երկրի համար ոչնչացում է սահմանված։ (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելն ինքը շուտով կհայտնվի այնպիսի իրավիճակում, որում մի ժամանակ գտնվում էին նրա թշնամիները։ Մարգարեն նախևառաջ հիշում է այն պարտությունը, որը կրեցին փղշտացիները Բաաղփարասինի մոտակայքում՝ Դավթի կողմից (Բ Թագ. 5։20, Ա Մնաց. 14։11): Երկրորդ հերթին՝ մարգարեն վերհիշում է այն կարկտի մասին, որով Տերը Հեսու Նավեի օրերում՝ Գաբավոնի մոտակայքում, հարվածեց Իսրայելի թշնամիներին (Հս. 10։10-11)։

   Մարգարեն «արտասովոր» ու «հրաշալի» է կոչում հրեաների պատիժը, որովհետև իրականում հրեաները ոչ մի կերպ չէին սպասում, որ Տերը նրանց հետ կվարվի այնպես, ինչպես երբևէ վարվել էր իրենց թշնամիների հետ։

   «Ձեր կապանքները» - այսինքն՝ այն դժվարին իրավիճակը, որի մեջ դուք գցել եք ձեր պետությանը ձեր իսկ քաղաքական հնարքների պատճառով։

   «Ոչնչացում է սահմանված…»: Տե՛ս. Ես. 10:23։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէրը, բարկութեամբ լի, յառնելու է Գաբաւոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը, դառն գործը, քանզի նրա բարկութիւնը օտարի պէս է դատելու, եւ օտարի պէս է վրայ հասնելու նրա դառնութիւնը:
(Արարատ թարգ․) Քանզի Տերը կանգնելու է, ինչպես Փարասին լեռան վրա, և բորբոքված բարկանալու է, ինչպես Գաբավոնի ձորում էր, որպեսզի կատարի իր գործը. օտարոտի է նրա գործը. կատարի իր պաշտոնը, իր արտասովոր պաշտոնը։
(Գրաբար) իբրեւ զլեառն ամպարշտաց: Յարիցէ Տէր իբրեւ ի ձորն գաբաւոնացւոց լի բարկութեամբ. գործիցէ զգործ իւր գործ դառնութեան: զի սրտմտութիւն նորա աւտարաբար դատեսցի, եւ դառնութիւն նորա աւտարաբար հասցէ: