Ա. Լոպուխին
5-8․ Քո բազմաթիվ թշնամիները կլինեն մանր փոշու նման, և ահարկուների ոհմակը՝ ինչպես մաղվող մղեղը, և դա տեղի կունենա հանկարծակի, մեկ ակնթարթում։ [5] Զորությունների Տերը կայցելի քեզ ամպրոպով և երկրաշարժերով ու բարձր ձայնով, փոթորկով և մրրիկով ու ամեն ինչ լափող կրակի բոցով։ Եվ ինչպես երազ, ինչպես գիշերային երազատեսություն է լինելու Արիելի դեմ պատերազմող բոլոր ժողովուրդների բազմությունը, ինչպես նաև նրա ու նրա ամրությունների դեմ դուրս եկած ամենքը և նրան կաշկանդողները։ Եվ ինչպես քաղցածին է երազում երևում, թե իբր նա ուտում է, սակայն նա արթնանում է, և նրա հոգին նիհար է, ու ինչպես ծարավ մարդն է երազում տեսնում, թե իբր ջուր է խմում, սակայն արթնանալով՝ ահա նա պապակվում է, և նրա հոգին ծարավ է, հենց այդ էլ սպասվում է բոլոր ժողովուրդների այն բազմությանը, որոնք պատերազմի են դուրս գալիս Սիոն լեռան դեմ։ (Սինոդական թարգ․)
Հրեաների թշնամիները, սակայն, կարճ ժամանակ միայն պետք է տոնեն իրենց հաղթանակը․ նրանք շատ արագ, մեկ ակնթարթում կհեռացվեն քաղաքի պարիսպների մերձակայքից, ինչպես մանր փոշի կամ էլ մղեղ՝ քամու կողմից քշված լինելով․ «Տերը կայցելի քեզ»։ Մարգարեն Երուսաղեմին է դիմում Աստծո շնորհաբեր այցելության կամ Աստծո փրկության խոստմամբ (հմմտ․ Ես․ 24:22), որն իրականություն կդառնա, երբ Տերն Իր զայրույթը կուղարկի Երուսաղեմի թշնամիների վրա։
7-րդ համարում «Արիել» արտահայտությունը հավանաբար «սուրբ քաղաք» իմաստն է արտահայտում՝ կիրառվելով «Աստծո զոհասեղան» կամ «օջախ» նշանակությամբ։
Մարգարեն չափազանց կենդանի է պատկերում ասորեստանցիների հիասթափության պատկերը, ա՛յն ասորեստանցիների, որոնք արդեն կարծում էին, թե Երուսաղեմն իրենց է պատկանում․․․ Սկզբում մարգարեն ասում է, որ Երուսաղեմի դեմ ասորեստանցիների հարձակումը հրեաների վրա մղձավանջի տպավորություն կթողնի (համար 7-րդ), իսկ հետո մատնացույց է անում այն իրողությանը, որ ասորեստանցիների բանակի կազմի մեջ մտնող ժողովուրդների բազմությունը ցավով պիտի տեսնի, որ Երուսաղեմի հարստության մեջ բնակվելու իրենց բոլոր հույսերն ապարդյուն դուրս եկան։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ամբարիշտների մեծութիւնը պիտի դառնայ անուի փոշու նման, քեզ զրկողների բազմութիւնը՝ մաղուած խնկի պէս:
(Արարատ թարգ․) Մանր փոշու նման կլինի քո օտարականների բազմությունը, և անցնող մղեղի նման՝ բռնավորների բազմությունը, և դա կլինի հանկարծակի, մեկ վայրկյանում։
(Գրաբար) Եւ եղիցի իբրեւ զփոշի անուոյ մեծութիւն ամպարշտաց. եւ իբրեւ զունգ մաղեալ բազմութիւն զրկողացն քոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: