Ա. Լոպուխին
15-17․ Քանի որ այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը․ «Եթե դուք մնայիք տեղում և հանգստության մեջ, ապա կփրկվեիք, ձեր ամրությունը լռության և վստահության մեջ է, սակայն դուք չցանկացաք։ [15] Եվ ասացիք․ «Ո՛չ, մենք ձիերով կփախչենք», - և այդ իսկ պատճառով էլ պիտի փախչեք, ասացիք՝ «մենք արագընթացներով կհեռանանք», - այդ իսկ պատճառով էլ հետապնդողները ձեզանից ավելի արագընթաց պիտի լինեն։ Մեկի սպառնալիքից հազարը կփախչեն, հինգ հոգու սպառնալիքից այնպես կփախչեք, որ ձեր մնացորդացը կլինի լեռան գագաթին ցցված ձողի և բլրի վրա եղող դրոշակի նման։ (Սինոդական թարգ․)
Հրեաներին սարսափելի պարտություն է սպասվում, չնայած Եգիպտոսի հետ նրանց կնքած դաշինքին։ Սակայն Բարձրյալը՝ որպես արդարության Աստված, Հուդային կրկին կպարգևատրի Իր ողորմությամբ ա՛յն բանից հետո, երբ Հուդան կուղղվի և իր տանջանքներով կքավի իր մեղքերն Աստծո առաջ։ Այն ժամանակ Տերն Իր ժողովրդին պտղաբերություն կշնորհի՝ որպես անհրաժեշտ պայման խաղաղ կյանքի համար։
«Եթե դուք մնայիք տեղում․․․» - ակնհայտ է, որ հրեաներն այդ ժամանակ ծրագրում էին գրոհել ասորեստանցիներին պատկանող շրջանների վրա։
«Կփախչենք․․․կհեռանանք» – հավանաբար ավելի ճիշտ կլինի այսպես․ «Կշտապենք, կփախչենք»։ Հրեաները հույսները դրել էին ձիերի և մարտակառքերի վրա, որոնք նրանք կարող էին վերցնել եգիպտացիներից։
«Ցցված ձողի նման․․․» – եբրայեցերենում՝ «մայրու փայտի կամ էլ մայրուց պատրաստված կայմի նման»։ Այստեղ մարգարեն ցույց է տալիս այն, որ Իսրայելի մնացորդացը թվով շատ քիչ է լինելու և նմանվելու է միայնակ կանգնած կայմի։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. «Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ որտեղ ես գտնւում»: Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը: Դուք չէիք կամենում լսել,
(Արարատ թարգ․) քանզի այսպես է ասում Տեր Աստված՝ Իսրայելի Սուրբը. «Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը»։ Բայց դուք չեք ուզում։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր Տէր սուրբն Իսրայէլի. յորժամ դարձցիս եւ յոգոց հանիցես, յայնժամ կեցցես, եւ
գիտասցես` թէ ուր իցես: Զի յուսացեալ էիր դու ի սնոտիսն, սնոտի եղեւ եւ զաւրութիւն ձեր: եւ ոչ կամէիք լսել.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: