Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը:
Այն օրը լուսնի լույսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը պետք է լինի յոթնապատիկ շատ.
Սա հրեաների համար չեղավ զգալիորեն, ոչ էլ ըստ այս խոսքի. «Թող ջուր բխի բոլոր լեռների վրա»: Այլ երբ կործանվեց Սենեքերիմի բանակը, լույսը բազմապատկվեց նրա՛նց վրա, ովքեր պաշարման խավարի մեջ էին (Դ Թագ. 19): Եվ նրանց բարի լուրը տարածվեց բովանդակ տիեզերքով մեկ: Իսկ մեզ վրա լույս ծագեց ոչ միայն յոթնապատիկ, այլև՝ բյուրապատիկ՝ արեգակից ավելի, և առհասարակ լուսավորվեցին մեր ներքին և արտաքին աչքերը, բժշկվեցին մեր հոգիների ու մարմինների ցավերը, և ամենուրեք կենդանի ջուր բխեց, այսինքն՝ Քրիստոսի վարդապետության ուսմունքը հորդեց ամբարշտությամբ լեռնացած հեթանոսների մեջ: Դարձյալ, լուսնի լույսը հին օրենքն է. մարգարեները, որ արդարության արեգակի ծագումից առաջ անկատար էին, Բանի գալստյան ժամանակ կատարելացան ու իրենց զորությամբ նմանվեցին Ավետարանի: Իսկ արեգակի լույսը Ավետարանն է, որ յոթնապատիկ ավելի պայծառ է, քան արարչության օրերի լույստը, քանզի այնտեղ մարդը հողից արարվեց, իսկ այստեղ հողեղեն մարդը աստվածացավ և նստեց Հայր Աստծո աջ կողմը: Դարձյալ, վախճանին, երբ երկինքը, երկիրն ու բոլոր տարրերը նորոգվեն, նմանապես երբ լուսատուներն առավել պայծառանան, քան այժմ են, լուսինը կլինի արեգակի նման, իսկ արեգակը կպայծառանա յոթնապատիկ ավելի:
Ա. Լոպուխին
Եվ լուսնի լույսն արեգակի լույսի պես է լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի՝ յոթ օրվա լույսի չափ, ա՛յն օրը, երբ Տերը կկապի Իր ժողովրդի վերքը և կբժշկի նրան հասցված խոցերը։ [26] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 30:18
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը:
(Արարատ թարգ․) լուսնի լույսն արեգակի լույսի պես են լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի, յոթ օրվա լույսի չափ, այն օրը, երբ Տերը կկապի իր ժողովրդի վերքը և կբժշկի նրա կրած հարվածի խոցը։
(Գրաբար) Եւ եղիցի լոյսն լուսնի իբրեւ զլոյս արեգական, եւ լոյսն արեգական եւթնպատիկ եղիցի իբրեւ զլոյս աւուրցն եւթանց: Յաւուր յայնմիկ բժշկեսցէ Տէր զբեկումն ժողովրդեան իւրոյ, եւ զցաւս վիրաց քոց բժշկեսցէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: