Եսայու մարգարեության մեկնություն 30։27

Ա. Լոպուխին

27-28․ Ահա՛, Տիրոջ անունը հեռվից է գալիս, այրվում է Նրա ցասումը, և Նրա բոցն ուժեղ է, Նրա շուրթերը վրդովմունքով են լցված, և Նրա լեզուն նման է խժռող կրակի։ [27] Եվ Նրա շունչը նման է հորդահոս հեղեղատի, որը բարձրանում է նույնիսկ մինչև պարանոցը, որպեսզի բաժանի ժողովուրդներին մինչև նրանց սպառվելը, և ժողովուրդների ծնոտներին մոլորության տանող սանձ է լինելու։ (Սինոդական թարգ․)
   
   Հուդայի թշնամիներին Տերն ամենաանգութ ձևով է պատժելու, և հրեաներն այդ ժամանակ պետք է ցնծան։ Հուդայի գլխավոր թշնամու՝ Ասորեստանի թագավորի համար նույնիսկ նրա մարմինն այրելու վայրն է արդեն պատրաստվել։

   «Տիրոջ անունը հեռվից է գալիս»։ «Անուն» արտահայտությունը Սուրբ Գրքում հաճախ օգտագործվում է դեմք կամ անձ մատնացույց անելու նշանակությամբ։ Այսպես, «անուն տալ» արտահայտությունը հավասարազոր է «արարած ստեղծել» արտահայտությանը։ Օրինակ․ «Ես քեզ անունով եմ կանչել»,-  այսպես է Աստված դիմում Իսրայելին (Ես․ 43։11)։ Սա նշանակում է, որ Տերն Իսրայելին ստեղծել է որպես ժողովուրդ։ Այնուհետև՝ Եսայու մարգարեության 9-րդ գլխի 6-րդ համարում, Մեսիայի էությունն ու արժանապատվությունն արտահայտվում են Նրա անունների միջոցով։ Բաբելոնացիների մոտ նույնպես անվան արտահայտումը համապատասխանում էր այն կրողի անձի հետ։ Երբ որ բաբելոնացի մոգն իմանում էր անձի անունը, ապա համարում էր, որ այդ անձն իր իշխանության տակ է։ Եթե մեկն իմանում էր որևէ մի աստծո անունը, ապա նա, ըստ բաբելոնական պատկերացման, կարող էր այդ աստծուն ստիպել՝ կատարելու իր կամքը։ Այդպես նաև Եսային է այժմ ակնհայտորեն ցանկանում ասել, որ նա տեսնում է, թե ինչպես է Տերն Ինքը գալիս դատաստանի՝ բացահայտելով Իր սրբությունն ու արդարադատությունը։ Այստեղ անգամ կարելի է ակնարկ նկատել Մեսիայի անձի վրա, Ում Հայրը՝ որպես աշխարհի Դատավոր, Իր բոլոր իրավունքները հանձնել է Նրան (Հովհ․ 5։22)։

   «Բաժանի ժողովուրդներին մինչև նրանց սպառվելը», այսինքն՝ ժողովուրդներին այնպե՜ս քամել, մինչև որ նրանց միջի անպետք տարրերը հօդս ցնդեն։

   «Մոլորության տանող սանձ»։ Այս խոսքերով մարգարեն ցույց է տալիս այն, որ հեթանոսական ժողովուրդները ստիպված են լինելու թողնել իրենց նախկին ճանապարհները և ընթանալ այնպիսի ուղով, որը նախկինում իրենց սխալ էր թվում։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը: Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն,
(Արարատ թարգ․) Ահա Տիրոջ անունը գալիս է հեռվից՝ նրա բորբոքված բարկությամբ ու ծանր ծխի մեջ. նրա շուրթերը լի են ցասումով, և նրա լեզուն լափող կրակի պես է։
(Գրաբար) Ահաւասիկ անուն Տեառն գայ յամայր ամս, յետ բազում ժամանակաց. վառեալ բարկութեամբ` եւ լի փառաւք: բանք շրթանց նորա, եւ բանք բերանոյ նորա լի բարկութեամբ. եւ բարկութիւն սրտմտութեան նորա իբրեւ զհուր կերիցէ: