Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ:
Երկինքը մագաղաթի նման գալարվելու է։
Սա ոչ թե նշանակում է, որ հաստատության վարագույրը գալարվելու է, որպեսզի իբր թե երևա վերին հանդերձյալ աշխարհը, ինչպես ոմանք են կարծում այս տողերի առթիվ, այլ մարգարեի խոսքերը նշանակում են, որ ծալված մագաղաթի նման խոնարհվելու են երկնքի բոլոր հրեշտակները՝ դատաստանի համար Տիրոջ հետ երկնքից վար իջնելով: Կամ ինչպես մագաղաթը գալարվելով՝ նվազում ու մարում է, այդպես էլ արեգակի լույսը նվազելու է և անտեսանելի է դառնալու հոգևոր լույսի պայծառության պատճառով: Մագաղաթ է ասում և ոչ թե այլ նյութ, քանզի երբ կրակը մոտեցնում ենք մագաղաթին, այն գալարվում է․ նույն կերպ նաև երկինքն է գալարվում այն ժամանակ, երբ երկինքն ու երկիրը կրակով են վառվում: Այդ մասին են վկայում նաև աստղերի թափվելը, քանզի աստղերը խամրելու են արդարության Արեգակի ու Նրա սրբերի զորավոր ծագումից, քանզի վերջիններս փայլելու են արեգակի նման, ինչպես ասում է Տերը (Մատթ. 13։43): Եվ ինչպես օրինակ արևի ծագելու ժամանակ ճրագի կամ աստղերի լույսը ոչ թե կորչում, այլ ծածկվում է, նույնպիսին կլինի նաև վախճանի ժամանակ լուսատուների վիճակը: Չէ՞ որ եթե «անլուսատուները» սկսեն լուսավորվել, ապա որքա՜ն ավելի պայծառ կշողան լուսատուները, համաձայն այն խոսքի, որ սկզբից ասվեց. «Լուսնի լույսը լինելու է արեգակի լույսի նման և արեգակինը՝ յոթն անգամ ավելի» (Ծննդ. 1։16):
Ասում է՝ որթատունկի տերևի նման, որովհետև ինչպես տերևներն են իրենց ժամանակին թափվում, նույնպես վախճանի վերջին ժամանակներում ծածկվելու են լուսատուները:
Ա. Լոպուխին
Եվ հալվելու են երկնային բոլոր զորքերը, և երկինքը պիտի գալարվի մագաղաթի պես, և նրանց բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատնկից, և ինչպես որ չորացած թուզը՝ թզենուց։ [4] (Սինոդական թարգ․)
«Երկնային զորքերը» կամ աստղերը հալվելու են այնպես, ինչպես որ կրակի տապից հալվում է թուղթը կամ որևէ այլ նյութ։
«Երկինքը պիտի գալարվի»։ Եբրայերենում «երկինք»՝ ‘‘rakiaf’’ բառը նշանակում է «ահռելի տարածություն»։ Այդ տարածությունը պիտի փոքրանա և փոխակերպվի հրի այն միևնույն այրող ազդեցությունից, ինչպես որ թուղթն է տաքությունից սկսում գալարի տեսք ստանալ։
«Նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն»։ Այստեղ մարգարեն կարծես թե դարձյալ ի նկատի ունի հրի զորությունը, որն այրում է, օրինակ՝ ծառը, և ստիպում է դրա տերևներին ցած թափվել։ Իսկ ինչո՞ւ է մարգարեն խոսում նաև լուսատուների դատաստանի մասին։ Դա կարելի է բացատրել նախնիների այն հավատալիքով, որ լուսատուները մեծ ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա և, հետևաբար, մասամբ պատասխանատու են նաև նրանց բոլոր հանցագործությունների համար։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Երկնային բոլոր զօրութիւնները պիտի հալուեն, երկինքը մագաղաթի պէս պիտի գալարուի, բոլոր աստղերը ցած պիտի թափուեն ինչպէս որթատունկի տերեւ կամ ինչպէս թզենուց վայր ընկնող տերեւ:
(Արարատ թարգ․) Պիտի հալչեն երկնքի բոլոր զորքերը, մագաղաթի պես պիտի գալարվի երկինքը, նրա բոլոր զորքերը ցած պիտի թափվեն, ինչպես որ տերևն է թափվում որթատունկից, ինչպես չորացած թուզը՝ թզենուց։
(Գրաբար) Եւ հալեսցին ամենայն զաւրութիւնք երկնից. եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամենայն աստեղք թաւթափեսցին իբրեւ զտերեւ յորթոյ` եւ որպէս անկանի տերեւ ի թզենւոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: