Եսայու մարգարեության մեկնություն 38:18

Ա. Լոպուխին

18-20. Որովհետև դժոխքը չէ, որ փառաբանում է Քեզ, մահը չէ, որ պիտի օրհնաբանի Քեզ, գերեզման իջնողները չէ, որ ապավինում են Քո ճշմարտությանը։ [18] Ապրողը, միայն ապրողն է Քեզ փառաբանելու, ինչպես որ ես՝ այսօր․ հայրն իր որդիներին պիտի հայտնի Քո ճշմարտությունը։ Տերը կփրկի ինձ, և մենք մեր կյանքի բոլոր օրերում իմ լարավոր նվագարանների ձայնակցությամբ երգեր ենք երգելու Տիրոջ տան մեջ։ (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ մեջբերվում է հինկտակարանյան գրողների համար ընդհանուր այն միտքը, որ մեռյալների վիճակը լիակատար անտարբերություն է ենթադրում ցանկացած մեծության և, մասնավորապես, Աստծո գործերի նկատմամբ, որոնք տեղի են ունենում երկրի վրա (հմմտ. Սղմ. 6:6, 87:11-13, 113:25-26): Մինչդեռ կենդանի մարդը, ընդհակառակը, իր աստվաճահաճո կյանքով միշտ կարող է փառաբանել Աստծուն և առաքինությունների ճանապարհի վրա դնել նաև իր երեխաներին։ Եզեկիան խոստանում է Աստծուն օրհնաբանել նաև տաճարային երգերով, և իր այդ խոստումը նա կատարում է՝ նվագախմբեր կազմելով ղևտացիների մասնակցությամբ (հմմտ. Բ Մնաց.  29:30):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Գերեզմանում գտնուողները չէ, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ, եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում:
(Արարատ թարգ․) Մեռելների աշխարհը քեզ չի գովերգի, մահը քեզ չի օրհնաբանի, քո հավատարմության վրա հույս չեն դնի գուբն իջնողները։
(Գրաբար) Զի ոչ թէ որ ի դժոխս են` խոստովան առնիցին առ քեզ. եւ ոչ մեռեալք աւրհնեսցեն զքեզ, եւ ոչ յուսասցին յողորմութիւնս քո` ոյք իջանեն ի գուբ: