Ա․ Լոպուխին
Խոսե՛ք Երուսաղեմի սրտի հետ և հայտնե՛ք նրան, որ նրա պայքարի ժամանակը լրացել է, որ նրա անօրենությունները սպառվել են, որովհետև նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել։ [2] (Սինոդական թարգ․)
«Խոսե՛ք Երուսաղեմի սրտի հետ․․․» - Յոթանասնից թարգմանությունը (LXX) և սլավոներեն թարգմանությունն այստեղ որպես ենթակա տեղադրում են «ἱερει̃ς»՝ «քահանայուհիներ» բառը, չնայած որ եբրայեցերեն բնագրում համապատասխան «obel» եզրը բացակայում է (Բ Մնաց. 32:6 և այլ համարներ):
«Երուսաղեմ․․․» - Քաղաքը որպես ժողովրդի կենտրոնական բնակատեղի այստեղ մարմնավորում է հենց ժողովրդին: Բնութագրական է նաև Երուսաղեմի ա՛յն մատնանշումը, որով որոշակիացվում է տվյալ խոսքի ժամանակագրությունը: Ակնհայտ է, որ Երուսաղեմ քաղաքը դեռևս շարունակում էր գոյություն ունենալ, հետևաբար մարգարեությունն էլ հնչեցվել է նախքան քաղաքի կործանումը, այսինքն՝ մինչև բաբելոնյան գերությունը, և ոչ թե այդ գերության միջնահատվածում կամ վերջնամասում, ինչպես կարծում է բանապաշտական (ռացիոնալիստական) քննադատությունը:
«Ժամանակը լրացել է․․․սպառվել են․․․Տիրոջ ձեռքից ստացել է․․․» - Բայերի անցյալ կատարյալ ձևերի կիրառությունը բացասող քննադատությանը հիմք է տալիս ողջ մարգարեությունը վերագրելու մատնանշված իրադարձությունների իրական ավարտի ժամանակին, այսինքն՝ բաբելոնյան գերության ավարտին: Սակայն ակնհայտ է, որ նման ժամանակաձևի կիրառությունն ավելին չէ, քան Սուրբգրային մարգարեական խոսքին հատուկ մի ձև, որը, որպես գալիք իրադարձությունների անկասկածելիության հստակ փաստարակ, այդ գալիքի մասին խոսում է ներկա կամ նույնիսկ անցյալ ժամանակաձևով:
«Նրա պայքարի ժամանակը լրացել է»: Սլավոներեն թարգմանությունը, հետևելով հունարեն Յոթանասնից թարգմանությանը, «պայքար» բառի փոխարեն տեղադրում է «հնազանդություն» բառը, հունարեն՝ «ταπείνωσις»: Եբրայական տեքստում կա «Ceba» բառը, որ նշանակում է «զինվորություն, զորք, զորաշարք»: Պետրոս եպիսկոպոսը Եսայի մարգարեի գրքի իր մեկնության մեջ հաջողությամբ համաձայնեցնում է այդ տարընթերցումները։ Այստեղ մարգարեն ի նկատի ունի ամենամոտ ապագայում բաբելոնական գալիք գերության ավարտը և երջանիկ վերադարձը դեպի հայրենիք: Սակայն առավել հեռավոր պատմական հանգրվանում մարգարեի հոգևոր հայացքը կարող էր տեսնել նաև առհասարակ ամեն բանի ավարտը և հինկտակարանյան ժամանակաշրջանի վերջը, ասել է թե՝ ստրկական վախի և ծիսական օրենքներն արտաքնապես իրագործելու դժվարին սխրանքների վախճանը, որից հետո պետք է գա մեսիական թագավորության նոր, օրհնաբեր ժամանակաշրջանը (Մարկ. 1:15, Գաղ. 4:3-4):
«Նրա անօրենությունները սպառվել են»: Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել։ «Անօրենության» կամ «մեղքի» հիմնական ընկալումն այստեղ (հունարեն «το αμαρτημα», եբրայերեն բնագրում՝ «hattoth») պարունակում է հատուկ մատնանշում «մեղքի համար զոհաբերության» վերաբերյալ, որը հաճախ Սուրբ Գրքում արտահայտվում է հենց այդ եզրույթով (Ղևտ. 4:3, 8, 14, 20, 21, 24, 25, Ղևտ. 6:17, Ղևտ. 7:37, Սղմ. 40:5, Միք. 6:7 և այլ տեղիներ): Երուսաղեմի ժողովրդի կողմից մատուցված «մեղքի համար զոհաբերությունը» մենք կարող ենք հասկանալ, առաջին հերթին, որպես այդ արտահայտության տակ ենթադրվող ծիսական բոլոր զոհաբերությունները, երկրորդ՝ ժողովրդի բոլոր տառապանքներն ու դժբախտությունները, որոնք նրանց համար ծառայել են որպես մաքրագործող զոհաբերություն, և վերջապես Գողգոթայի մեծագույն զոհաբերությունը, որի մասին մարգարեն հատուկ խոսելու է ստորև (53) և որը Պողոս առաքյալը վերագրում է Տեր Հիսուս Քրիստոսին: «Նրան, Ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղքի զոհ դարձրեց («αμαρτιαν-hattoth», հմմտ․ Բ Կորնթ. 5:21) կամ էլ՝ «Նա մեկ անգամ զոհվեց մեղքերի պատճառով և մշտնջենապես նստեց Աստծո աջ կողմում» (հմմտ․ Եբր. 10:12):
«...կրկնապատիկ հատուցում է ստացել․․․» Հատկապես նորագույն շրջանի բանապաշտ (ռացիոնալիստ) մեկնաբանների մեծամասնությունը (Dilmann, Orelli, Sanchez, Calmet և ուրիշներ) այստեղ տեսնում են Աստվածային պատժի ծանրության մասին ակնարկ, ա՛յն պատժի, որը հեղվել է Երուսաղեմի և հրեա ժողովրդի վրա, և այս ամենին համապատասխանաբար վերոնշյալ մեկնաբանները սույն հատվածը թարգմանում են այսպես. «Իր բոլոր մեղքերի համար նա կրկնակի հատուցում ստացավ»: Սակայն ուղղափառ և պահպանողական մեկնության կողմնակիցները (Vitringa, Delilsch, Knabenbauer և ուրիշներ) հստակ հիմնավորմամբ (ըստ Թարգումի արտահայտությունների) և իրավասությամբ (նկատի առնելով համատեքստի իմաստը և սուրբգրային աշխարհայացքի բնույթը) այս խոսքերի մեջ տեսնում են միայն Աստվածային մեծահոգի ողորմության մխիթարական խորհուրդը, ողորմությո՛ւն, որը պատրաստ է կրկնակի հատուցելու մարդու կրած փորձության համար՝ ըստ առաքյալի խոսքի. «Հավատարիմ է Աստված, որ և չի թողնի, որ ձեր կարողությունից ավելի փորձվեք, այլ փորձության հետ կտա նաև ազատվելու միջոց, որ կարողանաք այն կրել» (հմմտ․ Ա Կորնթ. 10:13): Աստվածային սերն ու ողորմածությունը մշտապես գերազանցում են Նրա արդարամտությանը, և անառակ որդու ապաշխարության փոքրագույն փորձի դեպքում Երկնավոր Հայրը ո՛չ միայն ուրախությամբ ընդունում է նրան, այլև ամեն առումով հատուկ ուշադրության է արժանացնում նրան: Մասնավորապես համաձայն այս խոսքերի պարզագույն ըմբռնման այդ խոսքերի իմաստը բացահայտվում է նորկտակարանյան ա՛յն ժամանակաշրջանի համատեքստում, երբ Հայր Աստված Իր աստվածընտրյալ ժողովրդի (նորկտակարանյան Եկեղեցու) հանդեպ կրկնակի ողորմություն ցուցաբերեց. նախ՝ աշխարհի Փրկչի Խաչի մահվան պտուղներն ընդունելով՝ Տերը մեզ մեղքերի թողություն շնորհեց, և երկրորդ՝ մեզ Սուրբ Հոգու շնորհների պարգևները հաղորդելու շնորհիվ, Եկեղեցու խորհուրդների միջոցով մեր առջև բացեց վսեմ ու փափագելի կատարելության հնարավորությունը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) ուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»: Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ:
(Արարատ թարգ․) Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք, հայտարարե՛ք, որ նրա զինվորական ծառայությունն ամբողջացավ, որ թողություն է տրվել նրա անօրենությանը, որ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքից կրկնապատիկ հատուցում է ստացել»։
(Գրաբար) քահանայքդ խաւսեցարուք ի սիրտ Երուսաղէմի` եւ մխիթարեցէք զդա, զի լի եղեւ տառապանաւք: Թողեալ լիցին դմա մեղք իւր, զի ընկալաւ ի ձեռանէ Տեառն կրկին զհատուցումն մեղաց իւրոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: