Եսայու մարգարեության մեկնություն 40:3

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները:
   
   Անապատում հնչող ձայնը

   Սա հաստատումն է գերությունից նրանց դարձի, որպեսզի վերստին շինվի նրանց ավերակ երկիրը, և մարդկանց ուրախության ձայնն ու խոսքը լսելի լինեն: Դարձյալ, հնչող ձայնը Հովհաննես Մկրտիչն է, որովհետև մարդկանց ավերակ հոգիների մեջ համարձակությամբ քարոզում և բոլորին մեղադրում էր՝ անվանելով «իժի ծնունդներ» (Ղուկ. 3։7), որովհետև գիտեր, թե նրանց ձեռքերը թաթախված են մարգարեների արյամբ, բայց նա առանց վախի, համարձակությամբ քարոզում էր: Ինչպես Հովհաննեսը ձայն է կոչվում՝ ոչ թե անհոդաբաշխ և ցածր ձայն, այլ հնչեղ, քանզի մարդ և մարգարե էր, այդպես էլ Աստված-Խոսքը կոչվում է Խոսք՝ ոչ թե անանձ ու մեր խոսքի նման սոսկ խոսք, այլ անձնավոր և կատարյալ Աստված: Դարձյալ, ձայնը Հովհաննեսն է, իսկ Խոսքը, որ Բանն է, Քրիստոս է, որովհետև ինչպես ձայնը նախորդում ու բացատրում է խոսքը, նույնպես և Հովհաննեսը՝ Քրիստոսին: Իսկ «անապատում» խոսքը գործածում է, որովհետև քաղաքը լի է ամեն տեսակ չարիքով, իսկ անապատը զերծ է մեղքից, որի պատճառով էլ Հովհաննեսը, թողնելով քաղաքն ու մարդկանց բնակությունը, շրջում էր անապատում: Եվ ի՞նչ էր քարոզում. «Պատրաստեք Տիրոջ ճանապարհները» (40։3), ինչպես թագավորի ճանապարհն են մաքրում, երբ մտնում է քաղաք 1, նույնպես և մեր հոգիներն են պատրաստվում ու սրբվում մեղքերից, որպեսզի ընդունենք Քրիստոսին:

   Հարթեցեք Աստծո շավիղները

   Ճանապարհը բազմակոխ է, իսկ շավիղը նոր, նուրբ ու նորահետ է: Արդ, ճանապարհ էին կոչվում հրեաները, որոնք ոտքի կոխան էին լինում օրենքի կողմից, իսկ շավիղ՝ հեթանոսները, քանզի ոտքի կոխան չէին օրենքին ու քարոզությանը: Եվ Քրիստոս նոր շավղով գնալով նրանց մոտ՝ նրանց դարձի բերեց կուռքերի աստվածպաշտությունից, ու մեղավորները, պոռնիկները, մաքսավորները նախաքարոզությամբ դարձան Քրիստոսինը և հնազանդվեցին Նրան:
   

Ա․ Լոպուխին

3-4․ Անապատում կանչողի ձայնը․«Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, և ուղղե՛ք մեր Աստծո շավիղները ամայության մեջ։ [3] Ամեն ձոր թող բարձրանա, և ամեն սար ու բլուր թող իջնի, և ծուռը ուղիղ թող դառնա, իսկ խորթուբորդ ճանապարհները թող հարթվեն։ (Սինոդական թարգ․)
   
   Խոսվում է անհրաժեշտ նախապատրաստական պայմանների մասին, որոնք պիտի նախորդեին «Տիրոջ փառքի» հայտնությանը, որ այս մխիթարական խոսքի հիմնական առարկան է:

   «Անապատում կանչողի ձայնը» - Ավետարանի հստակ մատնանշումներից մենք տեսնում ենք, որ այս մարգարեությունն իրեն էր վերագրում Հովհաննես Մկրտիչը՝ Մեսիայի Կարապետը, որը եկել էր «Նրա ճանապարհները պատրաստելու» համար (Մատթ. 3:3, Մարկ. 1:3, Ղուկ. 3:4, Հովհ. 1:23, Ղուկ. 1:76, Մատթ. 11:10): «Ընդհանուր իմաստով ընկալվող այս խոսքերը մատնանշում են հին շրջանի մարդկությանը վերաբերող քաղաքական, կրոնական և մտավոր կյանքին առնչվող մի շարք իրադարձություններ, որոնք նախորդել են քրիստոնեության ի հայտ գալուն և նպաստել են դրա տարածմանը հեթանոսության անապատներում (Ես. 35)՝ մարդկային մտքի և քաղաքակրթության կողմից նախապես գծված ուղիներով» («Եսայի մարգարեի գրքի մեկնություն», պրոֆ. Մ. II, էջ 674): «Անապատում հնչած խոսքն ավետարանիչները կապում են դրան նախորդող բառերին. «Անապատում կանչողի ձայնը», իսկ Եսայի մարգարեն այն կապում է հաջորդող խոսքերի հետ. «Անապատում հարթե՛ք Տիրոջ ճանապարհը»: Առաջին դեպքում հասկացվում է Երիքովի մոտակայքում գտնվող Հորդանանյան վայրի ու սարսափելի անապատը, որը ձգվում է մինչև Մեռյալ ծով, որտեղ էլ որ բնակվում և ապաշխարություն էր քարոզում Հովհաննես Մկրտիչը: Վերջին դեպքում «անապատ» անվան տակ հոգևոր իմաստով հասկացվում է հրեա ժողովուրդը, որն իր բարոյական ու կրոնական վիճակով այդ ժամանակ նմանվում էր վայրի և անմշակ անապատի» (Պետրոս եպս., II, էջ 14): Ի միջի այլոց, շատերն այս արտահայտությունն ընկալում են ավելի լայն իմաստով՝ դրա տակ հասկանալով այն ժամանակվա ողջ աշխարհը, որն անձրևի փափագող անջուր անապատի նմանողությամբ լարված սպասում էր Փրկչին, և այդ մասին մարգարեն հիշեցնում էր նաև ավելի վաղ, երբ ասում էր. «Պիտի ուրախանան անապատն ու ցամաք երկիրը, և անմարդաբնակ երկիրը պիտի ցնծա ու ծաղկի շուշանի պես» (Ես. 35:1):

   Սկսած «պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը» խոսքից և մինչև չորրորդ համարի եզրափակիչ խոսքերն ընկած հատվածին՝ «խորթուբորդ ճանապարհները թող հարթվեն», խիստ բնորոշ է հրեական բանաստեղծական մտքին հատուկ մտքերի զուգահեռականությունը, երբ միևնույն գաղափարը փոխանցվում է մի քանի զուգահեռ պատկերներով, ինչի օրինակը որ ունենք նաև այստեղ՝ «ուղիղ շավիղների», «սարերի և բլուրների իջնելու», «ծուռը ուղիղ դարձնելու» և «խորթուբորդը հարթելու» պատկերներում: Ակնհայտ է, որ օրինակը վերցված է հին արևելյան տիրակալների սովորույթից, որի համաձայն նրանք ճամփորդությունների ժամանակ իրենց առջևից ուղարկում էին սուրհանդակների բազմություններ, որոնց պարտականությունը, ի դեպ, ճանապարհների մաքրազարդումն ու պատրաստումն էր: Իսկ այլաբանական, հոգևոր-բարոյական իմաստով այդ պահանջմունքը, ըստ Հերոնիմոս Երանելու մեկնության, նշանակում էր, որ «մենք Աստծո համար ուղղում ենք մեր սրտերի ճանապարհներն ու շավիղները, առաքինի գործեր կատարում և հեզությամբ խոնարհվում, որպեսզի ուղղենք այն, ինչ ծուռ է, մեղմենք դաժանությունը և նման ձևով արժանի դառնանք տեսնելու Տիրոջ փառքը և Աստծո փրկությունը» (Հերոնիմոս Երանելու աշխատություններ, մ. 8, Կիև, 1882, էջ 141:)
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները:
(Արարատ թարգ․) Մի ձայն կանչում է. «Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը անապատում, ուղի՛ հարթեք մեր Աստծու համար ամայության մեջ։
(Գրաբար) Ձայն բարբառոյ յանապատի. պատրաստ արարէք զճանապարհս Տեառն, եւ ուղիղ արարէք զշաւիղս Աստուծոյ մերոյ: