Ա. Լոպուխին
6-7․ «Յուրաքանչյուրն օգնում է իր ընկերոջն ու իր եղբորն ասում է՝ «զորացի՛ր»: [6] «Դարբինը քաջալերում է երկաթ ձուլողին, թիթեղները մուրճով հարթեցնողը՝ սալին խփողին՝ զոդվածքի մասին ասելով. «Լավն է»,- ու այն ամրացնում է մեխերով, որպեսզի ամուր լինի»: (Սինոդական թարգ․)
«Դարբինը քաջալերում է երկաթ ձուլողին…ու այն ամրացնում է մեխերով, որպեսզի ամուր լինի»: Վերջին երկու (6-րդ և 7-րդ) համարների վերաբերյալ մեկնաբաններն ասում են, որ «դրանք մնում են չպարզաբանված» (Վլաստով): Եվ իսկապես, ո՛չ ոմանց ջանքը՝ այստեղ տեսնելու ակնարկ այնպիսի կուռքերի պատրաստման մասին, որոնց վրա իրենց հույսը դրել էին տխմար հեթանոսները (Rawlinson; Պետրոս եպիսկոպոս), ո՛չ էլ մյուսների ենթադրությունն այն մասին, որ այստեղ խոսքը ռազմական զրահների ու մեքենաների պատրաստման մասին է (Յակիմով, Տրոյիցկի, Ելեոնսկի ու Վլաստով), չեն դիմանում քննադատություններին, քանի որ այդ տեսակետները կտրուկ շեղվում են խոսքի նախորդ համատեքստից. քիչ առաջ խոսվում էր ժողովուրդների լիակատար շփոթության ու սարսափի մասին (5-րդ համար), և հանկարծ այդպիսի լեցուն հույսեր (կուռքերի հանդեպ) ու եռանդուն նախապատրաստական աշխատանքներ (ռազմական զինտեխնիկայի ու զրահների ձուլում): Ակնհայտ է, որ այստեղ անհամաձայնություն կա:
Այս ամենը հաշվի առնելով՝ մենք ավելի շատ հակված ենք հետևելու նոր, տեքստաբանական քննադատությանը՝ ո՛չ միայն ժխտողական (Duhm, Cheyne, Marti, Orelli), այլ նաև չափավոր ուղղությանը (Lagarde, Condamin), որը գտնում է, որ այստեղ տեղի է ունեցել 40-րդ և 41-րդ գլուխների համարների որոշակի շփոթ ու բառերի տեղաշարժ (alteration) և, մասնավորապես, 41-րդ գլխի 6-րդ և 7-րդ համարներն ինչպես տրամաբանական իմաստով, այնպես էլ բանաստեղծական կառուցվածքով (Condamin) պետք է տեղադրված լինեն 40-րդ գլխի 19-րդ և 20-րդ համարների միջև, որտեղ նույնպես խոսվում էր կուռքերի մասին, ու կիրառվում էին միևնույն հիմնական տերմինները. «խարաս»՝ «փայտագործ», «արհեստավոր», և «ցերեֆ»՝ «ոսկերիչ»: Նմանատիպ ենթադրությունը որևէ կերպ անընդունելի կամ հակասական չէ՝ առ ի համեմատություն ուղղափառ տեսակետների. չէ՞ որ հայտնի է, որ Աստվածաշնչի տեքստի բաժանումը գլուխների ու համարների անմիջապես աստվածաշնչյան գրքերի հեղինակների ձեռքի գործը չէ, այլ շատ ավելի ուշ ժամանակաշրջանի արդյունք է: Ուշադրություն դարձնելով հնագույն գրի ու դրա բուն նյութի (մատերիալի) յուրահատկություններին, աստվածաշնչյան կանոնացանկերի և դրանց խմբագրությունների տարբերություններին, այդքան էլ դժվար չէ ընդունել նաև, որ կարող էր տեղի ունենալ տեքստի որոշակի վնասում և «վերադասավորում»: Նմանատիպ վերադասավորման համար առիթ կարող էր հանդիսանալ 6-րդ համարի բովանդակությունը, որում այն նույն կերպ, ինչպես որ նախորդ համարում էր, խոսվում է դաշնակցային, ընկերական օգնություն ցուցաբերելու մասին:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով.
(Արարատ թարգ․) Նրանցից ամեն մեկն օգնեց իր ընկերոջը և ասաց իր եղբորը՝ զորացի՛ր։
(Գրաբար) եդին ի մտի իւրաքանչիւր ընդ ընկերի եւ ընդ եղբաւր աւգնական լինել: եւ ասիցեն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: