Եսայու մարգարեության մեկնություն 49:12

Ա. Լոպուխին

«Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և ծովի կողմից, իսկ մյուսները՝ Սինեացիների երկրից»։ [12] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա սրանք հեռվից են գալիս...նրանք՝ հյուսիսից և ծովի կողմից, իսկ մյուսները՝ Սինեացիների երկրից» - [Համաձայն Յոթանասնից թարգմանության՝ «Պարսկաստանից», իսկ ըստ սլավոնական թարգմանության՝ «մյուսներն էլ՝ Պարսկական երկրից»] Հերոնիմոս Երանելին այստեղ տեսնում է Աստվածաշնչում սովորաբար կիրառվող «հղումները»՝ ուղղված աշխարհի չորս ծայրերին: Եթե ​​«հյուսիսը» և «ծովը» բավականաչափ պարզորոշ մատնացույց են անում Հյուսիսը և Արևմուտքը, ապա «հեռվից» և «Սինեացիների երկրից» արտահայտություններն ակնհայտորեն ցույց են տալիս արևելքն ու հարավը: «Հեռվից» արտահայտությունը, որը հանդես է գալիս ,,merahoh,, եզրույթով, կարծես ակնարկում է Արևելքին: Այդ դեպքում, ուրեմն, «Սինեացիների երկիր»-ն էլ մատնացույց է անում հարավային կողմը: [Ամեն բան միանգամայն պարզ է՝ պիտի գան հյուսիսի և ծովի կողմերից։ Այդ «ծովը» Միջերկրական ծովն է, որը լեցուն է կղզիներով։ Իսկ «Պարսկական երկիրը» Պարսկաստանն է, որ գտնվում է արևելքում։ «Հեռվից» արտահայտությամբ էլ միանշանակ նկատի է առնվում հարավային ծիրը: Այնտեղ տեղակայված երկրները գտնվում են բավականին հեռավոր դիրքում՝ Արաբական անապատից էլ այն կողմ]։

   Նորագույն շրջանի մեկնաբանների մեծամասնությունը «Սին» կամ «Հին» երկրի ներքո հակված է ակնարկ տեսնել հեռավոր հարավ-արևելյան երկրի՝ Չինաստանի վերաբերյալ, որի մասին մարգարեն կարծես թե կարող էր տեղեկություն ունենալ արդեն իսկ իր ապրած ժամանակաշրջանում (Gezenius, Սանկտ Պետերբուրգ, պրոֆ. 776 էջ): Այնուամենայնիվ, «Անգլիական հենքային մեկնաբանությունը» վիճարկում է այս տեսակետը՝ որպես ծանրակշիռ հիմնավորում ունենալով այն հանգամանքը, որ Չինաստանի էթնիկ անունը մինչև Պտղոմեոսյան դարաշրջանը (մ.թ.ա. 120 թ.) հայտնի չէր նույնիսկ հույներին: Ուստի «Անգլիական հենքային մեկնաբանությունն» այս «Սինեական երկիր» արտահայտության ներքո տեսնում է հարավում գտնվող փյունիկյան շրջաններից մեկը, որը «Սինեացիների» կամ «Սինիտներ երկիր» անվամբ հիշատակվում է նաև ժողովուրդների մասին աստվածաշնչյան նշանավոր ցանկում (Ծննդոց 10:17):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հիւսիսից եւ ծովից, եւ ոմանք՝ Պարսից երկրից»:
(Արարատ թարգ․) Ահա սրանք հեռվից են գալիս, ահա նրանք՝ հյուսիսից և արևմուտքից, իսկ մյուսները՝ սինեացիների երկրից։
(Գրաբար) Ահաւասիկ ոմանք եկեսցեն ի հեռաստանէ, ոմանք ի հիւսւսոյ եւ ի ծովէ, եւ ոմանք յերկրէ պարսից: