Եսայու մարգարեության մեկնություն 5։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Կերգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։ (Սինոդական թարգ․) [1]
   
   1-7 համարներ: Մարգարեն այստեղ հանդես է գալիս որպես քնարերգու-բանաստեղծ, սակայն նրա երգն իր մեջ բովանդակում է բավականին ողբերգալի մի ճշմարտություն: Մարգարեն երգում է իր սիրելի Տիրոջ ձեռնարկած գործի մասին, Նրա՛, Ով մի գեղեցիկ վայրում տնկեց Իր խաղողի այգին, այսինքն՝ ընտրյալ ժողովրդին, և նրան ընծայեց բոլոր հարմարությունները բարեկեցիկ կյանքի ապահովման համար: Սակայն այդ խաղողի այգին ոչ թե հիասքանչ պտուղ տվեց, այլ վատթար, կերակրի մեջ օգտագործելու համար անպիտան պտուղներ: Այս առակ-երգի ունկնդիրներն իրենք էլ կարող են ասել, թե Բարձրյալն ինչ իրավունք ունի անելու այդպիսի խաղողի այգու հետ: Սակայն քանի որ լսողները չեն կարողանում իրենք իրենց մեղավոր ճանաչել, ուստի անձամբ Ինքը՝ Տերն է որոշում Իր խաղողի այգու, կամ որ նույնն է՝ հրեաների ապագան, որ խոստացվում է շատ տխրահռչակ լինել:

   «Կերգեմ»․ եբրայերենից թարգմանաբար նշանակում է՝ «Ես սկսում եմ երգել իմ Ընկերոջ մասին: Այս երգը Նրա՝ Իր խաղողի այգու հանդեպ ունեցած սիրո մասին է»: Մարգարեն ցանկանում է ներկայացնել իր ընկերոջ (այս հատվածում Ինքը՝ Աստված է ներկայացվում այդ կերպարով) վերաբերմունքն Իր խաղողի այգու հանդեպ, ա՛յն այգու, որը սուրբգրային գրականության մեջ հաճախ «մարմնավորում» է ընտրյալ ազգին (հմմտ. Ես. 3:14, Եր. 2:21, 12:10; Մտթ. 21:33): Այս խաղողի այգին տնկվել էր ամենից պիտո վայրում՝ բլրի գագաթին, որն արևի ճառագայթների ներգործության համար ամենահարմար վայրն է: «Բաքոսը սիրում է բաց բլուրներ»,- ասում է Վերգիլիոսը (Գեորգիկա. II, 113):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը. Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին:
(Արարատ թարգ․) Թող երգեմ իմ սիրելիի համար իմ սիրեցյալի երգը նրա այգու մասին։ Իմ սիրելին մի այգի ուներ մի արգավանդ բլուրի վրա։
(Գրաբար) Երգեցից սիրելւոյ այգւոյ իմոյ զերգս սիրելւոյ նորա: Այգի եղեւ սիրելւոյն յանկեան. ի տեղւոջ պարարտութեան: