Եսայու մարգարեության մեկնություն 5։9

Ա. Լոպուխին

Զորությունների Տերն իմ ականջին ասաց . «Շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ մնալու են առանց բնակչի»: (Սինոդական թարգ․) [9]
   
   Մովսեսի օրենքը պահանջում էր, որպեսզի իսրայելացի ամեն մի ընտանիք տիրություն աներ միայն իր՝ Ավետյաց երկրի գրավումից ի վեր իրեն հատկացված հողերին (Ղևտ. 25:23): Սակայն hրեաները զանազան եղանակներով բազմիցս խախտում էին այդ օրենքը (Գ Թագ. 21): Հիմնականում հարուստ մարդիկ էին, որ ցանկանում էին տիրանալ մեծ հողատարածքների, քանի որ այդ տարածքներում մշակվող հացահատիկը հնագույն ժամանակներում առևտրի ամենից եկամտաբեր միջոցն էր, իսկ Պաղեստինում հողը, կարելի է ասել, ոսկուց ընդերք ուներ: Եսային, ինչպես մյուս մարգարեները, հատուկ ուշադրություն է դարձնում այս աննորմալ երևույթին, որի պատճառով որոշ մեծահարուստներ դառնում էին հսկայական հողատարածքների և մեծաքանակ տների սեփականատերեր, իսկ բնակչության մնացյալ հատվածը ստիպված էր լինում հանուն մի կտոր հացի աշխատել նրանց համար, և այդ ամենն աստիճանաբար իրական պրոլետարիատի էր հանգեցնում: Ընդ որում, քանի որ հացահատիկն արտադրվում էր երկրի սահմաններից դուրս արտահանելու համար, ուստի հասարակ հրեա բնակչությանը հացահատիկը չէր հերիքում ո՛չ իրենց և ո՛չ էլ իրենց ընտանիքների համար: Բացի այդ, սրանով խորանում էր ժողովրդի տարբեր խավերի միջև գոյություն ունեցող անդունդը, և դա այն դեպքում, երբ օրենքը որևէ հեռավորություն և տարբերություն չէր սահմանում իսրայելացիների սոցիալական կարգավիճակների միջև: Եվ դեռ վտանգի էր ենթարկվում երկրի ամբողջականությունը, որը պաշտպանել կարող էին միայն այն մարդիկ, որոնք իրենց այդ երկրում զգում էին ո՛չ թե որպես վարձկաններ, այլ տերեր, որոնց պետք է պատկաներ այդ երկրիը:

   Պետք է նկատի ունենանք, որ մարգարեն, «վա՜յ» տալով իրենց տիրույթներն ընդարձակել փորձող նմանատիպ հրեաներին, այնուամենայնիվ ժողովրդին չի գրգռում բռնի ուժի գործադրմամբ վերականգնելու ամեն մի հրեա ընտանիքին պատկանող տիրույթների նախնական սահմանները, այլ միայն ցանկանում է Աստծո պատժի սպառնալիքով ներազդել Մովսեսի օրենքը խախտողների վրա (10-րդ համար): Մարգարեներն առհասարակ դեմ էին ամեն տեսակի բռնության:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին: Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ:
(Արարատ թարգ․) Ահա թե ինչ ասաց Զորությունների Տերն իմ ականջին. «Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։
(Գրաբար) Նա աւանիկ ազդ եղեւ յականջս Տեառն զաւրութեանց այդ ամենայն: Զի եթէ եղիցին տունք բազումք, սակայն յաւեր դարձցին. եւ եթէ մեծամեծք եւ գեղեցիկք իցեն, ոչ ոք իցէ որ բնակիցէ ի նոսա: