Եսայու մարգարեության մեկնություն 50:6

Ա. Լոպուխին

«Ես Իմ թիկունքը տվեցի Ինձ հարվածողներին, և Իմ ծնոտները՝ Ինձ ապտակողներին. Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից»։ [6] (Սինոդական թարգ․)
   
   «Ես Իմ թիկունքը տվեցի Ինձ հարվածողներին, և Իմ ծնոտները՝ Ինձ ապտակողներին. Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից» - Եթե ​​նախորդ համարի վերջավորությունը դեռևս բավականին քողարկված ձևով էր ակնարկում Մեսիայի կամավոր նվաստացման և Խաչի վրա մահվան մասին, ապա սույն համարն այդ ամենի մասին խոսում է այնպիսի զարմանալի մարգարեական պարզությամբ, որը մեզ ուղղակիորեն հիշեցնում է ավետարանիչների պատմությունները, որոնք պատմական հենք ունեին (Մատթ. 26:67, 27:26-30, Հովհ․ 19:1-4 և այլ տեղիներ):

   «Այն ամենը, ինչը բնորոշ էր Հոբի անձին (Հոբ 30:10), ինչը Դավթի Սաղմոսներում տիպիկ մարգարեական կերպով կանխագուշակված էր որպես մարգարեություն տառապանքների մասին (Սաղմ. 21:17-18), ինչի մասին իր նախատական խոսքերով հիշատակեց Երեմիա մարգարեն (Երեմ. 20:10), այդ ամենը կատարելապես իրականություն է դառնում Մեսիայի անձի մեջ» (Դելիցշ): Եբրայագետները գտնում են, որ «հարվածողներ» բառի փոխարեն պետք է լինի «իմ մազերը պոկողներ» արտահայտությունը: Սա արդեն տանջանքի վերաբերյալ մի այնպիսի մանրամասնություն է, որի մասին ավետարանիչները լռում են, սակայն այն, որ դա միանգամայն հնարավոր էր, այդ մասին վկայում է հետաքսորական շրջանում տեղի ունեցած նմանատիպ միջադեպը (Նեեմիա 13:25): Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ իր պատկերավորության և պարզությամբ շնորհիվ այս համարը կարելի է համեմատության մեջ դնել միայն Եսայի մարգարեի 53 – րդ գլխի հետ (համար 5-րդ և հաջորդող համարները):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Թիկունքս հարուածների տուեցի, ծնօտներս՝ ապտակի, եւ երեսս շուռ չտուի նախատինքից ու թքից:
(Արարատ թարգ․) Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին և իմ ծնոտները՝ մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։
(Գրաբար) Զթիկունս իմ ետու ի հարուածս, եւ զծնաւտս իմ յապտակս. եւ զերեսս իմ ոչ դարձուցի յամաւթոյ ընդ երեսս թքանելոյ: