Եսայու մարգարեության մեկնություն 53:11

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը։
   
   «Լույս ցույց կտա նրան», այսինքն՝ բժշկվածներին:
   Եվ օժտել իմաստությամբ
   Քանի որ ժողովուրդը խիստ խոցված էր և որևէ սպեղանիով չէր բժշկվի, ուստի Աստված նորովի արարչագործեց: Իսկ ի՞նչ է նշանակում «օժտել իմաստությամբ»․ բրուտները և ոսկերիչները նյութի սկզբնական ձևը փոխում են և նոր բան են ստեղծում, մինչդեռ մեր Տերը այդպես չարեց, այլ զարմանահրաշ իմաստությամբ անապական պահելով սկզբնական կերպարանքը՝ նորը ստեղծագործեց, այսինքն՝ նորոգեց [մկրտության] ավազանի աստվածագործ նորոգմամբ:

   Արդարացնել արդարին։

   Քանի որ Քրիստոս արդար և անմեղ էր, այդ պատճառով էլ չի ասում՝ արդարացնել Նրան, այլ՝ արդարին, և այս խոսքով հայտնապես ցույց է տալիս, որ Քրիստոս է ճշմարիտ Արդարը, Որ մեռնում է ուրիշների մեղքերի համար:

   Ով հոժարությամբ ծառայեց շատերին։

   Խոսքը Քրիստոսի մասին է, Ով ասում էր. «Ես ձեր մեջ մի սպասավորի նման եմ» (Ղուկ. 22։27):

   Եվ նրանց մեղքերը Իր վրա է վերցնելու։

   Այսինքն՝ վերացնելու է մեղքերը, ինչպես ասում էր Հովհաննեսը. «Սա է Աստծո Գառը․․․» (Հովհ. 1։29)։ Մարգարեի այս միտքը ջրի պես պարզ է։
   

Ա. Լոպուխին

«Նա Իր հոգու սխրանքին գոհունակությամբ կնայի. Իր գիտությամբ Նա՝ Արդարը, Իմ Ծառան, շատերին կարդարացնի և նրանց մեղքերն Իր վրա կվերցնի»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   «Նա Իր հոգու սխրանքին գոհունակությամբ կնայի...» - Յոթանասնից և սլավոներեն թարգմանություններում տվյալ համարի սկիզբն ամբողջովին այլ կերպ է տարընթերցվում․ «Եվ Տերն ուզում է իր ձեռքով հեռացնել հիվանդությունը Նրա հոգուց, ցույց տալ Նրան լույսը...»։ Այսպիսի զգալի անհամապատասխանությունը բացատրելու համար որոշ եբրայագետներ գտնում են, որ ռուսերեն թարգմանությունը բավականաչափ ճշգրիտ չէ և որ ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել այսպես․ «դժվարությունից ազատվելով» (Գեզենիուս) կամ «Իր հոգու աշխատանքի (սխրանքի) պատճառով Նա գոհունակություն կտեսնի» (Թադեոս քհն․)։ Այսպիսի թարգմանության պարագայում ռուսերեն տեքստի կապը սլավոներենի հետ առավել հստակ ու պարզ է դառնում․ ակնհայտորեն, երկուսն էլ միևնույն բանի մասին են խոսում՝ հատկապես ա՛յն մասին, որ Մեսիայի համար ժամանակավոր նվաստացման դժվարագույն պահից հետո հավիտենական գոհունակություն, այսինքն՝ լիարժեք և բարձր բարոյական բավարարվածություն է լինելու։ Տարբերությունն այն է, որ ռուսերեն տեքստը հարցը լուսաբանում է սուբյեկտիվության տեսանկյունից (խոսում է Մեսիայի ներքին ինքնազգացողության մասին), իսկ սլավոներենը՝ օբյեկտիվ տեսանկյունից (ցույց է տալիս Նրա արդարացման և փառավորման արտաքին աղբյուրը)։ Այնուամենայնիվ  երկու թարգմանություններն էլ լիովին համապատասխանում են խոսքի համատեքստին, քանի որ այդ խոսքում անմիջապես դրանից առաջ խոսվում էր Մեսիայի սխրանքի համար հատուցման մասին (10-րդ համար)։

   «Իր գիտությամբ Նա՝ Արդարը, Իմ Ծառան, շատերին կարդարացնի...» - «Գիտություն» (եբր․ «դաատ») կամ «գիտակցություն» (հուն․ ἐπίγνωσις) բառերի ներքո ի նկատի է առնվում ինչպես առհասարակ Աստծո վերաբերյալ ամենամոտ, անմիջական գիտելիքը (Միածին Որդին, որ Հոր ծոցում էր, Նա՛ հայտնեց - հմմտ. Հովհ․ 1։18), այնպես էլ մարդկային սերնդի փրկության համար սահմանված Աստվածային տնօրինության խորքերը ներթափանցելը (Մատթ․ 11։27, Հովհ․ 10։15 և այլ տեղիներ)։ Այն գաղափարը, որ Տիրոջ Որդին Իրեն առաքած Հոր կամքը կատարում էր ինքնակամորեն, պատրաստակամությամբ և դրա նշանակության ու զորության լիարժեք գիտակցությամբ, նախկինում բազմիցս բացահայտվել էր Եսայի մարգարեի կողմից ներկայացված տարբեր պատկերների ու հատկապես հնազանդ և ուշադիր աշակերտի կերպարի միջոցով (Ես. 50։4-5

   «Նա շատերին կարդարացնի...» - Չի ասվում «բոլորին», այլ միայն «շատերին», նման այն խոսքին, որն ասվել էր նախկինում․ «Նա պիտի ապշեցնի շատ ժողովուրդների» (Ես. 52։15)։ Ակնհայտ է, որ թեպետ Տիրոջ մահվան քավչարար մահվան պտուղների հետ փոխհարաբերության միջոցով  արդարացման և փրկության հնարավորությունն այժմ հասանելի է բոլորի համար, սակայն ոչ բոլորը կօգտվեն դրանից, այլ միայն նրանք, ովքեր ջերմեռանդ հավատք և Աստվածային շնորհների հանդեպ ներքին, ազատ հակվածություն ունեն (Հռոմ․ 5։19)։ Հատուկ ուշադրության է արժանի այն իրողությունը, որ Աստված Ինքն այստեղ Իր Որդուն «Արդար» է անվանում, որի շնորհիվ ոչնչացվում է Տառապող Մեսիայի անձնական արդարության վերաբերյալ տարակուսանքներ ունենալու վերջին հնարավորությունը, ինչը, ինչպես մենք գիտենք, Նրա առնչությամբ ամենից շատն էր անհանգստացնում հրեաներին։

   «Նրա մասին անգամ դավաճան Հուդան է խոստովանում․ «Ես մեղք գործեցի՝ դավաճանելով անմեղ արյունը» (Մատթ․ 27։4), իսկ Պիղատոսի կինն էլ ասում է․«Այդ Արդարին ոչինչ չանես» (19-րդ համար)։ Հարկ է նաև նշել, որ Նա այն պատճառով չի արդարանում, որ անարդարից դառնար արդար․․․ այլ Արդա՛րն է արդարանում․․․ որպեսզի բոլորին հայտնի դառնար, թե ով էր Նա»,- ասում է Հերոնիմոս Երանելին՝ մեկնաբանելով այս համարը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը:
(Արարատ թարգ․) «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։
(Գրաբար) ցուցանել նմա լոյս` եւ ստեղծուլ իմաստութեամբ: արդարացուցանել զարդարն` որ մտադեւրն ծառայեաց բազմաց, եւ զմեղս նոցա նա վերացուսցէ: