Ա. Լոպուխին
8-9․ «Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն Իմ ճանապարհները չեն, - ասում է Տերը»։ [8] «Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ Իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից»։ (Սինոդական թարգ․)
Աստվածային Խոսքի փրկարար, բարոյապես վերածնող զորության մասին գաղափարի արտահայտումն է, որն այս առումով իրենից ներկայացնում է մի փայլուն հակադրություն մարդկային տկար խոսքի հանդեպ։ Առավել դյուրին փոխադրությամբ այս չորս համարների բովանդակությունը կարելի է արտահայտել հետևյալ բառերով. «Ձեր մտադրություններն ու արարքները, - ասում է Տերը մարդկանց, - Ինձնից այնքան հեռու են, որքան երկինքն է հեռու երկրից․ և որքան որ ձեզ մոտ ամեն ինչ փոփոխական, հակասական, կամազուրկ և թուլակամ է, այնքան էլ Ինձ մոտ յուրաքանչյուր խոստում և խոսք դրոշմված է բացարձակ անփոփոխելիությամբ և մշտապես ու բոլոր դեպքերում կատարելապես իրագործվում է։ Հետևաբար, մեղավորների փրկության մասին այն խոսքը, որի մասին հենց նոր վերևում խոսվում էր, անկասկած կիրականանա՝ իհարկե ապաշխարության պայմանով, չնայած նաև այն հանգամանքին, որ այդ խոսքը ոմանց համար կարող էր գայթակղություն թվալ՝ հաշվի առնելով հինկտակարանյան մարդկության միակողմանի-ձևական տեսակետը, համաձայն որի՝ փրկվում են միմիայն արդարները (հմմտ․ Մատթ․ 10։6, 18։11, Ղուկ․ 9։56)։ Եսայի մարգարեի գրքի միասնության և վավերականության մասին հետաքրքրությունից ելնելով՝ կարևոր է նշել, որ մարդկային մտադրությունների և Աստվածային սահմանումների այսպիսի բնութագրումը նրա մոտ հանդիպում է նաև սկզբնական գլուխներում ( Ես․ 7։7, 8։10)։ Փոխաբերական իմաստով, «Տիրոջ խոսքի» ներքո ոմանք հասկանում են Հոր Հիպոստատիկ (Առանձնավորական) Խոսքը, որը հայտնվել է այս աշխարհում, որպեսզի իրականացնի Հոր կամքը (Հովհ․ 1։1, 17։4)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին, -ասում է Տէրը,
(Արարատ թարգ․) «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։
(Գրաբար) Զի ոչ են խորհուրդք իմ իբրեւ զխորհուրդս ձեր, եւ ոչ ճանապարհք իմ իբրեւ զճանապարհս ձեր` ասէ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: