Եսայու մարգարեության մեկնություն 57:3

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ:
   
   Պոռնկածին որդիներ։
   Եվ ո՞րն է նրանց ուղղված մեղադրանքը. ծնողների պոռնկությունը, որովհետև «ով ինչով մեղանչում է, նույն բանի պատճառով էլ մեռնելու է» (հմմտ. Ղևտ. 5:17), ինչպես ասում է Գիրքը: Արդ, սա ասում է երկու պատճառով. առաջին՝ որովհետև եթե պոռնկորդի կոչվելն անարգություն է, որքան ավելի մեծ անարգանք կլինի, եթե նրանք ևս պոռնկանան:
   Երկրորդ՝ եթե իրենք էլ պոռնկանան՝ առավելագույն պատիժ են կրելու, քանի որ գիտեին ինչպիսի նախատինքի է արժանի այդ անօրենությունը: Սակայն ոմանք ասում են, որ նրանց պոռնկորդի է անվանում, որովհետև նրանք սկզբնական մեղքով էին ծնվում, համաձայն այն խոսքի, թե՝ «Անօրենությամբ հղացավ և ինձ մեղքի մեջ ծնեց իմ մայրը» (Սաղմ. 50:7):
   

Ա. Լոպուխին

3-4․ «Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, վհուկի՛ որդիներ, շնացողի և պոռնկի սերունդ»։ [3] «Ո՞ւմ եք դուք ծաղրում, ո՞ւմ վրա եք լայն բացում ձեր բերանը, երկարացնում ձեր լեզուն. մի՞թե դուք հանցանքի զավակներ չեք, ստի սերունդ»: (Սինոդական թարգ․)
   
   «Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, վհուկի՛ որդիներ, շնացողի և պոռնկի սերունդ․․․ստի սերունդ» - Ահա թե ինչպիսի կտրուկ և եռանդուն արտահայտություններով է Եսայի մարգարեն դիմում իր ամբարիշտ ժամանակակիցներին։ Այս բոլոր կերպարները և բնութագրական արտահայտությունները, որոնք իրենք իրենցով ամբողջովին հասկանալի էին հինկտակարանյան աստվածապետության համատեքստում, համաձայն որի՝ Տիրոջ հետ Իսրայելի կապը սովորաբար նմանեցվում էր ամուսնական մտերմիկ հարաբերության, նորկտակարանյան ավետարանական զուգահեռների հետ համադրությամբ յուրահատուկ արտահայտչականություն և զորություն են ձեռք բերում (Մատթ․ 12։39, 27։25, 40, Ղուկ․ 23։21, Հովհ․ 8։44)։ Հատկապես տեղին է այստեղ հիշատակել հենց Իր՝ Տիրոջ կողմից հրեաներին տրված նշանավոր բնորոշումը, որում Նա նրանց հոգևոր հարազատությունը կապում է «ստի հոր» հետ (Հովհ․ 8։41-44)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ:
(Արարատ թարգ․) Բայց դուք մոտեցե՛ք այստեղ, ո՛վ վհուկի որդիներ, ո՛վ շնացողի և պոռնկի սերունդ։
(Գրաբար) Բայց մատիք յառաջ` որդիք անաւրէնք. որդիք պոռնկորդիք. որդիք շնութեան: