Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը:
Զվարճության շաբաթները անվանելու ես «Աստծուն նվիրված և փառավոր»
Զվարճություն է անվանում հանգստության պատճառով, որովհետև Աստված շաբաթ օրը հանգստացավ Իր բոլոր գործերից, իսկ մենք այստեղ մարմնով ենք հանգստանում: Դարձյալ, շաբաթվա վերջին օրն է սահմանվում հանգիստը՝ ի նշան արդարների հանգստյան, և նվիրական է կոչվում, քանզի Տերն այդ օրը սրբեց Իրենով, իսկ փառավոր է, որովհետև օրհնված է Աստծո կողմից:
Քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես։
Տե՛ս, որ դա ևս գործ է, և էլ ավելի դաժան, քան մյուս բոլոր գործերը: Այս «չարագործությունը» հրեաներն իրենք իրենց դեմ են գործում, քանի որ թեպետ շաբաթ օրով խուսափում են այլ գործեր անելուց, սակայն ամեն տեսակ մեղք են գործում շուրթերով, ձեռքերով և այլ բաներով՝ այդպիսով պղծելով շաբաթը, իրենց լեզուներն ու շուրթերը: Նույնպես և այժմ քրիստոնյաները կիրակի օրերին դադարում են գործերից, սակայն առևտրով են զբաղվում, ստում և նենգում են, կռվում, խարդախություն, պոռնկություն և ամեն տեսակի չարիք առավելապես կիրակի՛ օրն են գործում:
Ա. Լոպուխին
13-14․ «Եթե դու հանուն շաբաթի քո ոտքը հետ պահես զվարճություններիցդ Իմ սուրբ օրը, և շաբաթը կոչես հաճելի, Տիրոջ սուրբ օր, ու պատվես այն՝ քո սովորական գործերը չկատարելով, քո քմահաճույքներն ու դատարկաբանությունները չբավարարելով»: [13] «Ապա կհրճվես Տիրոջով, և Ես քեզ կբարձրացնեմ երկրի բարձունքները և քեզ թույլ կտամ ճաշակել քո հոր՝ Հակոբի ժառանգությունը․ Տիրոջ բերանը խոսեց այս»։ (Սինոդական թարգ․)
Սույն գլխի վերջին երկու համարները, բացահայտելով հրեաների կողմից շաբաթ օրվա տոնակատարման սխալ բնույթը, ցույց են տալիս, թե ո՛րն է դրա իրական իմաստը։ Չնայած որ հրեաները, հատկապես հետգերության շրջանում և Փրկչի երկրավոր կյանքի ընթացքում, չափազանց խստոերն պահպանում էին «շաբաթվա հանգիստը» (Ես․1։13, Մատթ․ 12։1, 11, Ղուկ․6։6-9), սակայն, ակնհայտորեն, նրանք չէին հասկանում դրա իրական ոգին, դրա «սրբության» բնույթը։ Ինչպես կարելի է ենթադրել մարգարեի խոսքերից, հրեաները, շաբաթ օրը դադարեցնելով իրենց առօրյա աշխատանքային կյանքը՝ այդ ճանապարհով ձեռք բերված ազատ ժամանակը նվիրում էին իրենց քմահաճույքների իրականացմանը կամ էլ նույնիսկ «տոնական» դատարկախոսությանը։ Ի հակադրություն այդպիսի անարժան կերպով ժամանակը վատնելու եղանակին՝ ճշմարիտ շաբաթը, մարգարեի զարգացրած մտքի համաձայն, պետք է լինի «սուրբ» օր, այսինքն՝ պիտի նվիրված լինի Աստծուն և մերձավորներին ու լեցուն պիտի լինի աստվածահաճո մտորումներով և մերձավորի նկատմամբ գործուն սպասավորության իրականացումով։ Շաբաթ օրվա միայն այսպիսի տոնակատարումը՝ բարոյական լիակատար բավարարվածության հետ մեկտեղ, կարող է հոգևոր մեծ ուրախություն պարգևել և իսկապես ազատագրել առօրյա կյանքի իրարանցումներից։ Ի գայթակղություն փարիսեցիների Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրավոր կայնքի ընթացքում բազմիցս ցույց տվեց շաբաթ օրը ճշմարտապես պահելու վսեմ օրինակը (Մատթ․ 12։1-14, Ղուկ․ 14։1-6 և այլ տեղիներ)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը:
(Արարատ թարգ․) «Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով,
(Գրաբար) Եթէ դարձուսցես զոտն քո չառնել զկամս քո յաւուրն սրբութեան. եւ կոչեսցեն զշաբաթսն փափուկս նուիրեալս Աստուծոյ, եւ փառաւորեալս: եւ ոչ փոխեսցես զոտն քո ի գործ, եւ ոչ խաւսեսցիս բան ինչ բարկութեան բերանով քով.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: