Ա. Լոպուխին
7-8․ «Նրանց ոտքերը վազում են դեպի չարիքը, և նրանք շտապում են անմեղ արյուն հեղել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ամայություն և մահ կա»։ [7] «Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհները, և նրանց ուղիներում դատաստան չկա, նրանց ճանապարհները խոտորված են, և դրանցով ընթացողներից ոչ ոք չի ճանաչում խաղաղությունը»։ (Սինոդական թարգ․)
Եթե մարգարեն ավելի վաղ խոսում էր արյամբ շաղախված «ձեռքերի» մասին, ապա այստեղ, բնութագրման ամբողջականությունն ապահովելու համար, նա խոսում է նաև այն «ոտքերի» մասին, որոնք շտապում են գնալ չարիքի և մեղքի ճանապարհով։ Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Եսայի մարգարեն խորապես ներթափանցում է նմանատիպ իրավիճակի պատճառների մեջ՝ իրավացիորեն դրանք պայմանավորելով մտքերում և խորհուրդներում իշխող ամբարշտությամբ․ «Նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են» (7-րդ համար)։ Իր վրա ուշադրություն է սևեռում նաև այս ամբողջ հատվածին բնորոշ զուգահեռականությունը Սաղմոսաց գրքի բազմաթիվ համանման հատվածների հետ (Սաղմ․ 5։6-7, 10, 7։15, 9։28, 11։3, 13։1-3, 27։2-5 և այլ տեղիներ)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց ոտքերը դէպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արիւն թափել. նրանց խորհուրդներն անզգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշուառութիւն:
(Արարատ թարգ․) Նրանց ոտքերը վազում են դեպի չարություն, և նրանք շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ավերում և քանդում կա։
(Գրաբար) Ոտք նոցա ի չարիս ընթանան, վաղվաղեն հեղուլ զարիւն անպարտ: խորհուրդք նոցա` խորհուրդք անզգամաց. բեկումն եւ թշուառութիւն ի ճանապարհս նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: