Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով:
Եվ եղավ այն տարի, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա.
Ոզիան բարեպաշտ թագավոր էր, և բազում ողորմություններ արեց, ինչպես պատմում է Չորրորդ Թագավորությունը, բայց քանի որ համարձակվեց [մտնել տաճարի սրբության սրբոց] ու խունկ գցել, բորոտացավ, և ժողովուրդն էլ անփույթ գտնվեց [Աստծո օրենքի] հանդեպ: Այդ պատճառով Աստված բարկացավ և արգելեց մարգարեների տեսիլքը, և նրանց չէր պատասխանում: Եվ երբ Ոզիան մեռավ, այնժամ այս տեսիլքը երևաց:
Հարց. Ի՞նչ է, որ ասում է Ավետարանը. «Աստծուն ոչ ոք չի տեսել երբեք» (Հովհ. 1։18). մինչդեռ Եսայի մարգարեն ասում է՝ Տեսա Տիրոջը (6։1):
Պատասխան. Իրար հակառակ չեն, որովհետև «Աստծուն ոչ ոք չի տեսել» խոսքը վերաբերում է Աստծո բնությանը, էությանը. որը եղականներիցս մեկն իսկ չի կարող տեսնել։ Մարգարեների տեսնելն ընդգրկելի է, մինչդեռ Աստված բնությամբ անընդգրկելի է: Իսկ մարգարեն տեսավ՝ որքան ի զորու է տեսնելու մարդը՝ կերպարանքներով և նմանությամբ: Ուստի պարզ է, երբ ասում է «Տիրոջը տեսա նստած» (6։1), իսկ Աստված ամենուրեք է [և լցնում է ամեն ինչ], Աստված անընդգրկելի է, և անպատշաճ չէ՞ նրան [վերագրել] նստելը:
Եվ ի՞նչ է նստելը. նախ նշանակում է խոնարհվելը և զիջելը:
Երկրորդ՝ Աստծո հաստատուն, անեղծ, անփոփոխ էությունն է նշանակում, ինչպես Երեմիան է ասում, «Մենք կկորչենք և դու կնստես հավիտյան» (հմմտ.Ողբ 5։19):
Երրորդ՝ «հանգիստը» սուրբերի մեջ աստվածային կամքն է նշանակում, ըստ այնմ, թե՝ «Ես ու՞մ վրա հանգչեմ, եթե ոչ հեզերի և խոնարհների» և այլն (66։2):
Չորրորդ՝ Աթոռին նստելը դատել ու պատժել է նշանակում, ըստ այնմ՝ «Աթոռին նստեցիր դատավորդ արդարության,, (Սղմ. 9։5):
Հինգերորդ՝ բարձր ու վեհ աթոռին նստելը բոլոր արարածների վրա նրա անհասանելի գերբարձրյալ թագավորությունն է մատնանշում, ինչը երևում է նրա շուրջը խմբված սերովբեների ահով: Ըստ այն խոսքի, թե «Աստված մեծ թագավոր է երկրի վրա» (Սղմ. 46։3): Իսկ ասելը, թե՝ «Տաճարը լի է նրա փառքով» (6։1). նախ փառքը հրաշալիքների ներգործման համար է ասում:
Երկրորդ՝ փառքը լույսն է, ըստ առաքյալի. «Այլ է արեգակի փառքը և այլ է լուսնի փառքը» (1 Կորնթ. 15։41):
Երրորդ՝ [այդպես է] անվանվում գերապայծառ աստվածային լույսը:
Չորրորդ՝աստվածավայելուչ գեղեցկությունը փառք է անվանում:
Հինգերորդ՝ փառքը, որ տաճարում էր, Սուրբ Հոգու շնորհն էր, որ ամպի նման հովանի էր սեղանին:
Հարց. Ի՞նչ է նշանակում՝ թևերն անմարմինների վրա:
Պատասխան. Նախ նրանց արագաշարժությունն է ցույց տալիս և մարդկանց համար Աստծո հրամանին պատրաստ լինելը:
Երկրորդ՝ ցոււց է տալիս որ բարձր են ստորին խորհուրդներից:
Երրորդ՝ նրանց պահպանությունն է ցույց տալիս, համաձայն Աստծո [կամքի], ինչպես մարգարեն է ասում. «Ծածկվենք քո թևերի հովանու ներքո» (Սղմ. 16։9): Իսկ վեց թևերից «երկուսով երեսը ծածկելը, երկուսով՝ ոտքերը, և երկուսով՝ թռչելը» (6։2) նախ այն է ցույց տալիս, թե անկարելի է Աստծո մեջ տեսնել սկիզբն ու վախճանը, քանզի անսկիզբ և անվախճան է, սակայն որոշ միջոցներով, այսինքն՝ օրինակների միջոցով աշխարհի արարված լինելն ենք տեսնում: Դարձյալ՝ երեսների ու ոտքերի ծածկելը՝ Աստծուն նայելիս [նրանց համակած] ահագին, սաստիկ երկյուղն է ցույց տալիս, ինչպես մենք ճայթյունից կամ փայլատակումից զարհուրում ենք և հակում մեր գլուխները: Իսկ միջին թևերը ցույց են տալիս հարատև սերը, որ Աստծո հանդեպ ունեն անփոփոխ կամքով, ինչպես ասացինք թևերի մասին: Իսկ մեկ առ մեկ աղաղակելը նախ ցույց է տալիս պատկառանքը, ինչպես մարդիկ ամաչելով մեծամեծներից չեն համարձակվում նրանց դեմ հանդիման կանգնել, այլ մեկը մյուսի ետևն են անցնում: Դարձյալ՝ մեկը փառաբանություն էր երգում և մյուսին էր փոխանցում, և ոչ թե աշխատում էին, այլ պահպանում էին կարգավորությունը: Իսկ երեքսրբյան երգաբանությունը նախ Աստծո փառաբանությունն է, որ միշտ մատուցում են:
Երկրորդ՝ մարգարեություն է հանդերձյալ կյանքում աստվածպաշտության մասին, որ լինելու է:
Երրորդ՝ վկայությունն է մեր հաստատուն և անմերժելի կրոնի՝ դավանելով Աստծուն երեք Անձնավորությունների մեջ և նրա մեկ Աստվածությունն ու Տերությունը:
Ա. Լոպուխին
Օզիա թագավորի մահվան տարում ես տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր և վերամբարձ աթոռին, և Նրա պատմուճանի ծոպերը լցրել էին ամբողջ տաճարը: (Սինոդական թարգ․) [1]
1-4 համարներ: Եսային իր վեհանձն ծառայության համար Մովսեսի, Երեմիայի և Եզեկիելի նմանողությամբ կանչվեց հատուկ աստվածային հայտնության միջոցով: Նա Աստծուն տեսավ որպես տիեզերքի թագավորի, Ով փառահեղ կերպով բազմած էր Իր տաճար-պալատում: Նրան շրջապատում էին հրեշտակային անդրանցական հոգիները՝ սերովբեները, որոնք բարձրաձայն խոստովանում էին Բարձրյալի սրբությունը և Նրա մեծ փառքը, որի առջև անգամ նրանք էին իրենց թևերով ծածկում իրենց կերպարանքը:
«Օզիա թագավորի մահվան տարում», այսինքն՝ 740 թվականին: Սուրբ Եփրեմ Ասորու կողմից փոխանցված ավանդության համաձայն՝ Եսայի մարգարեին անսահմանորեն վրդովվեցրել էր Օզիա թագավորի հանդուգն վերաբերմունքը տաճարի հանդեպ, ուր թագավորը համարձակվել էր մտնել խունկ ծխելու համար: Մարգարեն քուրձ էր հագել՝ որպես սգի նշան, և այն կրեց ընդհուպ մինչև Օզիա թագավորի մահը: Հենց թագավորի մահվան տարում էլ Եսային հանդիսավոր հայտնության միջոցով կանչվեց իր ծառայությանը (Սուրբ հայրերի ստեղծագործություններից՝ ռուսերեն թարգմանությամբ, հատոր 20, էջ 237-238):
Եվսեբիոս Կեսարացին ավելի բացահայտորեն նշում է, որ միայն Օզիայի՝ Աստծուն բարկացրել թագավորի մահից հետո մարգարեն կարողացավ հայտնություն ստանալ Աստծուց, Ով թագավորի մեղքի պատճառով մինչև այդ պահը երես էր թեքել հրեա ժողովրդից (Collectio selecta Ecclesiae Patrum / Ed. A.B. Caillaut et M.N.S. Guillon. Pars 24. Lipsiae, 1829–1939. Էջ, 28–29): Թեոդորոս Երանալին էլ իր կողմից ավելացնում է, որ Տերը որոշ չափով բարկացել էր անգամ Եսայու վրա, որը լռում էր այն օրերին, երբ Օզիան Տաճարի հանդեպ նմանատիպ հանդգնություններ էր թույլ տալիս իրեն: Նորագույն շրջանի մեկնիչները (օրինակ՝ Nä gelsbach K.W.E. Der Prophet Jesaia. Bielefeld, Leipzig, 1877. (Theologisch homiletisches Bibelwerk: Die heilige Schrift Alten und Neuen Testaments mit Rücksicht auf das theologisch homiletische Bedürfniß / Hrsg. J.P. Lange; Teil 14). S. 84–85) իրականությունն ավելի պարզ եղանակով են բացատրում՝ նշելով, որ Եսային անհրաժեշտ էր հենց ա՛յդ ժամանակաշրջանում:
Ինչո՞ւ է մարգարեն իր կանչվելու մասին խոսում 1-5-րդ գլուխներում զետեղված մարգարեություններից հետո: Շատ հավանական է, որ Եսային ցանկանում էր առաջին հինգ գլուխներում ընդգծել իրեն ժամանակակից հրեա ժողովրդի կենսակերպը, որպեսզի իր ուղերձն ամբողջությամբ մոտիվացնող ստացվեր:
Եսային տեսավ Աստծուն, իհարկե, ոչ մարմնավոր աչքերով, այլ հոգու աչքերի միջոցով, երբ գտնվում էր մարգարեական հափշտակության մեջ (էքստազ): «Եսային լսեց Տիրոջ ձայնը,- ասում է սուրբ Բարսեղ Մեծը, որի այս խոսքերն առնչվում են հենց Եսայու հայտնությանը,- սակայն մարմնավոր լսողությանը ոչինչ չէր «հասնում»» (Սուրբ հայրերի ստեղծագործություններից՝ ռուսերեն թարգմանությամբ, հատոր 6, էջ 253 և 260):
«Տիրոջը»՝ Ամենակալին, եբրայերեն՝ «Ադոնայ», այսինքն՝ աշխարհի, տիեզերքի Տիրակալ: Հստակ է, որ այստեղ «Ադոնայ» բառը տեղադրված է «Յահվե» բառի փոխարեն, որը սուրբգրային հեղինակներն առհասարակ խուսափում էին օգտագործել՝ այդ բառի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով: Որոշ հայրեր և Եկեղեցու վարդապետներ Հովհաննու Ավետարանի խոսքերի հիման վրա, թե «Եսային տեսավ Նրա փառքը» («Նրա», այսինքն՝ Աստծո Որդու, հմմտ. Ես. 12:41), ենթադրում են, որ մարգարեին երևացել է հենց Աստծո Որդին: Մարգարեն հինգերորդ համարում ասում է, որ իր աչքերը տեսել են Զորությունների Տիրոջը (եբրայերենից թարգմանաբար՝ «Զորքերի Տիրոջը», այսինքն՝ Հայր Աստծուն): Հովհաննես առաքյալն էլ, երբ ասում է, որ Եսային տեսավ Աստծո փառքը, դրանով չի ժխտում, որ մարգարեն այդուհանդերձ տեսել է նաև Հայր Աստծո և Սուրբ Հոգու փառքը:
Տաճարը, որի մեջ Եսային տեսնում է Տիրոջը, կարող էր լինել ինչպես երկրային՝ Երուսաղեմի տաճարը, այնպես էլ երկնային տաճարը (հմմտ. Գ Թագ. 22:19): Քանի որ մարգարեն չի բացահայտում, թե ինչպիսի տաճար նա ի նկատի ունի, ինքնըստինքյան ամենահավանական տարբերակը թվում է այն, որ նրա խոսքերում պետք է տեսնել ակնարկ ամենքին հայտնի Երուսաղեմի տաճարի մասին, մանավանդ որ այստեղ առկա են հիշատակություններ Երուսաղեմի տաճարի մի շարք պարագաների մասին (խնկարկության զոհասեղանի և ակցանների՝ 6-րդ համար): Սակայն քանի որ մարգարեն գտնվում էր հոգեզմայլության մեջ, ուստի Երուսաղեմյան տաճարը նրան թվում էր ավելի լայնարձակ մեծությամբ:
«Պատմուճանի ծոպերը» արտահայտությունը եբրայերենից ավելի ստույգ թարգմանելու դեպքում կստացվի «թիկնոցի եզրերը»: Ամենակալ Թագավորը մարգարեին ներկայանում է երկար ու լայն թիկնոց 1. հագած երկրավոր թագավորի նմանողությամբ զգեստավորված:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն տարին, երբ մեռաւ Օզիա արքան, տեսայ Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերացած աթոռին, իսկ տաճարը լի էր նրա փառքով:
(Արարատ թարգ․) Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։
(Գրաբար) Եւ եղև յամին յորում մեռաւ Ոզիա արքայ, տեսի՛ զՏէր նստեալ յաթոռ բարձրութեան և վերացելոյ. և լի՛ էր տունն փառօք նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: