Ա. Լոպուխին
18-22․ «Քո երկրում այլևս լսելի չի լինելու բռնությունը, ոչ էլ ամայացումն ու կործանումը՝ քո սահմաններում, և քո պարիսպները «փրկություն» ես կոչելու, իսկ քո դարպասները՝ «փառաբանություն»»։ [18] «Արևն այլևս քեզ որպես ցերեկային լույս չի ծառայելու, և լուսնի փայլը քեզ չի լուսավորելու, այլ Տերը կլինի քո հավիտենական լույսը, և քո Աստվածը՝ քո փառքը»։ «Քո արևն այլևս մայր չի մտնի, և քո լուսինը չի թաքնվի, քանի որ Տերը քեզ համար հավիտենական լույս կլինի, և քո սգի օրերը պիտի վերջանան»։ «Եվ քո ժողովուրդը, բոլորը արդար պիտի լինեն, հավիտենապես պիտի ժառանգեն երկիրը՝ Իմ տնկած տունկը, Իմ ձեռքերի գործը՝ Իմ փառավորման համար»։ «Սակավից հազարը կառաջանա, և ամենից թույլից՝ ուժեղագույն ժողովուրդ։ Ես՝ Տերս, շտապում եմ իր ժամանակին կատարել դա»։ (Սինոդական թարգ․)
18-22-րդ համարները մարգարեական այս խոսքի վերջին, եզրափակիչ հատվածն է, որը մարգարեաբար Սիոնին պսակում է հավերժական, անսպառ փառքով։
Այս հատվածի ամբողջ բովանդակությունը, որում խոսվում է հավիտենական, անմար Լույսի մասին, որն ի զորու է փոխարինելու մեր այժմյան լուսատուներին («արևն ու լուսինը», 19-20-րդ համարներ), Աստծո ամբողջ ժողովրդի արդարության մասին, նրանց խոստացված երկրի հավիտենական ժառանգության (21-րդ համար) և նրանից սերող բազմաթիվ և զորեղ սերունդների մասին (22-րդ համար), ինչպես երևում է, վկայում է, որ այն, նախորդ հատվածի վերջավորության նմանողությամբ, վերաբերում է ոչ այնքան քրիստոնեական, որքան հայտնութենական ժամանակաշրջանին, այսինքն՝ փառքի թագավորության հայտնությանը։ Այս գաղափարի ծանրակշիռ հաստատումը այս երկու հատվածների սերտ համապատասխանությունն է Հովհաննես Աստվածաբանի Հայտնության զուգահեռ հատվածների հետ ո՛չ միայն իմաստային առումով, այլ նաև նույնիսկ բառերով։ «Եվ քաղաքն իր լուսավորման համար այլևս չունի ո՛չ արևի կարիքը, ո՛չ էլ լուսնի, քանզի Աստծո փառքը կլուսավորի նրան, և նրա լուսատուն Գառն է։ Փրկված ժողովուրդները կքայլեն նրա լույսի մեջ, և երկրավոր թագավորները նրա մեջ կբերեն իրենց փառքն ու պատիվը։ Նրա դարպասները ցերեկը չեն փակվի, իսկ գիշերներ այնտեղ չեն լինի․․․Եվ անմաքուր ոչինչ այնտեղ չի մտնի, և ոչ ոք՝ մատնված գարշելիության և ստի, այլ միայն նրանք, ովքեր Գառան մոտ՝ կյանքի գրքում են գրված» (Հայտն․ 21։23-27, հմմտ․ Հայտն. 22։5)։
Սույն գլխի մեկնաբանության վերջաբանում ավելորդ չենք համարում նշել, որ այս գլխի մարգարեական աշխարհայացքի լայն հեռանկարը և նրանում երեք պատմական ժամանակաշրջանների (հինկտակարանյան ժամանակաշրջանի ավարտի, նորկտակարանյան և հայտնութենական ժամանակաշրջանների) տարբերակման որոշակի անորոշությունը Սուրբ Գրքի նմանատիպ այլ հատվածների հետ միասին, պատճառ են հանդիսացել երկու սխալ տեսակետների ձևավորման համար․ առաջինը՝ րաբբիական՝ Մեսիայի օրերում «վշտի» և «ուրախության» մասին տեսակետն է, մյուսը՝ հին քրիստոնեական՝ հազարամյա երկրավոր թագավորության մասին տեսակետը, որը հայտնի է «խիլիազմ»-ի հերետիկոսություն անունով։ Սակայն այս մոլորություններից ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ինչպես մենք տեսանք, ոչ մի իրական հիմք չունի ներկայիս գլխի բնագրում, և հետևաբար այդ թյուր տեսակետների առաջացումը պետք է վերագրել միայն Սուրբ Գրքի արտաքին իմաստի սխալ ըմբռնմանը և ներքին ոգու անբավարար յուրացմանը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն:
(Արարատ թարգ․) Քո երկրում այլևս լսելի չեն լինելու բռնությունը, ոչ էլ քո սահմաններում՝ ավեր ու քանդում. դու քո պարիսպները կոչելու ես Փրկություն և քո դռները՝ Գովաբանություն։
(Գրաբար) Եւ ոչ եւս լիցի անիրաւութիւն յերկրի քում, եւ ոչ բեկումն եւ թշուառութիւն ի սահմանս քո. այլ կոչեսցին ի փրկութիւն պարիսպք քո, եւ դրունք քո ցնծութիւն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: