Եսայու մարգարեության մեկնություն 64:10

Ա. Լոպուխին

10-11․ «Քո սրբարանի քաղաքներն անապատ դարձան. Սիոնն անապատ դարձավ, Երուսաղեմն ամայացավ»: [10] «Մեր սրբության ու մեր փառքի տունը, որտեղ մեր հայրերը փառաբանում էին Քեզ, կրակով այրվել է, ու մեր բոլոր հարստությունները թալանվել են»: (Սինոդական թարգ․)
   
   «Քո սրբարանի քաղաքներն անապատ դարձան…Երուսաղեմն ամայացավ: Մեր սրբության ու մեր փառքի տունը…կրակով այրվել է…» - Որպես ողորմածության արժանանալու իր հանդուգն խնդրանքի արդարացում՝ Իսրայելը մատնանշում է իր քաղաքական ու կրոնական ծանր ճգնաժամը, երբ նրա բոլոր, երբեմնի ծաղկուն քաղաքներն ավերակների ու անապատների էին վերածվել, երբ նրա աստվածապետական թագավորության մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, թալանվել էր, երբ այրվել էր անգամ հինկտակարանյան տաճարը՝ հրեա ժողովրդի ազգային միասնության ու կրոնական սրբության այդ գերագույն կենտրոնը: Այս նկարագրությունը, Դիլլմանի արդարացի նկատառման համաձայն, խիստ նման է «Երեմիայի ողբը» գրքի բովանդակությանը ու, մասամբ էլ, 78-րդ սաղմոսին: Իսկ այս ամենն էլ անմիջականորեն կապ ունի Բաբելոնյան գերության ժամանակ տեղի ունեցած արհավիրքների հետ: Այստեղից մենք ենթադրում ենք, որ Եսայի մարգարեն նույնպես այս հատվածում խոսում է, առաջին հերթին, իրեն շատ մոտ կամ նույնիսկ իր իսկ ժամանակներում կատարված իրադարձության մասին, իսկ հետագայում արդեն մարգարեական- փոխաբերական կերպով ակնարկում է ապագայում հռոմեացիների կողմից Երուսաղեմի վերջնական կործանման մասին, ինչպես որ կարծում են սուրբ հայրերից շատերը (Հերոնիմոս Երանելի ու սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի): Այս վկայությունները կարևոր են սույն գրքի ժամանակագրությունը հաստատելու համար. ինքնին հասկանալի է, որ այն չէր կարող գրված լինել Բաբելոնյան գերությունից հետո (ինչպես որ կարծում են ռացիոնալիստական (բանապաշտական) ուղղության ներկայացուցիչները), քանի որ այդ ժամանակ Երուսաղեմն ու տաճարը կրկին վերականգնվել էին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քո սուրբ քաղաք Սիոնն աւերակ դարձաւ, Երուսաղէմը՝ անապատ:
(Արարատ թարգ․) Քո սուրբ քաղաքներն անապատացել են, Սիոնն անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայություն։
(Գրաբար) եւ քաղաք սրբութեան քոյ Սիովն եղեւ աւերակ: իբրեւ զանապատ եղեւ Երուսաղէմ: