Եսայու մարգարեության մեկնություն 65:25

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը:
   
   Գայլերն ու գառները միասին պիտի արածեն։
   Ոմանք Հուդայի ու Եփրեմի վերաբերյալ են կարծում այս խոսքերը՝ կանխատեսելով գերեդարձից հետո միաբանությունը, սակայն այդ տեսակետն այդքան էլ չի պատշաճում այստեղ, որովհետև այնտեղ երկու իշխանությունները երկու գազանի նմանությամբ են ցուցադրվում, մինչդեռ այստեղ մեկը գազան է, իսկ մյուսը՝ գառ, որ այլաբանություն է, քանի որ [ցույց է տալիս] հափշտակողներին և անմեղներին, այսինքն՝ մեկ Եկեղեցու մեջ հավաքված բռնակալներին ու ռամիկներին, որոնք մեկ ավազանի ծնունդ են՝ որ ընդունեցին նույն սուրբ Հոգին ու միասին ճաշակեցին Քրիստոսի մարմինն ու արյունը:
   Առյուծը եզի նման հարդ է ուտելու։
   Այսինքն՝ գազանաբարոները թողեցին իրենց բարքերը և մտան հեզ առաքյալների վարդապետության ներքո:
   Օձը հողն ուտելու է հացի նման։
   Այսինքն՝ նենգավորները պիտի գոհանան իրենց ինչքերով:
   Ու մեղք չեն գործելու Իմ սուրբ լեռան վրա։
   Այսինքն՝ բովանդակ տիեզերքում կառուցված նոր Երուսաղեմի որդիներից որևէ մեկը չի վնասվելու: Իսկ «սուրբ լեռ» է անվանվում Եկեղեցին՝ նախ անառիկ ամրության պատճառով, ըստ այս խոսքի. «Դժոխքի դռները չեն հաղթելու դրան» (Մատթ. 16։18): Երկրորդ՝ բարձրագույն ավանդների պատճառով, որոնցով Եկեղեցին կատարում է Աստծո որդեգրության պատարագի խորհուրդը, նաև՝ մեղքերի թողությունը, աստվածախոս հրամանները և այլ մեծամեծ խորհուրդները, որոնք ավանդված են Եկեղեցու միջոցով:
   

Ա. Լոպուխին

«Գայլն ու գառը միասին պիտի արածեն, և առյուծը, ինչպես եզը, հարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրև կերակուր. նրանք չպիտի չարիք պատճառեն և չպիտի վնաս հասցնեն Իմ ամբողջ սուրբ լեռան վրա», - ասում է Տերը»: [25] (Սինոդական թարգ․)
   
   Այս համարներում շատ արտահայտիչ կերպով նկարագրվում է երկրի վրա ամեն տեսակի չարիքի լիակատար վերացումը, երբ այլևս հնարավոր պիտի լինեն այնպիսի անհաշտելի ծայրահեղություններ, ինչպիսին է, օրինակ, խաղաղաբար միասին արածող գայլի ու գառի պատկերը: Եվ նույնիսկ լինելու է այնպես, որ բոլոր գազանները կորցնելու են իրենց իրենց գիշատիչ բնազդները և սկսելու են սնվել բույսերով (հմմտ. Ես. 11:6-9):

--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Գայլն ու գառը միասին պիտի արածեն, առյուծը խոտ պիտի ուտի արջառի նման, և օձի կերակուրը հող պիտի լինի։ Չպիտի վնասեն և չպիտի փչացնեն իմ ամբողջ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։
(Գրաբար) Յայնմ ժամանակի գայլք եւ գառինք ի միասին ճարակեսցին, եւ առեւծ` իբրեւ զեզն յարդ կերիցէ, եւ աւձ` զհող իբրեւ զհաց կերիցէ. մի մեղիցեն եւ մի վնասեսցեն ի լերին սրբութեան իմոյ ասէ Տէր: