Ա. Լոպուխին
10-11. Եվ Տերը շարունակեց խոսել Աքազի հետ ու ասաց. [10] «Քեզ համար նշան խնդրիր քո Տեր Աստծուց. նշան խնդրիր կա՛մ անդունդներում, կա՛մ բարձունքներում»: (Սինոդական թարգ․)
10-16 համարներ: Նկատելով Աքազի անհավատությունը Եսայու խոսքերի նկատմամբ՝ Աստված մարգարեի միջոցով նրան առաջարկում է որևիցե ցանկալի նշան խնդրել: Սակայն Աքազը, արդեն իսկ հստակորեն որոշած լինելով իր գործողությունները, չի կամենում որևէ մի պարտականություն ստանձնել Բարձրյալի հանդեպ և կեղծավոր պատճառաբանությամբ հրաժարվում է նշանից: Այդժամ մարգարեն, բարկանալով այդ հանդգնությունից, Տիրոջից մի նշան է խնդրում, որը պետք է Դավթի արքայատոհմին վստահություն ներշնչեր արշավող թշնամիների հարձակման վտանգից անմասն մնալու մեջ: Կույսը մի որդի կծնի, որին կկոչեն Էմմանուել, և մինչև որ այդ Էմմանուել-մանուկը կսկսի զանազանել չարն ու բարին, Հուդան ամբողջությամբ կազատվի թշնամիներից:
«Եվ Տերը շարունակեց». Տիրոջ անունը («Յահվե») հավանաբար տեղադրված է մարգարեի անվան փոխարեն, որը, հնարավոր է, ի սկզբանե գրված է եղել կրճատ տարբերակով:
«Քեզ համար նշան խնդրիր». այսինքն՝ խնդրիր մի այնպիսի բան, որը քեզ կվստահեցնի, որ մարգարեի խոսքերն անտարակույս կատարվելու են:
«Քո Տեր Աստծուց…». Աքազը դեռևս ամբողջությամբ կռապաշտ չէր դարձել: Նա, ինչպես որ երևում է 12-րդ համարից, արտաքուստ ընդունում էր ճշմարիտ կրոնը, սակայն դա նրան չէր խանգարում իրականացնելու Երուսաղեմի տաճարի և օտար աստվածների պաշտամունքը (Բ Մնաց. 28:2-4):
«Կա՛մ անդունդներում, կա՛մ բարձունքներում», այսինքն՝ նշան կա՛մ անդրաշխարհից (որը կարող էր նշանակել մահացածի հայտնվելը), կա՛մ էլ երկնային տիրույթից (ամպրոպ, կարկուտ և այլն):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով.
(Արարատ թարգ․) Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ յաւել Տէր խաւսել ընդ Աքազու` եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: