Եսայու մարգարեության մեկնություն 9։1

Ա. Լոպուխին

 Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի մերձծովափնյա ճանապարհը, Անդրհորդանանյան երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։ (Սինոդական թարգ․) [1]
   
    Հրեա ժողովրդի կյանքի տխուր պատկերը մարգարեին ստիպում է իր հայացքը դարձնել դեպի այն լուսավոր ապագան, որը սպասվում է այդ ժողովրդին Մեսիայի գալստյամբ: Այնտեղ, ուր թագավորում էր ճնշող խավարը, պետք է լայնորեն տարածվեն կենսատու լույսի շողերը: Թշնամական լծից ազատված հրեա ժողովրդի ուրախությունը  չափազանց մեծ է լինելու, քանի որ նրա թշնամիների ոչնչացմամբ պետք է վերջ դրվի բոլոր տեսակի պատերազմներին: Այդպիսի երջանիկ բարեշրջման «պատճառը» պետք է լինի, ինչպես որ մարգարեն արդեն իսկ տեսնեմ է, աստվածաին բնությամբ ծնված Մանուկը, Որը հավիտենական թագավորություն կունենա և երկրի վրա կհաստատի արդարության և խաղաղության տիրապետությունը:

   Այս համարին տրամաբանորեն նախորդում էին 8:22-րդ համարի վերջին բառերը, որտեղ ասվում էր, որ «ոչ միշտ է խավար լինելու…»։ Մասորեթական տեքստում 3:1-րդ համարը տեղափոխված է 8-րդ գլուխ՝ որպես հավելադրված 23-րդ համար:

   «Անցյալ ժամանակներում»․ մարգարեն ի նկատի ունի, մասնավորաբար, Իսրայելի թագավորության կամ դրա թերահավատ շրջանակների տխուր ներկան և մոտ ապագան: Սակայն քանի որ նա Իսրայելի թագավորության և առհասարակ հրեա ժողովրդի գործողությունները դիտարկում է մեկ այլ տեսանկյունից՝ արդեն իսկ ողողված այն ուրախությամբ, որը Մեսիայի գալստյամբ պետք է պարգևվվեր մարգարեի ազգակիցներին, այդ իսկ պատճառով էլ թե՛ իր ժամանակաշրջանը և թե՛ դրան մոտակա ժամանակաշրջանը համարում է արդեն իսկ անցած մի շրջան, կարծես թե մի եղելություն 1,

   «Զաբուղոնի և Նեփթաղիմի երկիր» հասկացողությունները մարգարեի կողմից հիշատակվում են մյուս երկուսի փոխարեն, քանի որ, հավանաբար, դրանք տուժել են հիմնականում հյուսիսից եկած ասորեստանցիների արշավանքների պատճառով:

    «Մերձծովափնյա ճանապարհը»․ սա կարող է լինել այն ճանապարհը, որը ձգվում էր Տիբերական ծովի արևմտյան ափով և անցնում էր Հորդանանով (ավելի ճիշտ կլինի այդպես թարգմանել «էվվեր Գահհերդեն» արտահայտությունը, որը ռուսական սինոդալ թարգմանությունը փոխանցել է ոչ ճշգրիտ՝ «Անդրհորդանանյան երկիր» արտահայտությամբ):

   «Հեթանոսների Գալիլեա» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել «հեթանոս ազգերի շրջան» («հելիլ») ձևով: Այստեղ ենթադրվում է այն «շրջանը», որը հեթանոսներով էր բնակեցված ա՛յն ժամանակաշրջանից ի վեր, երբ Սողոմոնը Տյուրոս թագավորին նվիրեց այն՝ հատկապես Նեփթաղիմի տարածքը (Գ Թագ. 15:20, Դ Թագ. 15:29): Մատնացույց անելով այն հանգամանքը, որ նախկինում իսրայելացիներին պատկանող այդ տարածաշրջանը սկսել է կոչվել «հեթանոսների շրջան», մարգարեն այդպիսով ցանկանում է պարզորոշ ցույց տալ, թե ինչի մեջ է պետք փնտրել Իսրայելի թագավորության «անարգվելը»: Իսկ թե ինչումն էր լինելու այդ երկրի «փառավորվելը», մարգարեն այդ մասին խոսում է հաջորդ համարներում:

   Մատթեոս ավետարանիչն այդ մարգարեությունը կապում է Հիսուս Քրիստոսի՝ Գալիլեայում հայտնվելու հետ (Մտթ. 4:13-16):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք, Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, նաեւ միւսներդ, որ բնակւում էք ծովեզերքին եւ Յորդանան գետի այն կողմում, հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր:
(Արարատ թարգ․) Սակայն խավար չի լինի նրանց համար, որոնք նեղության մեջ էին։ Անցյալ ժամանակներում նա անարգեց Զաբուղոնի երկիրն ու Նեփթաղիմի երկիրը, բայց գալիք ժամանակներում փառավոր պիտի դարձնի ծովի ճանապարհը, Հորդանան գետի մյուս կողմում գտնվող երկիրը՝ հեթանոսների Գալիլեան։
(Գրաբար) Հապա նախ զայդ արբ, վաղվաղակի հետ արա. երկիր Զաբուղովնի` եւ երկիր Նեփթաղեմի` ճանապարհ ծովու. եւ այլք որ բնակեալ էք զծովեզերբդ, եւ յայն կոյս Յորդանանու. Գալիլեա հեթանոսաց, կողմանք Հրէաստանի: