Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի: Մարդ իր եղբօրը չի խղճալու,
Հարց. Ո՞րն է Աստծո բարկության տրտմության պատճառը.
Պատասխան. Պատճառը մեր մեջ եղած ախտերն են, որովհետև երբ մեր արյունը շարժվում է սրտի շուրջը, նրա գոլորշիները բարձրանում են ուղեղի շուրջբոլորը, և դրա հետևանքով խելագարվելով՝ մարդը հիմարանում է, անիրավ բաներ է խոսում ու գործում: Մինչդեռ այդպես չէ Աստծո պարագայում, քանզի Նրա տրտմությունը արդար հատուցում է պահանջում, որի պատճառով և մարգարեն ասում է. «Տիրոջ տրտմությունը դատաստանով իջնելու է բոլոր ազգերի վրա» (34։2):
Ա. Լոպուխին
19-21. Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։ [19] Եվ հափշտակելու են աջ կողմից, բայց քաղցած են մնալու, ուտելու են ձախ կողմից, բայց չեն կշտանալու։ Ամեն մարդ իր բազկի միսն է ուտելու։ Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ պիտի ելնեն։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջնում, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ (Սինոդական թարգ․)
Իսրայելի թագավորության ներքին զորությունը ոչնչացնող այդ անօրենության համար Տերն Իր զայրույթը կուղղի նրա դեմ, և այդ զայրույթը կրակի պես կլցնի Իսրայելի երկիրը։ Տիրոջ զայրույթի ամենից ակնհայտ վկայությունը պետք է լինեն այն ներքին բախումները, որոնք տեղի են ունենալու այնտեղ։
«Իր բազկի միսն է ուտելու», այսինքն՝ ոչնչացնելու են իրենց իսկ եղբայրներին ու ազգակիցներին, որոնք մարդկանց համար պետք է այնչափ թանկագին լինեին, որչափ սեփական ձեռքերը:
«Մանասեն Եփրեմին է ուտելու, Եփրեմը՝ Մանասեին»․ Այստեղ մարգարեն մատնացույց է անում այն արյունահեղությունները, որոնք առհասարակ տեղի էին ունեցել Իսրայելի թագավորությունում տարբեր ցեղերի առաջնորդների իշխանափոխության ժամանակ։ Յուրաքանչյուր ցեղ, իհարկե, որպես պահանջատեր էր հանդես գալիս՝ իր ցեղի իրավունքները պահանջելով (օրինակ՝ Դ Թագ․ 15։14, 30)։ Հիմնականում այդ իսկ պատճառով էլ Իսրայելի թագավորությունը շուտով կործանվեց։ Այն գոյություն ունեցավ 257 տարի և այդ ժամանակահատվածում ունեցավ քսան թագավոր։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի: Մարդ իր եղբօրը չի խղճալու,
(Արարատ թարգ․) Զորությունների Տիրոջ ցասումից այրվելու է երկիրը, և ժողովուրդն էլ հրո ճարակ է լինելու։ Ոչ ոք չի խնայելու իր եղբորը։
(Գրաբար) Վասն սրտմտութեան բարկութեան Տեառն հրձիգ լիցի երկիրն ամենայն. եւ եղիցի ժողովուրդն այրեցեալ իբրեւ ի հրոյ: Այր` եղբաւր իւրում մի ողորմեսցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: