Սրբ․ Գրիգոր Տաթևացի
5-6․ Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել, քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի:
Նույնիսկ եթե դրանք այրված լինեին, նրանք պիտի հոժարեին հատուցել, քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ․
Շատ տեղերում մարգարեները Քրիստոսի՝ ապագայում ծանուցվելիք խորհուրդը մերձավորագույն պարագաներում գուշակեցին: Եվ սա մի քանի պատճառով էր. նախ՝ որպեսզի ոչ թե անհամ, այլ ախորժելի լինի խոսքը, երկրորդ՝ որպեսզի բերված օրինակը մեծ վստահություն ներշնչի, երրորդ՝ որպեսզի ասես վարագույրով ծածկված մնա, մինչև այն կբացի Էմանուելն Իր գալուստով: Չէ՞ որ Մովսեսը, ակնարկելով Աստծո մարմնանալը, հմայողների ու կախարդների վերաբերյալ ժողովրդին ասում էր, թե մի՛ լսեք նրանց կախարդությունը. «Տեր Աստված նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարե մեջտեղ կհանի, նրա՛ն լսեցեք» (Բ Օր. 18։18): Եվ փարավոնի խստասրտության պատճառով նույն Մովսեսը գավազանը գետին նետեց, և այն օձ դարձավ, որը նշանակում էր Բանի մարմին լինելը: Իսկ Կորխի խառնամբոխի պատճառով էլ նա գավազանը խորանում դրեց, և այն ծաղկեց, ինչը նշանակում էր Քրիստոսի անսերմ ծնունդը: Եսայի մարգարեն էլ Աքազի թերահավատության պատճառով նշան տվեց, թե՝ «Կույսը պիտի հղանա և որդի ծնի» (7։14): Այստեղ ևս նկատելի է Եփրեմի և Հուդայի տան տասը ցեղերի նախանձը, որ դրսևորվում է մեր Տեր Հիսուսի նկատմամբ: Այդ մասին ասվում է, թե երբ մոգերը քաղաք մտան, «խռովքի ենթարկվեց Հերովդեսը և նրա հետ բովանդակ Երուսաղեմը» (Մատթ. 2։3):
Ասում է. Կամենում էին այրել»: Բայց ինչո՞ւ էին այդպես կամենում. քանզի մեզ համար ծնված մանուկը մերժեց նրանց: «Քանզի թեպետ,- ասում է Պողոսը,- նրանցից է ծնված մանուկը, նրանցից են ուխտերը, նրանցից են նահապետները, նրանցից է Քրիստոս» (Հռոմ. 9։4-5), բայց մեզ՝ հավատացյալներիս համար ծնված մանուկը Տեր և Փրկիչ եղավ: Եվ տե՛ս, որովհետև նախ «մանուկ» է ասում, դա Նրա մարմնանալն է խորհրդանշում, և հետո՝ Որդի, որ Միածին Բանն է, Որը Հոր էությունից է, քանզի Նրա Աստվածությունը ճանաչեցինք մարդեղությամբ: Դարձյալ, «մեզ» ասելը ցույց է տալիս, թե մարդանալն Իր համար չէր, այլ՝ մեզ, որպեսզի մեզ նորոգի և այն սկզբնական փառքին արժանացնի: Դարձյալ, ոմանք ասում են, թե այս խոսքերը վերաբերում են Եզեկիային, և թեպետ այս խոսքի ընթացքը չի արդարացնում այդ տեսակետը, սակայն այսուհանդերձ խոսքի մեջ ինչ-որ բան նրան՝ Եզեկիային է վերաբերում, և թեպետ այն մասնակիորեն ի դեմս Եզեկիայի է ասվում, բայցևայնպես Եզեկիան էլ նախատիպը և օրինակն էր իր Որդու՝ Քրիստոսի, Որը նրա տոհմից պետք է ծնվեր: «Նրա իշխանությունն իր ուսերի վրա էր» (Ես. 9։6): Սա չի պատշաճում մարդկանցից որևէ մեկին, ով ամեն ինչ ունի [միայն] շնորհով, մինչդեռ դա հատուկ է ծնվածներից լոկ մանուկ Հիսուսին, Ով բնությամբ և ըստինքյան ունի իշխանությունն ու ամեն ինչին տիրելու կարողությունը: Դարձյալ ասվում է, թե Խաչը Նրա իշխանությունն է, և Հիսուս այն վերցրեց Իր ուսերին ու բարձրացավ Գողգոթա, որով տիրեց բոլոր էություններին, համաձայն այն խոսքի, թե «Ինձ ամեն իշխանություն տրվեց երկնքում և երկրի վրա» (Մատթ. 18։18): Դարձյալ, այս խոսքը մեզ հասկանալի ձևով է ուսուցանում, որովհետև մեր պատկերացմամբ զորությունը մկանների ու բազուկների մեջ է, և Քրիստոս համարվում է Հայր Աստծո զորությունն ու բազուկը, Որն Իր զորությամբ տիրում է բոլորին:
Ա. Լոպուխին
Որովհետև ռազմական ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի հուրը նետվեն և կրակի բաժին դառնան։ (Սինոդական թարգ․) [5]
«Ռազմական կոշիկ», ավելի ճիշտ կլինի թարգմանել՝ «ռազմական ծանր կոշիկներ» (հռոմեացիները դրանք կոչում էին «caligae»):
«Հագուստը» զինվորական թիկնոցն է։ Այս հատվածից հասկանալի է դառնում, որ թշնամի զինվորները ոչինչ չեն ունենալու հագնելու համար, երբ որ արշավի դուրս գան ընդդեմ Իսրայելի, ուստի և հետևաբար, Իսրայելի թշնամիները հանգիստ են թողնելու նրան:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել,
(Արարատ թարգ․) Որովհետև ամեն կոշիկ, որ դոփել է ռազմադաշտում, և արյունաթաթախ հագուստը պիտի կրակը նետվեն և հրո ճարակ դառնան։
(Գրաբար) Զի զամենայն պատմուճան եւ զհանդերձ ժողովեալ նենգութեամբ, տուգանաւք տուժեսցին: Այլ նոքա կամէին թէ հրձիգ լեալ էին::

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: