Եվ մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէն: (գրաբար)

 

Այստեղ «փորձություն» ասելով հասկանում ենք մեզ հետ շարունակ մարտնչող չարի  ներգործությունը:  Բայց  ինչո՞ւ  չասաց «մարտ» կամ «պատերազմ», այլ «փորձություն»: Սրանով ցույց տվեց, որ չարն ինքնուրույնաբար մեզ հետ մարտնչելու իշխանություն չունի: Հապա ի՞նչ. նա մեր կամքից ու խորհուրդների՛ց է վերցնում պատերազմի  նյութը`  ըստ  այնմ.  «Ում  համար պատրաստում եք  ձեր  անձերը,  որ  հնազանդվեք, ծառա եք նրան, ում հնազանդվում եք, լինի մեղքին, թե արդարությանը» (հմմտ. Հռոմ. 6:16): Հակոբոսն էլ գրում է. «Ձեզանից յուրաքանչյուր ոք փորձվում է` հրապուրվելով ու խաբվելով իր ցանկություններից» (հմմտ. Հակոբ. 1:14): Ուրեմն պարզ է, որ փորձելու նյութը [չարը] մեզանից  է  վերցնում:  Ինչպե՞ս.  կերակուրների ցանկությանը որկրամոլություն սերմանող խորհուրդ է կցում, Աստծո փառքի ցանկությանն է կցորդվում և սնափառություն սերմանում, և այսպես բոլոր կրքերի մեջ մենք բարի սկիզբ ենք դնում, իսկ նա դրան չարն է խառնում: Եվ քանի դեռ մեզանից նյութ չի վերցրել, նրա մեքենայությունները չեն գործում, ինչպես հայտնի է Ավետարանից, որ Փորձիչն այն բանից հետո մոտեցավ Տիրոջը, երբ Վերջինս Իր քաղցած լինելը ցույց տվեց:

Բայց  ինչո՞ւ  է  «փորձություն»  ասվում: Որովհետև երբ մենք ցույց ենք տալիս մեր կարիքը, նա գալիս է և դրանով մեզ շարժելով` փորձում, թե հաստատո՞ւն ենք Աստծո հանդեպ սիրո մեջ, թե ոչ, և բնական կրքին ավելորդի ցանկությունն է խառնում: Օրինակ`  երբ  մեր  առաջ  մի  հաստատուն  վեմ ենք տեսնում, հույս չունենք, թե կարող ենք այն շարժել, սակայն երբ տեսնում ենք, որ այս ու այն կողմ է երերում, փորձում ենք, թե  կարո՞ղ  ենք  շարժվող  վեմը  տապալել: Մեր մեջ այդ շարժումը կերակուրների, անհրաժեշտ առարկաների, Աստծո փառքի ցանկություններն են. երբ չարը տեսնում է, որ սրանցից որևէ մեկում շարժվում ենք, գալիս փորձում է և բարի խորհրդին իր մեքենայությունները խառնում: Եթե կարողանում ենք օտարի և բնականի միջև ընտրություն կատարել, Աստծո շնորհով փրկվում ենք, իսկ եթե չենք կարողանում և փորձության խորհուրդները բարու տեղ դնելով` հավանում ենք, դրանք գործելով` ընկնում ենք [մեղքի մեջ]. կերակրի ցանկությամբ` պոռնկության  մեջ,  անհրաժեշտ  առարկաների ցանկությամբ`  արծաթսիրության,  Աստծո փառքի ցանկությամբ` սնափառության մեջ: Մենք մեր ցանկություններից խաբվելո՛վ հրապուրվեցինք, ինչպես գրեց Հակոբոսը, մեր անձը մեղքի խորխորատի մեջ գցելով, և փորձվելով`  անփորձ  գտնվեցինք  թշնամու [հարուցած] մարտում: Ուստի անհրաժեշտաբար զգուշացնելով` Տերը մեզ սովորեցրեց աղոթել. «Մի՛ տար մեզ դեպի փորձութ յուն»: Ո՛չ թե Աստված է տանում, քանզի «Աստված չարից չի փորձվում,- ասում է [Հակոբոս առաքյալը,- և Ինքն էլ ոչ ոքի չի փորձում]»  (Հակոբ.  1:13),  այլ  երբ  մենք Դավաճանողի  խարդավանության  պատճառով գնում ենք դեպի չարը իբրև դեպի բարին, Դու, որ տեսնում ես, որ դրա բնությունը չար է, իսկ մեզ բարի է թվում, երբ իրականում այդպես չէ, մի՛ թող, որ ինքներս մեզ ակամա չարիքի մեջ գցենք: Ինչպես երբ մեկը վախենում է որոշ մարդկանցից, թե բարի կերակրին խառնած մահարար թույն են իրեն խմեցնում, որ սպանեն, ասում է մի բժշկի. «Դու, որ հասկանում ես [սրանից], միշտ ինձ հետ եղիր, որպեսզի չլինի թե, [ուտելու]  անհրաժեշտ  կարիքի  պատճառով խաբվելով, սպանվեմ»: Այսպես էլ սա է ասում. «Մարմնիս կարիքի պահանջած անհրաժեշտությունների մեջ թույլ մի՛ տուր, Ամենատես, որ փորձվեմ և շեղվելով սասանվեմ»: Այս փորձությունների միջով անցնելով էր Հոբը գրում. «Փորձություն է մարդու կյանքը երկրի վրա» (Հոբ 7:1): Տերն էլ ասում է. «Գայթակղություններ պե՛տք է գան» (Մատթ. 18:7): Ինչո՞ւ: Որովհետև Գայթակղեցնողին ամբողջ կյանքում մեզ ընթացակից ունենք, բայց ո՛չ այնպես, ինչպես Աստծո ամենախնամ19 աջը, երբ Նրանից խնդրում ենք մեզ փորձության չտանել՝ ըստ այնմ. «Քո մի կողմում հազարներ կընկնեն...», բայց մի՛ վախեցիր, քեզ չեն մոտենա, որովհետև «բյուրավորներ են քո աջ կողմում» (հմմտ. Սաղմ. 90:7):

«Այլ փրկի՛ր մեզ չարից»: Չարից փրկել խնդրելով` աղոթողը ոչ միայն փորձությունից է խնդրում ազատվել, այլև ընդհանրապես չարի բոլոր մեքենայություններից: Ո- րովհետև հաճախ պատահում է, որ մարդկանց կամքն իբրև նյութ չունենալով էլ է վտանգներ պատճառում նրանց, ինչպես կարելի է տեսնել Հոբի դեպքում կամ մարտիրոսների, որոնց թագավորների ձեռքն էր մատնում, ինչպես նաև` երանելի հայրերի. մի՞թե Անտոնի կամքն էր իր համար նյութ դարձրել, երբ նրան չարաչար կերպով հարվածում էր: Այժմ էլ է իր չարությունն այդպես գործում շատերի հանդեպ, և այդ [փորձություններին]  մատնվում  ենք  Աստծո թողտվությամբ.  կա՛մ  որպեսզի  սրբերի  առաքինությունները չարին հաղթեն` իրենց փառք բերելով, իսկ թշնամուն` ամոթ, և կա՛մ որպեսզի չարի փորձությունների միջոցով երկյուղելով Աստծո պատժից` չար սովորությունից դեպի բարին դառնանք: Ուրեմն, ասում է, սրանցից փրկի՛ր մեզ: Ինչո՞ւ:  Որովհետև  եթե  մեղավոր  ենք,  Դո՛ւ պատժելով ուղղության բեր և մի՛ թող մեզ թշնամու ձեռքը, իսկ եթե արդար ենք, ինչպես կամենում ես, ընդունի՛ր և մի՛ փորձիր. գուցե մեր տկար բնության պատճառով անփորձ  գտնվելով`  կորստյան  մատնվենք,  որովհետև ամեն ոսկյա իր չէ՛, որ բովի մեջ մտնելով` անվնաս է դուրս գալիս, այլ հաճախ ունեցած փայլն էլ է կորցնում: Սա իմանալով` առաքյալը գրում էր կորնթացիներին. «Հավատարիմ է Աստված` ձեր կարողությունից ավելի մեծ փորձության մեջ ձեզ չգցելու, այլ փորձության հետ նաև ելք է տալու, որպեսզի կարողանաք համբերել» (հմմտ. Ա Կորնթ. 10:13): Ուստի Փորձողից փրկվել  խնդրելով`  [աղոթողն]  այս  հավատարմությունն է խնդրում ունենալ Աստծուց. «Փրկի՛ր մեզ, - ասում է, - չարից»: Սրանով ցույց է տալիս, թե` թեպետ Դու փորձություններով մեր օգուտն ես տնօրինում և մարտում տարած հաղթությամբ մեր պսակները շատացնում, սակայն վիճակված լինելով տկար ու դյուրապատիր մարմնի` ես ինքս փորձություն չեմ խնդրում, այլ դրանից փրկվել եմ միշտ աղոթում:

Արդարև մեր Տերը ամեն ինչով մեր նմանությամբ, առանց մեղքի, մեր տկար մարդկային  բնության  փորձն  առավ,  ճշմարտապես մեզ չարչարակից եղավ` փորձանավորներիս փորձն առնելով: Եվ քանի որ սրան հավատում ենք մանավանդնախապես կարգված աղոթքներում [արտահայտված Նրա] վշտակցությունից,  ուստի  հավատքի  միջոցով նաև Նրա օգնությունը ստանալով` միշտ մեր հոգու տկարությունն ենք ներկայացնում, ինչպես գրեց առաքյալը. «Հավատարիմ է Աստված` ձեր կարողությունից ավելի  փորձության  մեջ  ձեզ  չգցելու».  այսինքն` պետք է հավատալ, որ չի գցում: Որտեղի՞ց է սա հայտնի: Նրա կրած չարչարանքներից. որովհետև եթե Լույսը խավարից հալածվեց, խավա՞րն ինչ կկրի: Քանի որ  Լույս  էր,  Իրե՛նը  չկրեց,  այլ  դրանով մեզ ճանաչեց, որպեսզի մեզ նման լինի, քանի որ դյուրագայթ ենք: Ի՛նքը չմոլորվեց, քանի որ Աստված էր, այլ մեր մոլորությունը ճանաչեց, քանի որ մարդիկ ենք. մեզ` Իր եղբայրներին նմանվեց, որպեսզի Իր ողորմածությունը ցույց տա, և ողորմելիս հավատարիմ է, որովհետև չարչարակից է: Փորձեց, որպեսզի փորձանակից լինի, և հզորապես  օգնեց,  որովհետև  սովորեցրեց  մեզ փրկվելու համար աղոթել:

Փրկությունը Դո՛ւ ես, Հիսո՛ւս, ուրիշ ո՞ւմ վրա հենվենք. փորձանակիցը Դո՛ւ ես, ուրիշ ո՞ւմ ապավինենք. փորձություն թույլ չտվողը Դո՛ւ ես, ուրիշ ո՞ւմ մեզ ապաստան դարձնենք. ողորմածը Դո՛ւ ես, կարիքավորներս ուրիշ ո՞ւմ ոտքերից բռնենք: Նայի՛ր, Տե՛ր, փորձության ենթարկվածներիս ու տապալվածներիս, մատնվածներիս ու չարչարվածներիս, խոցվածներիս ու գիշատվածներիս, հարբածներիս ու հիմարացածներիս: Փրկի՛չ, որ սովորեցրիր փրկություն խնդրել, Քո միջոցով աղաչո՛ւմ ենք Քեզ, փրկի՛ր մեզ Որսողից: Եվ Դու օրհնյալ ես հավիտյանս: Ամեն:

 

Հաջորդը՝

Քանզի Քոնն  են արքայությունը,  զորությունը և փառքը հավիտյանս Ամէն

Նախորդը՝

Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին