Ա․ Լոպուխին
3-10․ Եւ այն տվեք Եղիազար քահանային, և այն բանակատեղիից կհանեն դուրս ՝ [մի մաքուր վայր], և այն կզոհեն նրա առջև, [3] և թող Եղիազար քահանան վերցնի նրա արյունը և յոթ անգամ այդ արյունը շաղ տա վկայության խորանի դիմաց, և այն թող այրեն նրա աչքերի առջև, նրա մորթը և նրա միսը և արյունը, նրա աղտելիքի հետ թող այրեն, և քահանան թող վերցնի եղևնու փայտ և զոպա և կարմիր թել, և նետի այրվող երինջի վրա, և թող քահանան լվանա իր զգեստները, և իր մարմինը լվա ջրով, և հետո նոր մտնի բանակատեղի, և մինչև երեկո քահանան անմաքուր կլինի։ Եվ այն այրողը թող ջրով լվանա իր զգեստները, և թող իր մարմինը նույնպես լվանա ջրով, և մինչ երեկո թող անմաքուր համարվի, և ինչ−որ մաքուր մարդ թող հավաքի այրված երինջի մոխիրը, և այն դնի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ, և այն թող պահպանվի Իսրայելի որդիների բազմության և մաքրության ջրի համար. այս զոհը մեղքերի համար է, և երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր զգեստները և մինչ երեկո անմաքուր թող լինի։ Թող սա Իսրայելի որդիների և նրանց մոտ բնակվող եկվորների համար հավիտենական օրենք լինի։ (Սինոդական թարգ․)
Զոհաբերությունը, հակառակ այլ զոհերի վերաբերյալ կանոնների, կատարվում էր բանակատեղիից դուրս։ Զոհաբերվածի արյան ցողումը կատարվում էր վկայության խորանի դռների ուղղությամբ (հայերենում՝ «վկայության խորանի դիմաց» տարբերակով է)։
Այրվող երինջի վրա քահանան եղևնու փայտ, զոպա և կարմիր թել էր նետում։ Հետևելով կարմիր երինջի զոհաբերության նախատիպային նշանակության մասին սուրբ Պողոս առաքյալի ցուցումներին (Եբր. 9։13, 14, 13։11−13)՝ եկեղեցու հայրերը պարզաբանում են, որ եղևնու փայտը Տիրոջ խաչի, կարմիր թելը՝ Տիրոջ արյան, զոպան՝ Քրիստոսի սրբարար և կենդանարար շնորհի զորության նշան է եղել։ «Մաքրե՛ք ինձ զոպայով,− ասվում է,− և մաքուր կլինեմ, լվա՛ ինձ, և կլինեմ սպիտակ, քան ձյունը» (Սաղմ. 50։9)։ Բանակատեղիից դուրս երինջի զոհաբերությունը կանխանշում էր Երուսաղեմից դուրս Փրկիչի չարչարանքները (տե՛ս երանելի Թեոդորոս, Թվոց գրքի մեկնաբանությունը, հարց 35, այդպիսի մեկնաբանություն է անում նաև Օգոստոս Երանելին)։
«Կենդանի (աղբյուրի) ջրի» հետ խառնված այրված երինջի մոխիրը մարդու վրայից օրինական անմաքրությունը հանելու միջոց էր։ Սա Նոր Կտակարանի ջրով և հոգով մկրտության խորհրդի նախատիպն է։ Սուրբ Հոգու մաքրագործող շնորհը Նոր Կտակարանում «կենդանի ջրի» (Հովհ. 7։38, 39) խորհրդանշական պատկերի ներքո է ներկայացվում։ Քահանայապետը ազատվում էր ժողովրդի մեղքերի համար կարմիր երինջ զոհաբերելուց, որպեսզի խուսափեր օրինական անմաքրությունից (տե՛ս համար 7), որը քահանայապետի համար անընդունելի էր։
Զոհաբերությանը մասնակցելու պարտավորություն ունեցողները, որպես մինչ երեկո անմաքուր համարվողներ, նախ պետք է մաքրագործման ծես կատարեին և հետո նոր մտնեին բանակատեղի։
Կարմիր երինջի մարմինը (ինչպես նաև մարդու դին) անմաքուր և իրեն դիպչողին պղծող էր համարվում, ինչպես առհասարակ մահվան հետ սերտ կապ ունեցող ու մահ ծնող մեղքի (Ծննդ. 3։19), այնպես էլ կարմիր երինջի՝ այրվող մեղքի խորհրդանիշի, առանձնահատուկ ու կոնկրետ նշանակության ուժով։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այն կը յանձնես Եղիազար քահանային: Թող հանեն դա բանակատեղիից դուրս մի մաքուր տեղ եւ մորթեն նրա առջեւ:
(Արարատ թարգ․) Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։
(Գրաբար) Եւ տացես զնա ցԵղիազար քահանայ: եւ հանցեն զնա արտաքոյ քաղաքին ի տեղի սուրբ: եւ սպանցեն զնա առաջի նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: