Թվոց գրքի մեկնություն 6։1

Ա․ Լոպուխին

1-2. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. [1] «Հայտարարի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. «Եթե տղամարդ կամ կին որոշի մեծ ուխտ անել, որպեսզի իրեն նվիրի Տիրոջը, (Սինոդական թարգ․)
   
   Հմր․ 1−2։ Մեծ ուխտը կամավոր ճգնավորական սխրանքի տեսակ էր, որը արվում էր  բարոյական վեհ նպատակներից ելնելով: Այս քայլին դիմողը «Ուխտով խոստում է տալիս, որ մաքրվելու է Տիրոջ սրբությամբ» (այսպիսին է սլավոներեն և գրաբար թարգմանության 2−րդ համարը): Ֆիզիկական (միևնույն ժամանակ նաև հոգևոր) անմաքրությունից իրեն զերծ պահելու պատվիրանը, խստագույն ձևով պարտադիր է դառնում ուխտյալի համար: Ոգու մշտամնա պայծառությունը և հոգևոր հավասարակշռությունը պահպանելու, ինչպես նաև սեփական անձը դեպի մեղքը տանող գայթակղություններից զերծ պահելու համար, ուխտյալը պարտավոր էր ձեռնպահ մնալ հարբեցնող ըմպելիքների օգտագործումից: Որպես բարոյական կորովի և մշտական առաքինության ​ու առաջադիմության խորհրդանիշ՝ ուխտյալի գլխի մազերը չէին կտրվում:
   Այս մեծ ուխտը կարող էր լինել ցմահ և ժամանակավոր: Ուխտի ընթացքում ուխտյալի ակամա պղծման դեպքում մաքրման հատուկ ծիսակատարություն էր տեղի ունենում (9-12−րդ համարներ), որից հետո սխրանքի իրագործումը սկսվում էր նորից «քանի որ նրա ուխտ արած գլուխը պղծվեց» (համար 12, համաձայն սլավոներեն և գրաբար թարգմանության): Մեծ ուխտի բարեհաջող ավարտն էլ նշանավորվում էր հատուկ ծիսակատարությամբ (13-21−րդ համարներ):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
(Գրաբար) Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի՝ և ասէ.