ՀԶՈՐ ԱՆՁԱՆՑ ՏԿԱՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Ավանդական հալվայի ու սուրճի հյուրասիրությունը նշանակում էր, որ հոգեճաշը հասել է իր ավարտին: Առաջինը մեկնեց պատրիարքը: Հովհաննես վարդապետն էլ կամեցավ մեկնել նրա հետ, բայց Խոսրով Մահտեսին, նրա թևից մտերմաբար քաշելով, նստելու նշան արեց: Հինգ հոգի մնաց ընդարձակ դահլիճում, որտեղ ծառաները նարգիլա բերեցին ծխելու: Կոլոտը հասկացավ, որ նրանք մտերիմ ու գաղափարակից ընկերներ են` մտահոգված ազգային ու եկեղեցական խնդիրներով: Խնդիրները, որոնց մասին խոսում էին, շատ օտար չէին հնչում Կոլոտի ականջին: Նրանց խոսածները իրա կանում մեզանից ոչ մեկին օտար չէին: Բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր անկյուններում մարդկությունը միևնույն բաների շուրջ է զրուցում ու վիճաբանում` տարբեր անուններով. քաղաքականություն, փող, կին, կրոն, պատերազմ, խաղաղություն, իրենց զավակները, անցյալի վերքերն ու ապագայի հույսերը...

Կոլոտը սիրեց այս մարդկանց, որովհետև նրանք խորը  հավատ ունեցող աշխարհականներ էին, ովքեր «Մահտեսի» էին կոչվում հայերի կողմից: Սա պատվո մի տիտղոս էր, որ ակնարկում էր նրանց` Երուսաղեմ ուխտի գնացած և Սուրբ Գերեզմանը տեսած լինելու հանգամանքը, իսկ «ամիրա» սկսեցին կոչվել պետության կողմից, որ հաստատում էր իշխանավորի նրանց հեղինակությունը: Ամիրաներից շատերը միայն իրենց անձնական հաջողությամբ ու հարստությամբ չէին բավարարվում, այլ իրենց քրիստոնյա հավատքից և ազգային գաղափարախոսություններից ներշնչված նպատակներ էին իրենց առջև դնում և լրջորեն մտահոգվում սոցիալական տարբեր խնդիր ներով:

Սակայն Կոլոտը ցավով նշմարեց նրանց խոսակցության ժխտական շեշտադրումը, որ համայնքային բոլոր հարցերի շուրջ հոռետես ու մռայլ աշխարհայացք էր արտահայտում: Նրանք չէին վստահում մյուս ամիրաներին ու չէին վարանում ծանր ածականներով նրանց վարկաբեկելու: Չէին հավանում իրենց եկեղեցականներին, վիճում էին Սահակ պատրիարքին փոխել-չփոխելու շուրջ, հիանում, բայց և ատում էին կաթոլիկ ճիզվիտներին վերջին նե րիս խառ նակ չու թյան  համար: Գանգատվում էին ազգային անմիասնականությունից, մերթ` հպարտու թյամբ էին խոսում հայության մասին,  մերթ` ամբաստանում էին մյուս ազգերից ցածրորակ լինելու  մեղադրանքով: Հայը չէր փափագում մյուս հայի հաջողությունը, հայերը հրեաների նման իրար չէին օգնում, հույների նման եկեղեցասեր չէին և ֆրանկների նման՝ լուսամիտ:

Այս մտածելակերպն ամենևին օտար չէր Կոլոտին. բոլոր դասակարգերում, գրեթե բոլոր մտերմիկ զրույցների ընթացքում իր մանկությունից ի վեր հազար անգամ լսել էր այս հանգերգը: Այդպիսի շաղակրատանքները մեծ մասամբ ճիշտ չէին: Դրանք ավելի շատ համատարած ժողովրդական զրախոսություններ և անհիմն ինքնազրպարտություններ էին, որոնք հավանաբար աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ այս կամ այն կերպով գոյություն ունեն: Բացի դրանից, ոչ ոք սրտանց չէր հավատում իր ազգը նկարագրող այդ տեսակ դժխեմ պատկերացումներին: Ուստի բոլոր հայերն էլ բնազդական վստահություն ունեին, որ իրենց ազգն ու եկեղեցին անկործանելի պիտի մնան մինչև աշխարհի վախճանը` հակառակ վերոհիշյալ բացասական ինքնաքննադատության: Սակայն Կոլոտը գոնե այս մարդկանցից ավելի լուրջ տեսությունների, խոր փիլիսոփայական մեկնությունների ու վերլուծումների էր սպասում, քանի որ ազգի ղեկը նրանց ձեռքում էր, և նրանք իրավունք չունեին ուժաթափ անող ազգակործան ինքնազրպարտություններին անձնատուր լինելու: Կոլոտը զարմացավ` տեսնելով, որ իրենց ասպարեզների վրա մռնչացող այդ առյուծներն ազգային գործերի մեջ մկան հոգեբանություն ունեն: Նրանք չէին գիտակցում իրենց խոսած բառերի զորությունը: Կոլոտի պարտականությունն էր նրանց վերհիշեցնել, որ ամեն ինչ բառերով է սկսվում, և բոլոր մեծ իրագործումների հիմքը մարմնավորված գաղափարներն են` ժպտումերես ու զվարթուն: Առիթը չուշացավ: Խոսրով Մահտեսին դարձավ Կոլոտին:

– Մի քիչ էլ դո՛ւ խոսիր, վարդապե՛տ: Նորից բարկացա: Քառասուն տարուց ի վեր նույն խնդիրներից ենք խոսում ու լռում: Իր պոչը բռնել ջանացող կատվի նման դառնում, կանգնում ենք նույն հարցերի վրա: Հոգնեցի: Թող վերջ տանք այս նյութերի մասին խոսելուն: Դու մեզ համար լավ բաներ խոսիր, վարդապե՛տ, որպեսզի մեր հոգին բարձրանա: Այս առավոտվա շեշտով խոսիր, մեր հավատքից խոսիր, մնացածը սուտ է, «Արևի տակ ամեն բան նույնն է»:

– Գիտեք, երբ կիսալուսին է, լուսնի վրա երկու իրականություններ են իրար մոտ գալիս` լույսն ու խավարը: Մի բանաստեղծ փայլող կեսը նմանեցնում է հայելու, որի վրա իր սիրելիի երեսն է տեսնում, իսկ ուրիշ բանաստեղծ խավար կողմը նմանեցնում է փտած խնձորի, որի մեջ իր կյանքի կորած տարիները և իր չար բախտն է տեսնում: Ինչո՞ւ եք դուք ձեզ վարժեցրել իրականությունների խավար կողմին նայելուն և ամեն ինչում փտած խնձոր տեսնելուն:

Ամիրաները մտածկոտ նայեցին իրար: Սարգիս ճարտարապետը դանդաղորեն պատասխանեց.

– Բայց իրապաշտությունն այդ է պահանջում. միամտություն կլինի, եթե խավարն անտեսենք ու միայն լույսը մատնանշենք:

– Ես այդ չեմ ասում: Նայեցե՛ք, դուք ճարտարապետ եք ու շատ լավ եք հասկանում ասածներս: Շենքի խավար կողմը կամ որևէ բանի ստվերոտ երեսը լույսի պակասի պատճառով է այդպես երևում: Ուրեմն խավարը որևէ բանի էության մաս չի կազմում: Եթե լույսը հայթայթեք, խավար կողմը կլուսավորվի:

– Ա սի՞նքն:

– Այսինքն` ձեր սրտի ու մտքի լույսը սփռեցե՛ք խնդիրների խավար կողմի վրա: Արտոնեք, որ անդունդները լուսավորվեն, և ուրվականներն անհետանան: Չկա անլուծելի խնդիր, կա միայն մթագնած աչք, որ ուր էլ նայի, ամեն ինչ իր տխրությամբ և հուսահատությամբ կվարակի՝ տեսնելով ամենուր միայն հանգույց ու թնջույգ: Մեր Տերն իզուր չի ասում. «Եթե աչքդ պայծառ է, ամբողջ էությունդ լուսավոր կդառնա: Իսկ եթե քո լույսը վերածվել է խավարի, ա՜հ, ի՜նչ մեծ խավար է այն»:

– Ուրեմն մենք լույս չունենք: Սա՞ ես ուզում ասել:

– Դուք լույս ունեք, բայց չգիտեք ինչպես այն դրսևորել: Մեր հավատը, հույսը և սերն աստվածատուր շնորհներ են, որ արևի նման ճառագայթում են դեպի մեր հոգու խոր քերը: Սակայն միշտ այդ լույսով չէ, որ դիտում ենք ներքին և արտաքին աշխարհները: Արևը միշտ գոյություն ունի, բայց գիշերն առանց նրա լույսի ենք աշխարհը դիտում: Ահա սրա համար է, որ Սուրբ Գրիգորը հորջորջվեց Լուսավորիչ. նա կարողացավ իր հավատի, հույսի և սիրո լույսը մեր ազգի բոլոր մութ անկյուններն ուղղելով` լուսավորել: – Մի քիչ մխիթարվեցինք, և եթե մեզ էլ սովորեցնես մեր լույսը դուրս հանել, ուրախ կլինենք, վարդապե՛տ:

– Մեր ներքին լույսի և արտաքին աշխարհի միջև բառերն են միջնորդ կանգնում: Եթե մենք մեզ և ուրիշների հետ գոտեպնդող, պարզ ու ուղիղ բառերով չխոսենք, մեզանից դուրս եկած խոսքերը կլինեն սխալ բառերի սև կախարդանք:

– Ահա, Վարդան վարդապետի պես սկսեցիր խոսել,– ուրախ կոչով ընդմիջեց Գառնիկ ամիրան,– վստահ եմ, որ այս պատմածներդ նրա ուսուցումներն են:

– Վարդան վարդապետի հրամանն էր, որ վանք մուտք գործող ամեն աշակերտ, առաջին օրից սկսած, անգիր սովորեր հետևյալ Հավատամքը. «Փրկությունը, չարի դեմ հաղթանակը և կատարելությունը կիրականանան միայն այն ժամանակ, երբ Աստծու Խոսքը մարմին առնի իմ խոսքի մեջ: Առաջին պարտականությունս աստվածային Խոսքն օր ու գիշեր պաշտելն է. այնքան ժամանակ, մինչև արյանս մեջ Խոսքը հոսի, բջիջներիս մեջ Խոսքը դռդռա, մտքիս բոլոր խոռոչները Խոսքով լուսավորվեն, և հոգիս Խոսքով հրդեհվի: Զինվորը  սուր ունի, որսորդը` նետ, իսկ վանականը` Աստծո բերանը՝ կապելու և արձակելու ամեն ինչ՝ ներառյալ ինքն իրեն»: Ըստ Վարդանի հոռետեսությունը սխալ խոսելու հիվանդություն է, մի տեսակ լեզվագարություն, որով տառապյալը նախ` իրեն է թունավորում ներքին խոսակցությունների մաղձով և ապա` թույնը թափում է իր շուրջը կանգնած նե րի վրա, քանի որ «բերանը խոսում է սրտի ավելցուկից»:

Դրսում աղմուկ լսվեց: Գավազների` գետինը դղրդացնող զարկից սթափված՝ դեպի պատուհան վազեցին` տեսնելու եկող բարձրաստիճան պաշտոնյային: Գավազները իրենց  յուրահատուկ համազգեստներով արարողական ոստիկաններ էին, ովքեր, իրենց գավազանների երկաթյա ծայրերն ուժգին գետնին զարկելով, ձայն էին հանում իբրև զգուշացում, որպեսզի մարդիկ ճանապարհ բացեին անցնող երևելի անձնավորության դեմ: Պատրիարքն ուներ այդպիսի երկու գավազներ: Երբ Խոսրով ամիրան տեսավ վեց գավազներին, հուզված գոռաց.

– Սարգի՛ս, տղա՛ս, շտապ ներքև վազիր. մեծ եպարքոսն է եկողը:

Բոլորը, խուճապի մատնված, դահլիճից դուրս վազեցին` դիմավորելու կայսրության ամենազորավոր անձին` վարչապետ Տամաթ Ալի փաշային, որ եկել էր Սարգիս խալֆային իր ցավակցությունները հայտնելու: Կոլոտն իր աչքերին չէր հավատում: Օսմանյան կայսրությունն այդ օրերին աշխարհի  ամենամեծ ու հզոր պետություններից մեկն էր համարվում` իշխելով Ղրիմից մինչև Ալժիր, Հունգարիայից մինչև Պարսկաստան ձգվող ընդարձակ տարածության վրա ապրող բազմաթիվ ազգերի, լեզուների և կրոնների վրա: Երբ Ալի փաշան մտերմաբար փաթաթվեց Սարգիս ճարտարապետին` անուշ խոսքերով մխիթարելով նրան, և մյուս ամիրաներին էլ դիմեց իրենց անուններով, այն ժամանակ Կոլոտը հասկացավ, թե այդ հայերն ինչպիսի մեծ քաղաքական ազդեցության և ուժի տեր մարդիկ են կայսրու թյան մեջ:

Վեր բարձրացան: Ոսկեզօծ պատերով զարդարված հյուրասենյակում ընդունվեց մեծ վեզիրը, ով անմիջապես հոգեճաշի հալվայով և սուրճով հյուրասիրվեց:

– Սուլթանի հետ ճաշի էինք (վեզիրը սուլթանի փեսան էր): Երբ տուն էինք վերադառնում, Մելիտոն ամիրան հիշեցրեց, որ այսօր Հրանտ ամիրայի քառասունքն է: Նրա հուղարկավորությանը չէի կարողացել գալ, հետևաբար ուզեցի, որ գոնե նրա քառասունքին իմ ցավակցությունները հայտնեմ:

Փաշան իր հետ բերել էր այդ հային, կամ ավելի ճիշտ` այդ հայն էր բերել փաշային: Մելիտոն ամիրան փայայի լումայափոխն էր, ինչպես նաև Անգլիայի դեսպանի թարգմանիչը և սուլթանի խորհրդատու մտերիմներից մեկը: Սակավախոս այս հայը Կոլոտի վրա մեծ ազդեցություն գործեց: Մելիտոն ամիրան այն յուրահատուկ մարդկանցից էր, որ առանց խոսելու տարօրինակ մագնիսականություն են տարածում իրենց շուրջ բոլորը, և ով մոտենա նրանց, ակամա կբռնվի նրանց ձգողականությունից: Հետո Կոլոտը լավ պիտի հասկանար, որ այդ մարդը կայսրության ամենահզոր հայն է, պալատական շրջանակներում նրա ազդեցությունը նույնիսկ Սարգիս խալֆայից էր ավելի մեծ:

– Պետք է խոստովանեմ, որ չէի սպասում այս մեծ պատվին, ես և տունս արժանի չենք Ձերդ գերապատվությանը հյուրասիրելու:

– Ես չեմ կարող ապերախտ գտնվել քո հոր աջակցությունների հանդեպ, ո՛չ էլ մոռանալ պալատում իմ հանդեպ նրա նեցուկ լինելը:

Վեզիրը մի պահ լռեց, աչքերը հեռուներն ուղղվեցին: Երևում էր` սևեռ վել է անց յա լի մի դեպ քի վրա:

– Նա ինձ փրկեց անողոք դավաճանությունից, որի հետևանքով նույնիսկ գլխիցս կարող էի զրկվել: Այսօր երախտապարտությամբ եմ ուտում նրա հոգեճաշի հալվան ու սրտանց աղոթում նրա հոգու լուսավորության համար: Աշխարհը բարի մարդ կորցրեց, կայսրությունը՝ իր հավատարիմ զավակներից մեկին, իսկ դուք կորցրիք անփոխարինելի հարազատի, ում պատվի ժառանգը պայծառապես շողշողում է ձեր ճակատի վրա:

Սարգիս խալֆայի երեսից երկու կաթիլ արցունք սահեց ներքև` լսելով այս դրվատանքները, ու սկսեց հուզված խոսել.

– Մենք նրան չկորցրինք, պարզապես Աստծուն հանձնեցինք, որպեսզի Իր սուրբ ափերի մեջ պահպանի նրա հոգին, ինչպես հողն է պահպանում ցորենի հատիկը վերջինիս մի նոր կյանքի համար: Այսօր մեր վարդապետն այդպես քարոզեց,– իր ձեռքով Կոլոտին ներկայացրեց վեզիրի ուշադրությանը,– Հայր Սուրբը Մշո Սուրբ Կարապետ վանքի վարդապետներից է, իր առաջին այցելությունն է մայրաքաղաք:

Մեծ Վեզիրը գլխով ողջունեց Հովհաննես վարդապետին և իր սև մորուքը շոյելով` հրամայական շեշտով իր խոսքն ուղղեց Կոլոտին.

– Վարդապե՛տ, դուք ինչո՞ւ ձեր գործը լավ չեք կատարում: Ինչո՞ւ լավ չեք խնամում ձեր հոտին և աչք փակում, որ վայրագ գայլերը հոշոտեն ձեր Եկեղեցու զավակներին:

Մի պահ լռեց` քննելու իր խոսքերի ազդեցությունն ունկնդիրների վրա և գոհ մնաց` սարսափով բացված նրանց աչքերը տեսնելով: Բերանները բաց՝ նրանք ուզում էին հասկանալ, թե իրենց բարի վարդապետի դեմ ուղղված այդ խիստ խոսքերի պատճառն ինչ է : Շատ չսպասեցին պատասխանը ստանալուն: Մելիտոն ամիրան լրացրեց այն, ինչ որ վեզիրն ակնարկում էր.

– Կաթոլիկները մեծ հարձակման են անցել` ողջ կայսրության տարածքում գտնվող քրիստոնյա հպատակներին լատինացնելու համար:

– Սա նորություն չէ,– պատասխանեց Գասպար Դպիրը մի քիչ սրդողած,– նվազագույնը քառասուն տարի է, ինչ այս հարցը մեր ազգի արնահոսող վերքն է:

– Բայց վերջին լուրերը, մասնավորապես` Անատոլիայից հասածները, շատ մտահոգիչ են: Օրինակ ` Սեբաստիայում հայկական գյուղերն ամբողջովին դավանափոխ են լինում իրենց եկեղեցականներով ու տաճարներով հանդերձ: Նույնիսկ եպիսկոպոսներ կան նրանց մեջ: Թեև մայրաքաղաքում էլ վիճակը շատ փայլուն չէ, բայց այստեղ միգուցե կարող ենք զսպել Հիսուսյան ճիզվիտների ախորժակը: Ձյունահյուսի նման բազմապատկվելով` այս խնդիրը մեծանում է, և ստիպված ենք եղել շատ խիստ կանխամիջոցների դիմելու:

– Մենք` որպես պետություն, անշուշտ, քննում ենք հարցն իր բոլոր մանրամասնություններով,– կրկին խոսեց վեզիրը,– սակայն չենք հասկանում Առաքելական Եկեղեցու անճարակությունը կաթոլիկ միսիոներների առջև: Մեզ ամենահավատարիմ ազգի լատին դառնալը մեծագույն աղետ կլինի կայսրության համար: Հռոմը չպետք է իր քիթը մեր սահմաններից ներս խոթի և կրոնի պատրվակով խառնակչություն ստեղծի:

– Իսկ Ֆրանսիա՞ն,– հարց տվեց Կոլոտը մեծ եպարքոսին` լավ իմանալով, որ Ֆրանսիան Օսմանյան կայսրության լավագույն դաշնակիցն է` մեծ առանձնաշնորհումներ վայելելով,- կաթոլիկ Ֆրանսիան ձեզ չի՞ մտ հոգում: Անհնար է, որ չիմանաք. բուն Ֆրանսիան է այս լատինացման գործընթացի ետևում կանգնած քաղաքական ուժը: Դրա համար կաթոլիկացած հայերն արդեն իրենց ֆրանկ են կոչում և ոչ  թե կաթոլիկ: Այս խնդիրն ավելի քաղաքական, քան կրոնական բնույթ ունի: Ֆրանսիան, եկող հարյուր տարիները նկատի ունենալով, իր ծրագրերն է մշակում Օսմանյան հողի վրա դաշնակից համայնքներ ունենալու համար: Մեր պետությունն ինչո՞ւ իր պարտականությունը չի կատարում այս քաղաքական հարձակման առաջն առնեու համար, քանի որ պետության անվտանգությունն է խնդրո առարկա:

– Մենք խիստ հրամաններ ենք ուղղել բոլոր նահանգներին ու կառավարիչներին, որպեսզի կասեցնեն միսիոներների շարժումները: Ես անձամբ տասից ավելի հրովարտակ եմ ուղարկել Անատոլիա:

– Դուք թուղթ եք ուղարկում կառավարիչներին, իսկ Ֆրանսիայի դեսպանը՝ ոսկինե՜ր` քսակ-քսակ, սնդուկ-սնդուկ ոսկինե՜ր, որպեսզի արգելք չլինեն այս շարժումներին  և օգնեն ծպտված կաթոլիկ ճիզվիտներին, որ շրջում են ամենուր անարգելաբար բժշկի, վաճառականի, ուսուցչի և կամ բարերարի կերպարով: Մուսուլման կառավարչի համար ի՞նչ տարբերություն. մի գյավուր դառնում է մի ուրիշ տեսակ գյավուր, իսկ դրամը կրոն չունի. նրա բոլոր աղբյուրները մաքուր են, այդպես չէ՞:

Կոլոտն ու վեզիրն իրար նայեցին: Կոլոտը քաղաքավարի կերպով օսմանական բարձրաստիճան պաշտոնյաներին էր ամբաստանում կաշառակերության համար, և ամեն մարդ գիտեր, որ ասածը ճշմարտություն է: Վեզիրը հասկացավ, որ այս վարդապետի տոպրակի մեջ բոլոր հարցերին պատրաստ պատասխաններ կան, ու չի վարանում դրանք դուրս թափելու, երբ գրգռվում է: Վեզիրն ուզեց Հայոց Եկեղեցին տկար ցույց տալ, բայց Վարդապետը խիզախ կերպով մատնանշեց պետական անճարակությունը և քաղաքական հակասությունն այդ հարցի շուրջ:

– Քեզ հետ ուրիշ առիթով ուզում եմ երկար խոսել, վարդապե՛տ: Մի օր հանդիպենք ու զրուցենք: Այսօր բավականին քաղաքականությամբ զբաղվեցի. իրավունք ունեմ մի քիչ հանգստանալու: Սարգի՛ս խալֆա, անցյալ անգամվա գինուց մնացե՞լ է, շատ հաճելի էր:

Անմիջապես խմիչքի սեղան պատրաստվեց վեզիրի առջև ճոխ աղանդերով:

– Դուք ինչո՞ւ չեք խմում:

– Մենք Սուրբ Ծննդյան պահքի մեջ ենք: Դուք հանգիստ խմեցեք:

– Միայն այստեղ` հայերի մեջ եմ այս հարամը հանգիստ խմում, առանց վախենալու: Ինչո՞ւ են հարամ բաներն այսքան համով, չգիտեմ:

Վեզիրն իր բոլոր վահանները վար դրեց ու նորմալ մարդու կերպարանք ստացավ: Խնդաց, կատակեց, դրամից ու կանանցից խոսեց, երբեմն հայհոյեց, և երբ գլուխը տաքացավ խմիչքի անուշ ազդեցությունից, «սրտի ավելցուկից» դուրս թափվեցին խոսքեր, որոնք առհասարակ ճնշվում ու հայտնաբերվում են միայն մտերիմ բարեկամների շրջ նակներում:

– Գիտեմ, դուք հիմա պահեցողության մեջ ինձ եք նայում և ասում, թե այս կեղծավոր մուսուլմանն իր կրոնի մեկ արգելքը ոտնակոխ է անում ու հարամով զվարճանում է:

– Քա՛վ լիցի, փաշա՛, մենք քաջ գիտենք Ձեր բարեպաշտությունը, թե որքան  բարի մուսուլման էք դուք: Մենք որևէ մեկի հավատը կերած-խմածով չենք չափում: Մեր մարգարեն ասել է. «Բերանից մտնողը չէ, այլ բերանից ելածն է մարդուն աղտոտում»:

– Այո՛, ի՞նչ անեմ, խելքս չի հասկանում խմիչքի այս արգելքը: Ինչո՞ւ են կրոններն այսքան լավ բաներն արգելում և հարամ հայտարարում, չեմ հասկանում: Այս ձևով մարդու կեղծավորության են մղում: Սուլթանը երեք օր առաջ մի նոր հրովարտակ ստորագրեց, որով խստիվ արգելվում է ոգելից խմիչքների գործածությունը մուսուլմանների կողմից մահվան սպառնալիքով: Հրովարտակը նախարարաց ժողովի և կղերականների առջև հանդիսավորությամբ հայտարարելուց և կնքելուց հետո սուլթանը գնաց խմելու, և երբ երեկոյան նրան հանդիպեցի, ինձ իր առջև նստեցրեց: Հարբած էր, իր գրած վերջին բանաստեղծությունը կարդաց ինձ համար` մանուկների նման լաց լինելով: Բերանից, անշուշտ, վարդի հոտ չէր բուրում: Ես էլ գիշերները միայն գինու և օղու օգնությամբ եմ փրկվում օրվա պրկությունից, ինչպես նաև, իհարկե...– հարբած փաշան խորամանկորեն իր շուրջը դիտեց և զգաց, որ իրեն և իր կրոնը բավականին խոնարհեցրել է հայերի առջև, հետևաբար Ժամանակը եկել էր` իր և իր կրոնի վարկը փոքր -ինչ բարձրացնելու:– Եվ, իհարկե, միայն խմիչքով չեմ հանգստանում,– ասաց` մորուքը շոյելով,–  կանանոցիս մեջ ունեմ այնպիսի հրեշտակ հուրիներ, որոնք երբ սկսում են մարմինս շոյել, երրորդ երկինքեմ փոխադրվում, հավատացե՛ք ինձ: Վերջերս եթովպացի մի կույս բերեցին. ա՜հ, ի՜նչ համով բան է: Սուրճի նման է, խմի՜ր, խմի՜ր, չես կշտանա: Ձեր կրոնն էլ, ահա, այս վատությունն ունի. արգելում է աշխարհի ամենահամով բանը և պարտադրում, որ մարդ ամբողջ կյանքն անցկացնի միայն մեկ կնոջ հետ: Այդպես չէ՞, հը՞, այդպես չէ՞: Խոստովանե՛ք, մի՛ վախեցեք:

Ամիրաներն իրար նայեցին ժպտալով. շփոթվել էին. ի՞նչ պատասխանտային փայային: Սակայն փաշան, մեկ քայլ առաջ անցնելով, խստացրեց իր հարցի սաստկությունը` խոսքն ուղղելով Կոլոտին.

– Այս խեղճերը գոնե մեկ կին ունեն, իսկ դու այդ էլ չունես: Ինչպե՞ս ես կարողանում որպես տղամարդ դիմանալ: Ես կանանոցիս մեջ քսանչորս կին ունեմ և էլի բավարարված չէմ:

– Է՜հ, առակը լավ է ասում. «Ախորժակն ուտելով է բացվում»,– ժպտալով պատասխանեց Կոլոտը:

Ամիրաներն ուզում էին իրենց վարդապետին այս հարցից պաշտպանել: Ըստ նրանց` կրոնավորները սեռականության հետ ոչ մի կապ չպետք է ունենային և նույնիսկ այդ տեսակ բաների մասին չպետք է խոսեին: Սակայն Կոլոտն ուրիշի կողմից պաշտպանվելու կարիքը չուներ: Առաջին անգամ չէր, որ այս տեսակ հարցի էր հանդիպում: Նա շատ լավ գիտեր, որ հավատացյալ ոչ մի քրիստոնյա նման հարց չէր ուղղի իր կուսակրոն հոգևորականին: Սակայն երբ որևէ մուսուլմանի հետ մի քիչ մտերմանում էր, գիտեր, որ նրանց առաջին հարցը միշտ այդ է լինելու: Նրանց համար կուսակրոնությունն իրապես անհասկանալի և անհավատալի երևույթ էր:

– Նպատակս քեզ վիրավորելը չէ, վարդապե՛տ, իսկապես չեմ հասկանում, թե ինչպես առողջ մարդն իր ողջ կյանքը կարող է անցկացնել առանց կնոջ դիպչելու: Այս գործի մեջ կա՛մ մի գաղտնիք կա, որ ես չեմ հասկանում, կա՛մ էլ դու ևս ինձ նման գաղտնաբար շրջանցում ես կրոնական այդ արգելքը, երբ առիթը ներկայանում է, հա՛, հա՛, հա՛:

– Դուք կարո՞ղ եք հարյուր կիլոգրամ ծանրություն վերցնել, վեհաշո՛ւք տեր:

– Ո՛չ, մանավանդ որ մեջքիս հետ կապված խնդիր  ունեմ, քսան կիլոգրամ էլ չեմ կարող:

– Իսկ հնարավո՞ր է, որ ուրիշ մեկն այդ ծանրությունը վերցնի:

– Իհարկե, հնարավոր է, տեսել եմ նույնիսկ հարյուր հիսուն կիլոգրամանոց տոպրակներ հանգիստ վերցնող բեռնակիրների:

– Ուրեմն այն, ինչ որ մեկի համար անհնար է, ուրիշի համար հնարավոր է: Ես գիտեմ նույնիսկ իրենց ամբողջ կյանքում կին չտեսած մարդիկ, ովքեր իրենց մանկությունից նվիրվել են վանքին, այնտեղ մեծացել, ապրել ու մահացել` առանց շփում ունենալու արտաքին աշխարհի հետ:

– Հարցս մի՛ ընդհանրացրու: Ես քեզ եմ հարցնում. դու ինչպե՞ս ես դիմանում:

– Երբ դժվարանում եմ, ծոմ կամ պահք եմ պահում սակավակերությամբ, բուսակերությամբ, գինուց, մսից և այլ զորավոր ուտելիքներից հեռու մնալով: Ինչպես որ կան կերակուրներ, որոնք սեռային ուժն են բարձրացնում, այնպես էլ կան ուտելիքներ, որ նվազեցնում են: Կան որոշ բույսեր ու սերմեր, որոնց հատուկ պատրաստությունը ևս օգնում է: Սակայն ամենակարևորը մտային ու հոգևոր պատրաստությունն է. այն, որ մարդը հավատա Աստծո օգնությանը: Մարդու մարմինը հետևում է նրա մտքին, որը եթե ուղղված է Աստծո հետ միանալուն, մասնավոր շնորհներ է ստանում. սա էլ հնարավոր է դարձնում այն, ինչը որ մարդկայնորեն շատ դժվար է թվում:

– Լավ պատասխանեցիր, վարդապե՛տ, բայց ես գիտեմ ձեր շատ եկեղեցականների (թռչուններս հաճախ ինձ լուր են բերում նրանց մասին), որոնք ինձ նման տկար են և գաղտնաբար կատարում են բնության կանչը:

– Ես էլ գիտեմ: Ես էլ որևէ ապահովություն չունեմ, որ մի օր կարող է նրանցից մեկը դառնամ: Իմ ուսուցիչը, որ սուրբ մարդ էր և Աստծուն շատ մոտ մեկը, երբ մեղքի ծանրության մասին խոսում էր, մեղքի երկու տեսակ էր առանձնացնում: Առաջին՝ հաճույքներ հետապնդող մեղքեր, որոնք մարմնի անցողական հողի վրա են գրվում, և երկրորդ՝ չարություն կամեցող ու ստեղծող մեղքեր, որոնք հոգու հավերժական ժայռի վրա են դրոշմվում:

– Փոքր -ինչ կբացե՞ս ասած ներդ:

– Սիրով: Առաջին տեսակի մեղքերը մարմնի բնազդական կրքերով ու հեշտասիրությամբ են զորանում և մարմնի հետ  էլ տկարանում են, մի օր էլ մարմնի հետ թաղվում են հողում: Ահա սրանք են մարմնի հողի վրա գրված մեղքերը, որոնք առհասարակ վնաս են տալիս միայն անձամբ մեղավորին և մոլության վերածված դեպքում մահացու մեղքերի դեմ են դուռ բացում: Իսկ երկրորդ տեսակի մեղքերը, հոգու մեջ թափանցելով, նրա պես հավերժական են դառնում ու նույնիսկ գերեզմանի մեջ են անընդհատ կրծում հոգին: «Նրանց որդը չի մեռնում, և կրակը չի մարում»,– ասում է սուրբ Ավետարանը: Ատելություն, ոխ, նախանձ, աններողամտություն, հպարտություն, ագահություն, բամբասանք, անհավատություն, անիրավություն և անարդարություն. ահա սրանք են ամենավտանգավորները՝ դժոխքի գույներով հոգու ժայռի վրա դրոշմվածները:

– Ես էլ շատ կուզենայի ճանաչել քո այդ ուսուցչին և երկար-երկար զրուցել նրա հետ,– ասաց վեզիրը մտածկոտ,– որովհետև նրա գաղափարները շատ մոտ են տարիներով իմ մտածածներին: Բայց և այնպես ես երբեք չկարողացա քաջություն ունենալ` հանգելու այս եզրակացություններին, և խիղճս դեռ տանջվելով` միանգամից խմում եմ այս հրաշալի ու այս անիծյալ բաժակը: Այս խնդիրն ավելի ընդարձակ պիտի քննարկեմ մեր խոջ ների հետ:

Մեկ ումպով բաժակը դատարկելով` վեր ելավ: Գնալու ժամանակը եկել էր: Բոլորը ներքև իջան` փաշային ու Մելիտոն ամիրային ճանապարհելու: Դռան առջև փաշան դարձավ Կոլոտին ու հարցրեց, թե ինչու է Պոլիս եկել: Կոլոտը համառոտ պատմեց սուրբ Կարապետ վանքի տնտեսական ճգնաժամի մասին: Փաշան մի քսակ մեկնեց Կոլոտին. – Վերցրո՛ւ, սա տալիս եմ հանգուցյալ Հրանտ ամիրայի հոգու համար:

Մելիտոն ամիրան էլ, Կոլոտի ուսին թփթփացնելով, ասաց.

–Առանց ինձ տեսնելու Պոլսից մի՛ մեկնիր:

Երբ նրանք գնացին, Սարգիս խալֆան իր հյուրերին մեկ ուրիշ սենյակ տարավ, որը լեցուն էր զենքերի հավաքածուներով: Հյուրերին ցույց տվեց Ամստերդամից բերված նոր հրացանները:

– Վարդապե՛տ, գիտեմ, սրանք քեզ շատ չեն հետաքրքրում, բայց որ սորդությունը մեր մեծագույն հաճույքներից մեկն է: Երանի գարնանը դու էլ այստեղ լինեիր: Սքանչելի վայրեր կան Պոլսում` մեզ շատ մոտ, քեզ էլ կտանեինք մեզ հետ:

Սարգիս ամիրան մի պահ կանգնեց և իր ձեռքը Հովհաննես վարդապետի ուսին բարեկամաբար դնելով` ասաց.

– Սրանք լոկ ժամանցի համար են: Սակայն կյանքում մնայուն զբաղմունքներ կան. դու հիշեցնում ես մեզ այդ արժեքների մասին: Փաշան իր քսակով մեզանից առաջ անցավ` քեզ օգնելու, բայց մեր քսակներն էլ քո տրամադրության ներքո են: Ամենակարևորը, սակայն, մեր սրտերն են, որ քո առջև բացեցինք: Երանի երկար մնայիր մայրաքաղաքում և մաս կազմեիր ազգօգուտ մեր ծրագրերին:

Կոլոտն ու Գասպար դպիրն ուղղվեցին դեպի Սամաթիայի իրենց տունը: Նրանց ընկերացավ Գառնիկ Մահտեսին, որ Ենիգաբուում՝ ճանապարհին պիտի իջներ: Այդ հրաշալի օրը Կոլոտի սրտում ժպիտ և աղոթք էր դրել: Իր մտքում արած հաշիվների համաձայն` ամիրաներից ստացած այս նոր նվիրատվությամբ սուրբ Կարապետի բոլոր պարտքերն ամբողջովին մարվում էին: Աննկարագրելի թեթևություն իջավ վրան: Ջերմ ու վսեմ մի զգացում պարուրեց հոգին ալիք -ալիք: Սրտի մեջ էին թափվում վանական եղբայրների ողջ ուրախությունն ու աղոթքները, որոնք Տերն էր փոխադրում Կոլոտի սիրտը որպես վարձատրություն. նա լցված էր խտացած սաստիկ հրճվանքով: Ականջներում հնչեց Վարդանի խոսքը, որ այդ պահի գեղեցկության մեջ Կոլոտի առջև իմաստի ամբողջ շքեղությամբ պարզաբանվեց. «Նրանք, ովքեր իրենց ուսերի վրա ուրիշների համար սիրահոժար կերպով ծանր բեռներ են կրում, մի օր պիտի զարմանան` տեսնելով, թե ինչպես են իրենց ուսերի վրա հրեշտակի թռչնաթևեր բուսնում՝ մարդկային հոգին երկնային պարերի սխրանքին կարող դարձնելով»:

 

Հաջորդ գլուխը՝

ՄՆԱ՞Լ, ԹԵ՞  ԳՆԱԼ