Մի քանի ժամ Վարդանը քնեց ավազների վրա: Արեգակը լեռների վրա իրիկնամուտի արյուն էր ծորում` իր կեսը զոհելով լեռնաշղթաների խորանի վրա: Սակայն ագահ լեռները կարճ ժամանակից հետո կուլ պիտի տային այդ ամբողջը: Վարդանը դողդողալով արթնացավ. ողջ մարմինը այրվում էր կրակների մեջ, հիվանդ էր զգում իրեն և տկար: Ցավով շտկվեց և նստեց ավազի վրա: Ծերունին նստած էր իր կողքին և անշարժորեն դիտում էր լիճը, վայելում նրա մեջ շողացող արեգակի ու ստվերների վերջին հիասքանչ շուրջպարը: Շրջվելով դեպի Վարդանը` թեթևակի հարվածեց նրա ուսին և ասաց.
– Բարի լույս, եղբա՛յր, բարի լույս: «Այս ի՞նչ բարի լույս է», – մտովի ինքն իրեն հարց տվեց Վարդանը, երբ գիշերն արդեն իսկ կլանում էր բոլոր լույսերը:
– Այլևս գիշերն անցավ քեզ համար անվերադարձ կերպով, այսուհետ դու ունես լուսավոր մի առավոտ, ո՜վ որդի լուսո և որդի տվնջյան:
Երկուսն էլ ոտքի ելան: Վարդանը դժվարանում էր քայլել, ոտքերը հազիվ էին կտրվում ավազից: Ծերունին շարունակեց խոսել.
– Այն, ինչ որ ապրեցիր, ո՛չ հասարակ մի տեսիլք էր, ո՛չ էլ մի հափշտակություն` առաջներում տեսածներիդ նման: Կրակից անցան բոլոր հյուլեներդ, միտքդ ու հոգիդ, և ստացար նոր մի դրոշմ` երկնային: Աներևույթ աշխարհի մեջ դու հռչակավոր ես այսուհետ. ծնվեցիր այնտեղ ու մահվանից կյանք անցար` առանց մեռնելու: Անունդ իմացան բոլոր սատանաները և հրեշտակները: Դո՛ւ, մարդորդի, ծովափի հարյուր միլիոնավոր մանրաքարերի մեջ պլպլացող մի ադամանդ ես այս աշխարհի վրա, մեկ հսկա սերնդի մեջ` մի բուռ ընտրյալներից մեկը:
– Այնքան էլ հավատալի չի թվում ասածներդ, բայց կրկին անգամ շնորհակալ եմ: Եթե մեկ ուրիշն ինձ ասեր այդ խոսքերը, ես նրան կասեի` «Կորի՛ր այստեղից, սատանա»: Ես հասկանում եմ, որ ինձ հետ հսկայական փոփոխություն է կատարվել: Բայց ավելի նպատակահարմար չէ՞ր, որ ամեն բան ավելի բարվոք ու հաջող ընթանար: Ինչո՞ւ հիվանդացա, ինչո՞ւ եմ դողում այսպես, – հարցրեց Վարդանը ծերունուն:
– Դու ձյունապատ մի գագաթ էիր, այժմ վերածվեցիր ահարկու մի հրաբխի, սակայն, այնուամենայնիվ, միտքդ դեռ չի գիտակցում այս ամենը տակավին ու իրազեկ չէ, թե ինչ կատարվեց քեզ հետ: Այսուհետև հոգուդ տան մեջ է բնակվում Ամենակարող Աստված, իսկ մտքիդ մեջ դեռևս խեղճ ու տկար Վարդանն է սմքում մարմնեղեն, կապկից մի փոքր ավելի խելացի` լոկ մի կենդանի: Տարիների ընթացքում այնքան վարժվեցիր անասունի մորթով շրջելու, որ չես գիտակցում, թե այժմ ի՞նչ պիտի անես հրեշտակի նորափթիթ թևերով: Բայց, այնուամենայնիվ, պիտի սովորես: Սակայն Վարդանն ամենևին տրամադրված չէր` ատվածաբանության նրբին թեմաներով զբաղվելու: Հիվանդ էր, պառկել ու հանգստանալ էր ցանկանում: Մտան մոտակա մի քարայրից ներս: Մի տաք ջերմության մոտ կանգ առան: Չոր ավազի վրա փռվեց Վարդանը: Դուրս գնաց ծերունին և այնուհետև վերադարձավ` մի քանի ճյուղեր և պտուղներ հավաքած: Ուժգնորեն ճյուղերը քսեց միմյանց, և անմիջապես բոցավառվեցին դրանք: Վարդանը կիսաբաց աչքերով, հոգնած դիտում էր ծերունուն և հիանում նրա թարմության և անհատնում կայտառության վրա: Ծերունին պտուղներ հրամցրեց Վարդանին, որն ուտել չուզեց, ախորժակ չուներ ամենևին:
– Նայի՛ր, – ասաց ծերունին Վարդանին` ջերմորեն սրտապնդելով նրան, – գանձը գտար, իսկ այժմ պետք է սովորես տիրանալ նրան, եթե ոչ, գանձի վրա նստած` մի մուրացկանի՞ ես փափագում վերածվել այսպես սմքած ու հյուսված, ինչպես մեր քրիստոնյա եղբայրներն են` ներքևում թափառող:
– Իհա՛րկե ուզում եմ սովորել, բայց ոչ այժմ: Մի քիչ քնեմ, շատ եմ հոգնած, ներիր ինձ, վաղ առավոտյան կզրուցենք անպատճառ:
– Ասացի քեզ, որ այլևս քեզ համար միշտ առավոտ է, և այս տկարությունը քո առաջին սերտելիք դասն է:
Բայց Վարդանը փակեց աչքերը և շրջվեց կողքի, կսկծեց և թևով ծածկեց երեսը: Վարդապետը բացահայտորեն դաս ստանալ չէր ցանկանում: Սակայն քունը չտարավ. մեկ աջ, մեկ ձախ շրջվեց անվերջ: Հոդերի ցավը քանի գնում, ավելի սաստկանում էր, ավազահատիկներն անգամ ցավեցնում էին նրա ոսկորները: Տասնհինգ րոպե մաքառելուց հետո, անքուն ու դժգույն, շտկվեց և նստեց: Ծերունին խաղաղորեն դիտում էր կրակը:
– Լա՛վ, սովորեցրու ինձ ինչպես Գանձին տիրանալ, ես պատրաստ եմ: Սակայն սկզբում բուժիր ինձ, խնդրում եմ, որպեսզի հանգիստ խոսենք, և ես հասկանամ քո ասելիքը կատարելապես:
– Ինչո՞ւ դու ինքդ չես բուժում քեզ: Որտե՞ղ, անհրաժեշտության դեպքում, անշուշտ, պիտի գտնես ինձ:
– Բայց ինչպե՞ս կարող եմ այդ անել:
Ծերունին մոտեցավ Վարդանին և խորաթափանց դիտեց նրա աչքերի մեջ:
– Աջ ձեռքդ մեկնիր, – ասաց ծերունին, – այժմ բաց արա և փակիր, բաց արա և փակիր, հասկացա՞ր:
Վարդանը նայեց ծերունու աչքերին` միաժամանակ անընդմեջ բացելով և փակելով ձեռքը: Հասկացավ Վարդանը ծերունու ասածը և նույնիսկ ավելին` անգամ չասածը, որ նրա մտքում էր: Շատ զարմացավ, որ այս բանից հետո այլևս ինքն էլ կարողանում էր կարդալ ծերունու մտքերը: Ծերունին մտովի բացատրում էր ձեռքի դասը, ասում էր լռելյայն.
– Ինչպե՞ս է շարժվում ձեռքդ և հլու–հնազանդ, անձայն, անմռունչ ենթարկվում քո հրամանին: Դո՛ւ ես հարյուրապետը` հարյուր անդամների վրա իշխող: Մեկին «արի» ես ասում, և գալիս է, իսկ մյուսին` «գնա», և գնում է: Ողջ մարմինդ սպասում է այսպիսի հրամաններ լսել քեզանից: Դո՛ւ ես, ով մարդորդի, դո՛ւ ես Հիսուսը, իսկ մարմինդ` մեռած Ղազարոսը: Ծերունին ժպտաց և գոհունակությամբ շարժեց գլուխը:
– Հասկացար, չէ՞, ասա՛ խոսքդ, և ծառան պիտի առողջանա:
Այդ պահից իսկ Վարդանը լցվեց մի տարօրինակ հավատքով ու պատվիրեց հեղինակությամբ. «Բժշկվի՛ր, ո՛վ մարմին իմ, ցավերը թող անհայտանան, ցանկանում եմ զորությամբ լցվել»: Այդ ինքնահրահանգից հետո Վարդանը ապրիլյան զեփյուռի զովությունը հիշեցնող մի հով զգաց, իր ոտքերի գարշապարից ներս մտավ մի շունչ կենդանի, զորությամբ օծեց նրան: Շտկվեց Վարդանը, թարմ էներգիայով պրկվեց նրա ողջ մարմինը, և մկանները լարվեցին աղեղների մի պիրկ զսպումով: «Ոտքի կանգնե՛լ եմ ցանկանում», – ասաց և ուժգնորեն վեր ցատկեց տեղից: «Վազե՛լ եմ ցանկանում այծյամների նման` սարերի վրա ազատ–համարձակ»:
– Ավելի՛ն ցանկացիր, ավելի՛ն, – գոռաց ծերունին, – ամեն ոք կարող է այդ անել, ավելի՛ն ցանկացիր: «Թռչել եմ ցանկանում», – ասաց Վարդանը և հանկարծ նույն պահին երկու մետր բարձրացավ տեղից ու օդի մեջ շվարած առկախվեց: Ծերունին անսահման ուրախացավ, երկու ձեռքերով ծափ զարկեց և ցնծագին ցատկոտեց տեղում.
– Այո՛, այո՛, Հոգին սիրահարվեց քեզ, պարել է ցանկանում քեզ հետ, մի՛ վախեցիր նրանից:
Վարդանն իր կյանքի պարը պարեց օդի մեջ` գրկախառնված Հոգու հետ: Քարայրը լցվեց վարդի գերիչ, զմայլելի բուրմունքով, ու լսվում էր աստղերի անիմանալի երաժշտությունը: Քարայրն այլևս նեղ էր Հոգու համար, որ դուրս հանեց Վարդանին դեպի անհունը` աստղազարդ, ընդարձակ երկնակամարի ներքո: Ծերունին վազեց նրանց ետևից: Արթնացել էին վաղուց քուն մտած, ճյուղերի վրա թառած բոլոր թռչունները: Այժմ ճռվողում էին միասնաբար և թռչկոտում ուրախ–զվարթ, աջ ու ձախ: Ամպերը տեղ բացեցին լուսնին, որպեսզի արծաթափայլ շողեր ցողի լճակի մակերեսին: Հոգին Վարդանին թողեց մի բարձր ժայռի վրա, որտեղից ծերունին ցերեկը ցատկել էր լճակի մեջ: Վարդանի ուրախ քրքիջից երջանիկ շարժվում էր ողջ բնությունը: Թողեց իրեն պարապության, սուզվեց, գլխիվայր մխրճվեց լուսնածոր լճի ծոցում ու լողալով հասավ ափ, որտեղ ծերունին` ժպտերես արդեն սպասում էր նրան: Դուրս եկավ Վարդանը լճից: Ջրերը արծաթյա հեքիաթային թելերով վազում էին նրա մազերից, ուսերից վար: Երեսը փայլում էր, և աչքերը` զույգ արևներ, կորով էին ճառագում:
– Չե՞ս մրսում այլևս, – հարցրեց ծերունին Վարդանին:
– Ինչո՞ւ մրսեմ, – ասաց Վարդանը, – չէ՞ որ ես եմ ցուրտը:
Վերադարձան քարայր, խոսեցին անվերջ: Այժմ էլ ծերունին էր ցանկանում մի քիչ հանգստանալ, բայց Վարդանը չէր թողնում նրան հազար ու մի հարցումներով: Արքայության գաղտնիքների որսորդն էր դարձել Վարդանը, ասպետականությամբ արշավում էր հրեշտակների բերդերի վրա ու անխնա թալանում երկնքի բոլոր գանձերը, և չէր բավարարվում այս հոգևոր Մակեդոնացին` իր ավարների ճոխությունից զմայլված ու արբեցած: Ծերունին բացատրեց հոգևոր կյանքի սկզբունքները և արեց պետք եղած զգուշացումները:
– Հոգևոր բաձունքները վտանգավոր են այնտեղ քայլողների համար: Անչափ դյուրին է այնտեղից ցած ընկնելը: Երեք տարի Հուդան Հիսուսի հետ մագլցեց աստվածային բարձունքները, իսկ երեք երկվայրկյանը բավարար էր, որպեսզի գահավիժի այնտեղից ցած ու փշուր–փշուր լինի անվերադարձորեն: Դաշտի մեջ սայթաքում ես, ընկնում ու վեր ես բարձրանում` ծնկներդ մի փոքր ցավեցնելով: Հոգևոր անդունդից ընկնելը անբացատրելի է, իմացիր: Ուշադիր եղիր եսիդ խաղերին: Չմոռանա՛ս, որ Մովսեսը չկարողացավ մտնել խոստացյալ երկիր` այդ բառի սխալ գործածության պատճառով, նույնիսկ միայն մեկ անգամ: Մի մանկանհամար հազար անգամ ներելի հանցանքը ձևավորված մարդու համար աններելի է: Սատանան կատարյալ էր, ուստի իր մեղքն էլ կատարյալ էր:
– Քո տրամադրության տակ դրված ուժերին տեր դառնալու հիմնական ճանապարհը` դրանք երբե՛ք ու երբեք չգործելն է քո եսի համար, նույնիսկ արդարացուցիչ պատճառներով: Քարերը երբե՛ք հացի չպետք է վերածես, նույնիսկ եթե մեռնելու լինես քաղցից, պիտի սպասես Նրա ժամանակին: Եթե Աստված ցանկանում է մահացնել քեզ քաղցածությամբ, թո՛ղ մահացնի: Այնուհետև ագռավները մի կտոր միս կբերեն քեզ համար, կամ երկինքը մանանա կցողի վրադ: Դու փաստիր, որ մեծ է քո հնազանդությունն ու սերը, քան ամեն մարմնական կարիքը, հեշտանքը, կիրքը կամ շահախնդրությունը: Գեթսեմանիի մեջ մեր Տերը չհաղթեց սատանային, այլ անկուշտ մարդկային բնությանը, որ սկսում է` բոլոր նախադասություններում «Ես»–ով վիժած և ավարտվում` «կուզեմ»–ով վրիպած: Երբ որոշ չափով կարիքների մեջ լինես, ասա նրան, որ քո մեջ է ու շուրջդ, ամեն տեղ: Քո սերը նրա հանդեպ փաստված է այլևս, այժմ Նա՛ պիտի ցանկանա փաստել իր սերը քո նկատմամբ, և մոտ ժամանակներս կհասկանաս, թե ինչպիսի՛ մի հզոր սիրեկան է Նա, որ անվերապահորեն պատրաստ է տալ քեզ իր այգու բոլոր ծաղիկները: Նույնիսկ առանց քո ցանկության պիտի շտապի քեզ ծառայել, ինչպես մայրը իր մանկանը, որպեսզի քո ժպիտը տեսնի և լսի շրթունքներից բացվող վարդը. «Փա՜ռք քեզ, Աստված, փա՜ռք քեզ»: Եթե Իր խոշոր ափով քեզ է տալիս մի շնորհ, ապա խլիր Նրա ձեռքից հավատքո՛վ: Այդ կերպը գոհացնող է Նրան, իմացի՛ր: Զաքարիայի նման մի՛ խաղա Նրա առջև խոնարհ ծառայի դեր, կբարկանա՛, ուշադիր եղիր: Սիրելի Մարիամը մեր` խոնարհ շուշանը դաշտերի, արդյոք մերժե՞ց Նրան, երբ Աստված մեկնեց նրան Տիեզերքի մեծագույն ադամանդը: Գթասի՛րտ եղիր բազմությունների նկատմամբ, հատկապես` աղքատների, բայց և այնպես, երբեք մի՛ վստահիր նրանց քո մարգարիտները: Ունեցիր աշակերտներ, սակայն կաթիլ առ կաթիլ տուր նրանց հոգևոր սնունդը: Առակներով խոսիր ու բացատրիր նրանց Աստծո Արքայության գաղտնիքները: Ե՛վ բացված դուռ է առակը, և՛ փակված, որտեղից մի՛միայն արժանավորը կարող է անցնել` ավելի հեռուն ընթանալու:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: